• 04/10/2022

Թուրք կուրատորները ադրբեջանցիներին համոզել են հանել Արցախի ԱԳՆ-ի վերացման հարցը, ինչին Հայաստանը նախապես համաձայնել էր

Թուրք կուրատորները ադրբեջանցիներին համոզել են հանել Արցախի ԱԳՆ-ի վերացման հարցը, ինչին Հայաստանը նախապես համաձայնել էր

«Իրավունք» մեդիա հոլդինգի զրուցակիցն է REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովը։

 

 

– Ձեր հարցազրույցներից մեկում դուք արտահայտել եք հետևյալ միտքը. «Կարծում եմ, որ Բաքվին անհրաժեշտ էր վերականգնել հավասարակշռությունը տարածաշրջանում ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի դեմ, որը հանկարծ չափազանց ազդեցիկ դաշնակից է դարձել»: Այս պահին տեսանելի հակասություններ կա՞ն այս երկրների միջև։

– Նախ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական և տնտեսական ներուժի պարզ համեմատությունը հստակ ցույց է տալիս, որ այս հարաբերություններում հավասարություն չի կարող լինել։ 10 միլիոնանոց Ադրբեջանը և 80 միլիոնանոց Թուրքիան: Բացի այդ, Թուրքիան էր, որ օգնեց Ադրբեջանին ղարաբաղյան վերջին պատերազմում, և ոչ հակառակը։ Ի վերջո, Ադրբեջանը չի օգնում Թուրքիային պայքարել քրդերի լեռնային հենակետերի դեմ։ Անդրկովկասում Ադրբեջանի արմատականությունը շտկողը հենց Թուրքիան է։ Վառ օրինակ է հայտնի՝ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներից մեկում ադրբեջանցիները Հայաստանից պահանջել են վերացնել, լուծարել Արցախի արտաքին գործերի նախարարությունը և ստացել դրական պատասխան։

-Վաղո՞ւց էր:

-Վերջերս: Բայց երբ թուրք կուրատորներն իմացան այս մասին, ադրբեջանցիներին համոզեցին այդ հարցը հանել օրակարգից։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի հետ հետագա սակարկության համար, կամ գուցե Թուրքիան իր որոշ նպատակներն ու խնդիրներն է հետապնդում այս քայլով, շատ ավելի մեծ մասշտաբներով, քան դրանք ունի Ադրբեջանը։ Թուրքիան այլ կարգավիճակ ունի և այլ խնդիրներ. Թուրքիան փորձում է հավասարակշռել տարածաշրջանում: 2020 թվականին Ադրբեջանին տրամադրելով արմատական, վճռական ռազմական օգնություն, Թուրքիան ակնհայտորեն չի ցանկանում, որ Բաքուն յուրացնի այս պատերազմի բոլոր արդյունքները։ Նա ցանկանում է շարունակել մատը զարկերակի վրա պահել: Կարծում եմ, որ իրավիճակը կառավարելու  (ինչպես նախկինում էր) այս ցանկությունը,  պատճառ դարձավ, որ Թուրքիան թույլ չտվեց վերացնել Արցախի ԱԳՆ-ն։ Դա կարող է թվալ անտրամաբանական, սենսացիոն, բայց դա սովորական տեխնիկական հավասարակշռության պահպանումն է, իրավիճակը վերահսկելու ցանկությունը։ Գուցե Թուրքիան վիրավորվել է, որ այս հարցում նախաձեռնությունը պատկանում էր Բաքվին, ոչ թե Անկարային։ Հատկապես հիմա, երբ հենց Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամերը դրդում են նրա առաջնորդ Էրդողանին արտաքին քաղաքական նոր հարվածային հաղթանակներ ձեռք բերել։ Եվ այս ճգնաժամերն արդեն իսկ թելադրում են Թուրքիայի աճող ագրեսիվությունը ռուսական Ղրիմի նկատմամբ և թելադրելու են Թուրքիայի սրված իմպերիալիզմը Հայաստանի և, հետևաբար, հենց Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ սառեցումը, որն արտաքուստ ստեղծվել է հենց Բաքվի կողմից, բառացիորեն դատարկ տեղում` տարանցման տեխնիկական խնդրի շուրջ, ակնհայտորեն դառնում է ավանդական զսպման գործիք, որը Անկարան կիրառում է Թեհրանի դեմ: Ուստի Ալիևին հավասարակշռության համար անհրաժեշտ էր ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ կետ Աղդամում՝ առանց տեսանելի գործնական նպատակների, բացառությամբ քաղաքական նպատակները։ Ինձ համար այստեղ կարևոր է, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է թելադրել իրավիճակը Ղարաբաղու` համաձայնվելով վերացնել Ղարաբաղի ԱԳՆ-ն, Հայաստանն ինքն է կասկածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը։ Սյունիքում սրացումներից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի տարածքային ցանկացած պահանջից, եթե Ադրբեջանը վերադառնա կարգավորման հինգ սկզբունքներին, որոնց հետ Փաշինյանն արդեն համաձայնել էր։ Ես չեմ կարող դավադրության տեսություն կառուցել, թե ինչու է Հայաստանն այսօր օգտագործում Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փաստացի ճանաչելուց հետո։

Ի՞նչ եք կարծում, կա՞ն գործոններ, որոնց մասին մենք չգիտենք։

-Դե, դա առաջին հերթին տնտեսական գործոն է։ Եթե ​​Ղարաբաղի պետականությունը լուծարվի, ապա Հայաստանը պետք է մտածի, թե ինչ անել մոտ 100 հազար բնակիչների հետ, ովքեր ստիպված են լքել Ղարաբաղը։ Սա` մեկ։ Երկրորդ՝ Հայաստանի ֆինանսական օգնությունը Ղարաբաղին հասել է 300 մլն ԱՄՆ դոլարի։ Ցանկացած մարդ կարող է նայել ու հաշվել՝ ո՞ւր են դրանք, այս 300 միլիոն դոլարը։ Ինչի՞ համար են դրանք ծախսվում։ Ես չեմ ուզում որևէ եզրակացություն և ենթադրություն անել, ես միայն ֆիքսում եմ այս հսկայական քանակության և Ղարաբաղի տարածքի ու բնակչության հակադրությունը։ Կարծում եմ, որ ոչ թե 300, այլ 100 միլիոն դոլարը բավական կլինի Ղարաբաղից ծաղկած այգի սարքելու համար։ Սա նշանակում է, որ այս 300 միլիոնի շուրջ շատ հետաքրքրված մարդիկ կան։ Եվ վերջապես, երրորդ կետը, որը  աչք է ծակում. Հայաստանը շատ հեշտությամբ համաձայնեց Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհին։ Բերձորը լքեց, թալանչիները մեծ թվով եկան: Երբ այս տարվա հունվարին գնացի Ղարաբաղ, այնտեղի տներում պատուհանների շրջանակներ ու դռներ չկային։ Կողոպտիչները մնում են կողոպտիչ, եթե նույնիսկ հայերեն խոսեն: Ղարաբաղցի պաշտոնյան, եթե չեմ սխալվում, Վիտալի Բալասանյանը գնաց նրանց խաղաղեցնելու՝ ասելով, որ ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես կա։ Որո՞նք են այդ պարտավորությունները:

-Իսկ ո՞ւմ առաջ։

-Այո, և ո՞ւմ: Իսկ ո՞վ կարող է ստիպել ղարաբաղցի պաշտոնյային գնալ  ու ոստիկանական գործառույթներ կատարել։ Բնականաբար` Երևանը:  Այստեղ ամեն ինչ վատ է։ 
-Վերադառնանք Սյունիքի իրադարձություններին:
-Կարեւոր չէ, թե, սկսելով ռազմական գործողություններ, ինչ պատճառաբանություն է օգտագործել Ադրբեջանը՝ իրական, անիրական։ Բայց այն, որ երկու կողմերն էլ այդքան մարդ կորցրին, հուշում է, որ երկու կողմից էլ մեծ ուժեր են բերվել մեծ ջարդի համար։ Այսինքն՝ սրանք ինքնաբուխ բախումներ չեն, սա պլանավորված ռազմական գործողություն է։ Երբեմն իմ հայ ծանոթներին հետաքրքրում է, թե արդյոք այս բախումները երկրների իշխող դասակարգերի համաձայնության արդյունք չեն։ Ճիշտն ասած, ես նման դավադրության ոչ նպատակն եմ տեսնում, ոչ էլ տրամաբանություն։

– Հայաստանում լուրեր են պտտվում, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ է քաշվում և պարտադրվում Ռուսաստանի կողմից։
-Ինչի՞ համար:
– Որպեսզի Թուրքիա խողովակաշարերն անցնեն այս միջանցքով՝ առանց Վրաստանի շուրջը շրջանցելու։
-Իսկ այս դավադրության տեսության կողմնակիցները որտե՞ղ են տեսել Զանգեզուրով անցնող խողովակաշարերի նախագծերը։
-Այս դեպքում ինչո՞ւ է Իրանը հստակ մատնանշել իր բացասական դիրքորոշումն այս միջանցքի առնչությամբ, իսկ Ռուսաստանը՝ ոչ։
-Իրանը խոսում է Հայաստանի հետ իր սահմանի մասին: Իսկ ո՞վ ասաց, որ Իրանը դեմ է, որ միջանցքը պայմանականորեն անցկացվի իրանա-հայկական սահմանից 30 կմ հյուսիս։ Ես ձեզ ուրիշ բան կասեմ. Իրանը միշտ ոչ պաշտոնական հարաբերություններ է պահպանել Ղարաբաղի հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը չի դադարում շնորհավորել Ադրբեջանին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ։ Միաժամանակ Իրանը Թուրքիայի բարեկամը չէ։ Իրանը քաջ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակը «Զանգեզուրի միջանցքի» հարցում հաղթանակ է լինելու նաեւ Իրանի նկատմամբ։ Ալիևի և Էրդողանի աճող ինքնավստահությունը, որը թույլ է տալիս նրանց  վերահսկվող հակամարտություն ստեղծել Իրանի հետ, ի թիվս այլ բաների, գալիս է հստակ գիտակցումից, որ Արևմուտքը նույնպես դեմ է Իրանին: Իսկ Արևմուտքը երախտապարտ կլինի «մեկ ազգ-երկու պետություն»՝ Թուրքիային և Ադրբեջանին (գումարած Հյուսիսային Կիպրոսը) Իրանի հետ հակամարտության համար։
– Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեցին, որ Երևանը չափազանց դժգոհ է ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքից։
– Պետք է շատ անբարեխիղճ լինել, որպեսզի չհասկանաս, որ ՀԱՊԿ-ն այս իրավիճակում չի կարող միջամտել հակամարտությանը։ Հայ-ադրբեջանական սրացմանը բառացիորեն զուգահեռ սկսվեցին տաջիկ-ղրղզական բախումները։ Եթե ​​ՀԱՊԿ-ը իր տանը ոչինչ չի կարող անել, ինչպե՞ս կարող է միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը փորձում է նստել երկու աթոռների վրա՝ առաջ մղելով  արտաքին քաղաքական փոխլրացման էլ ավելի վատ սցենար։ Ղարաբաղում կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի և Ղարաբաղում անգործ մնացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի  և միայնության մեջ հայտնված Ռուսաստանի` որպես խաղաղապահ, ցանկությունը  հասկանալի է ` Մինսկի խմբին վերադարձնել որպես Ադրբեջանի վրա ազդեցության գործոն։ Եվ հիմա Ալիևի հրաժարումը Մինսկի խմբի  լեգիտիմությունը ճանաչելուց բնական է։ Բայց քիչ հավանական է, որ Մինսկի խումբը, նույնիսկ սկզբունքորեն, նույնիսկ իդեալականորեն, համարձակվի ցանկանալ Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից, եթե ինքը Հայաստանն այլևս  դա իրականում չի ցանկանում։ Այն Հայաստանն, որն այլևս «Արցախ» չէ, և որն արդեն շատ ավելի շատ Իրանի վստահված անձն է, քան Ռուսաստանի դաշնակիցը, չնայած նրա հետ ռազմատեխնիկական  համագործակցությանը և չնայած անզոր ՀԱՊԿի (առանց Ռուսաստանի) հռետորաբանությանը: Վերը նկարագրվածը ուղղակիորեն աղետալի իմաստ է ստանում այժմ, երբ ամեն օր շահարկելով իր ռազմական հաղթանակը և Հայաստանի ռազմական կապիտուլյացիան՝ Ադրբեջանը շարունակում է իր ուժերը առաջ բերել արդեն Հայաստանի տարածքում՝ իր ընդունված սահմաններում՝ որպես պատմական նպատակ հայտարարելով «Զանգեզուրի միջանցքի »շինարարությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանից մինչև  Նախիջևան և այնուհետև Թուրքիա։ Հայաստանը բառացիորեն ոչինչ չի արել, բացի հռետորական հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ իր փաստացի, իսկ այժմ երերուն ու խախտված սահմանները որպես պաշտոնական ճանաչելու համար։ Նրա բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ասում են, որ նույնիսկ սահմանազատման, էլ չեմ խոսում դրանց սահմանազատման շուրջ բանակցություններ չեն վարվում։ Եվ  Հայաստանի այս փաստացի, այլ ոչ թե պաշտոնական սահմանները, Երևանը կոչ է անում պաշտպանել, օրինակ, Ռուսաստանին։

-Իսկ ի՞նչ անել 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի հետ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 26-ին։ 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ռազմական գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին՝ «կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելու նպատակով։

-Փաշինյանի Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ նրա արտոնյալ (ՀԱՊԿ գներով) զենքի ստացողը։ Հայաստանն այսօր անզոր է նույնիսկ սահմանել Անդրկովկասում ուժերի հավասարակշռությունը, որն օգտակար կլիներ Ռուսաստանի անվտանգության համար։ Գյումրիում և Էրեբունիում տեղակայված ռուսական բազաները պաշտպանում են իրենք իրենց, այլ ոչ թե Ռուսաստանի ռազմավարական սահմանները, որոնք արդեն պաշտպանված են Աբխազիայում և Հարավային Օսիայում իր բազաներով։


-Ո՞րն է Ռուսաստանի համար հիմա ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղում:


-Ռուսաստանի խաղաղապահ մանդատը հայկական (իսկ այնտեղ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար այլ սուբյեկտ չկա) Ղարաբաղում անխուսափելիորեն կլրանա։ Այդ մանդատը երկարացնելու 
անհրաժեշտությունը Ադրբեջանի և Թուրքիայի համար գնալով նվազում է։ Ղարաբաղի հայերը չեն կարող չհասկանալ իրենց աղետալի ապագան՝ ռուս խաղաղապահների հեռանալու դեպքում, և հետևաբար ամեն անգամ որոշում են կայացնում՝ մնալ կամ հեռանալ։ Ղարաբաղում հայերի թիվը գնալով նվազում է: Անդրկովկասում անվտանգության հավասարակշռությունը հալչում է: Առանց Ղարաբաղում խաղաղապահների՝ Գյումրիի և Էրեբունիի ռուսական բազաները կորցնում են իրենց իմաստը: Հիմա, երբ նույնիսկ Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունից (սկզբում եսասիրաբար,  իսկ հետո՝ կապիտուլյացիայի արդյունքում), գլխավորը, ինչ Ռուսաստանը կարող է անել Լեռնային Ղարաբաղում, հետևելով եւ տեղի հայերի, եւ Ադրբեջանի շահերին, նա   պետք է հասնի Բաքվի համաձայնությանը իր խաղաղապահության մանդատը հնարավորինս երկարաձգելու , ինչը Ղարաբաղում թույլ կտա պահպանել  ինքնավար ազգագրական սուբյեկտայնությունը, ուղղակի և անվտանգ արտաքին տարածքային մուտքը, որին կտրամադրվի ինչպես Հայաստանից, այնպես էլ Բաքվից։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի համաձայնությամբ ապահովված նման ներքին ինքնակառավարման կարգավիճակը կարող է վերացնել Ղարաբաղի իրավական կարգավիճակի խնդիրը Ադրբեջանի կազմում՝ վերջնական որոշումը թողնելով ապագային։

Սարգիս Սարգսյան

Մոսկվա- Երեւան