- 05/10/2022
«Դոլարի տպագրական մեքենայով փչած պղպջակն արդեն իսկ պայթելու վտանգի տակ է»
ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 31 տրլն դոլարը։ ԱՄՆ փոխառությունները կազմում են աշխարհի ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը։
Մի շարք հեղինակավոր փորձագետներ շտապեցին կարծիք հայտնել, որ դա պետական պարտքի չափազանց մեծ ցուցանիշ է, որն ամերիկյան հզոր տնտեսությունը վերադարձնել չի կարող: Առավել եւս, երբ Չինաստանը սկսել է վիճարկել ԱՄՆ-ի տնտեսական լիդերությունը: Այսինքն, ըստ նույն աղբյուրների, պարտքի նման ծավալը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի էլ ծրագրում վերադարձնել այն։
Այդ դեպքում ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այսօրվա խնդիրները ինչ-որ մեկի հաշվին լուծելու համար, եւ ստեղծված իրավիճակում միակ նման սուբյեկտը Եվրամիությունն է, ավելի կոնկրետ` Եվրոպան։
Սակայն, շարունակում են աղբյուրները` «Դոլարի տպագրական մեքենայով փչած պղպջակն արդեն իսկ պայթելու վտանգի տակ է»: Եվ եթե չհաջողվի առաջիկա ձմռանը, երբ Եվրոպայի դիմադրողականությունն այսքան ընկած է, լուծել այդ բոլոր խնդիրները, ապա փուչիկը կարող է պայթել: Այդ դեպքում, բնական է, տուժելու են այլ երկրների տնտեսությունները, որոնք ունեն դոլարիզացիայի առավելագույն մակարդակ եւ զուրկ են դրան արագորեն փոխարինելու ունակ ռեսուրսներից, օրինակ` հանքահումքային: Բայց նման պայթյունին ԱՄՆ-ն եւս չի դիմանա, պնդում են նրանք: