- 08/10/2022
Վազքով` «Ալեքսանդրապոլ-2»-ին ընդառաջ
Նախօրեին ԱԺ-ում Նիկոլը համառորեն այն թեզն էր փորձում առաջ տանել, թե սահմանային վիճակը մեղմվել է, սակայն այն պատճառով, որ ամերիկացիների միջնորդությամբ բանակցում են Ադրբեջանի հետ: Բայց ի՞նչ են բանակցում, ահա սա է ողջ խնդիրը:
ՆԻԿՈԼԸ «ԿՈՆՏՐՈԼՆԻ» Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ
Թե ինչ են բանակցում, Նիկոլը սկսեց բացատրել՝ նախ «երկար-բարակ չոլերն ընկնելով»: Մինչեւ որ հասավ մեկ էական խոստովանության. «Միջազգային հանրությունը հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, պատկերացում է տալիս, թե ինչպես պիտի լուծենք մենք այս խնդիրը»: Մինչ նրա խոսքի հաջորդ մասին հասնելը՝ նախ հասկանանք ասածի իմաստը: Քանի որ, իր ասածով, հիմնականում բանակցում են ամերիկացիների միջնորդությամբ, ապա «միջազգային հանրություն» ասվածի տակ պետք է հասկանանք հենց ամերիկացիներին: Արդյունքում, պատկերը սա է՝ ամերիկացիները ներկայացրել են իրենց «ճանապարհային քարտեզը», իսկ ավելի կոնկրետ՝ սեղանին կոնկրետ փաստաթուղթ են դրել, եւ Նիկոլն էլ հենց այդ ուղղությամբ ոչ թե գնում, այլ ներկայիս տեմպերը հաշվի առնելով, վազում է:
Հետո նա հայտնեց, որ Պրահայում հանդիպելու է Ալիեւի հետ՝ ամերիկյան վերակացուների՝ «Ֆրանսիայի նախագահի եւ Եվրամիության խորհրդի նախագահի» մասնակցությամբ, ապա՝ Էրդողանի, եւ այս ամենը՝ «ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկումների մեջ է տեղավորվում»: Իսկ այդ «խաղաղության օրակարգը», կրկնենք, հենց իր հայտարարության տրամաբանությամբ՝ հենց այն փաստաթուղթն է, որը հրամցրել է Վաշինգտոնը:
Իսկ թե ինչ է այդ փաստաթուղթը ենթադրում, այդ մասին եւս Նիկոլը պարզ ակնարկեց. «Մարդիկ կան, ովքեր մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մեջ…»: Ու սկսեց երկար-բարակ թվարկել, թե Հայաստանի նախկին որ իշխանություններն են «Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում»: Ըստ Նիկոլի, նախ դա արել է Քոչարյանը՝ Օսկանյանի փոխանցմամբ, քանի որ ճանաչել է «Մադրիդյան սկզբունքները», հետո ճանաչել են Սերժ Սարգսյանն ու նրա ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Այսինքն, ի դեմս նրանց՝ «Հայաստանի Հանրապետությունն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս»: Ավելին, Նիկոլի այդ տրամաբանությամբ, Քոչարյանը նույնիսկ երկու անգամ է «Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս», նաեւ 1998թ.-ին, երբ Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից: Ավելին, Քոչարյանը, եթե ուզում եք իմանալ, երեք անգամ է ճանաչել. նաեւ 1999թ.-ին, երբ վավերացրեց «ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան անվտանգության խարտիան»: Ու դրանից հետ «խեղճ Նիկոլը» պայքարել է այդ որոշումների դեմ, բայց՝ «Չենք հաջողել, եւ ժամանակն է խոստովանելու, որ չենք էլ հաջողելու»: Ու դրանից հետո բուն խոսքի իմաստն էր՝ ինքը հիմա, հաշվի առնելով իր իսկ նշած վերջին գործընթացները, ուղղություն է տեսնում եւ գնում է դրանով: Այն է՝ ամերիկացիների մատնանշած «խաղաղության պայմանագրին»:
Իմաստը, ինչ խոսք, ակնհայտ է: Այդ փաստաթուղթը, ինչպես բազմիցս ենք պնդել, նախատեսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախով հանդերձ: Այ, դրա համար է Նիկոլը փորձում համոզել, թե ինքը Հայաստանի վերջին հարյուր տարվա պատմության միակ ղեկավարը չէ, որ պատրաստվում է նման բան ստորագրել, դա «նախկին հանցավոր վարչակարգերն են իր ջեբը գցել»: Բայց չէ, չի ստացվի շատ պարզ պատճառով: Այսինքն, ըստ Նիկոլի, ստացվում է, որ մինչ այս Հայաստանն արդեն մի 5-6 անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է ճանաչել: Նման միտքը կարող էր մի լավ զվարճացնել, եթե այսքան ողբերգական չլիներ: Այսինքն, սովորաբար 1 անգամ ճանաչելն արդեն բավարար է լինում, ինչը, ըստ Նիկոլի նախկին հայտարարությունների, դեռ 1990-ականների սկզբներին ԼՏՊ-ն արդեն արել է, օրինակ՝ ԱՊՀ-ի ստեղծման շրջանակներում: Դրանից հետո պետք էր որ Քոչարյանն է՞լ մի 3 անգամ ճանաչեր, ու դա քիչ էր, նաեւ Սերժ Սարգսյա՞նը: Բայց եթե այդքան անգամ ճանաչել են, էլ ի՞նչ է ճանաչելու Նիկոլը, ինչո՞ւ է ամերիկացիների հրամցրած «խաղաղության պայմանագրի» հիմնական կետը հենց դա դարձել՝ փոխադարձաբար «տարածքային ամբողջականության» ճանաչումը: Թե՞ Նիկոլն ուզում է համոզել, որ ամերիկացիները, ասենք նաեւ՝ ազերիներն ու թուրքերը նույն կարգի զառանցանքների մեջ են, որ պետք է նախ մի 5-6 անգամ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ճանաչել եւ վերջում էլ եւս մեկ անգամ՝ որպես «կանտրոլնի կրակոց»: Բա լավ, այդ դեպքում ի՞նչ կմնա Նիկոլից հետո եկողին, բա նա էլ մի անգամ չճանաչի՞:
Չէ, նման հեքիաթներով արածի տակից դուրս գալ չի կարող: Այն պահին, երբ ամերիկացիների պահանջած փաստաթղթի տակ դնի ստորագրությունը, կդառնա առնվազն վերջին 100 տարվա Հայաստանի պատմության միակ ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Դրա առաջին մասը նա աբցավ Պրագայում` բանավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց Արցախի մասին անգամ ծպտուն հանելու: Առանց անգամ լուծելի իր իսկ խեղկատակային պայմանը, թե` պետք է ապահովել արցախցիների անվտանգությունը: Ալիեւը Պրագայից առաջ էլ, Պրագայում էլ պարզ ասաց` իմ քաղաքացիներն են, ինչ ուզեմ, կանեմ: Իսկ Նիկոլը, «հանցավոր նախկինների» թեմայով մինչեւ կյանքի վերջ նման հեքիաթներ կպատմի, բան չի փոխվում. նա մեկ քայլի վրա է Հայաստանի ամենաքիչը վերջին 100 տարվա պատմության թիվ 1 դավաճանի կարգավիճակից, որը նրա կնքահայր ԼՏՊ-ն աղվեսորեն բաժին թողեց «սանիկին»:
Նիկոլը «կրուտիտի» տեղ չունի նաեւ այն պարզ պատճառով, որ դեռ Պրագայի այդ խայտառակությունը չսկսված, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանին եւ Ադրբեջանին է փոխանցել «խաղաղության համաձայնագրի» իր տարբերակը, որտեղ, եղած տվյալներով, Արցախի հարցի կարգավորումը թողնվում է ապագային: Այսինքն, Նիկոլը դրանից հետո ոչ մի կերպ չի կարող արդարանալ, թե այլ ելք չկար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Բայց ասել, թե այս կերպ Նիկոլը միայն Արցախն է «սկուտեղի վրա» մատուցում Ադրբեջանին, դա դեռ չարիքի մի մասն է: Նախ հիշեցնենք, թեեւ կա ռուսական «խաղաղության նախագծի» տարբերակը, որը միանգամայն այլ իրավիճակ է նախատեսում Արցախի համար: Եվ երբ այդ պարագայում Նիկոլը, իբր «պարտադրված», վազում է ամերիկյան «խաղաղության նախագծի» հետեւից, դա նաեւ նշանակում է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի (չնայած, այդ տերմինի մասին արդեն հարաբերականորեն պետք է խոսել) ուղղորդում ռուսականից դեպի արեւմտյան: Միգուցե դա արդարացնի ոմանց ուրախությունը, թե դա ԱՄՆ եւ Եվրոպա հեշտ վիզաների հնարավորություն կտա: Սակայն երկրի համար արեւմտյան վեկտոր ասվածն առաջին հերթին նշանակում է Թուրքիա, որը, չմոռանանք, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն է այս տարածաշրջանում:
Սակայն միայն այդ փաստաթուղթը չէ, որն ակնարկում է սորոսածինների հրահանգով եւ տեղական «դավաճանների» ձեռքով Հայաստանը արեւմտյան պլացդարմի վերածելու տեսլականի մասին: Բուն այն միջոցառումանը մասնակցելը, որի շրջանակներում էլ Նիկոլը պատրաստվում է հանդիպել Ալիեւին եւ Էրդողանին, արդեն իսկ պարզ վկայում է, թե իրականում ինչ խաղ են սարքել հայ ժողովրդի գլխին:
Այսպես, պաշտոնապես այդ միջոցառումը կոչվում է «Եվրոպական քաղաքական ընկերակցության» (ԵՔԸ) գագաթաժողով, որը, բնականաբար, կազմակերպված է լիբերաստների կողմից: Ու թե դա ինչ է իրենից ներկայացնում, միանգամայն պարզ հայտարարեց Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Ըստ նրա, այդ գագաթաժողովի հիմնական իմաստներից մեկն այն է, որ դրանով մասնակիցներն ազդակ կուղարկեն Ռուսաստանին՝ նոր աշխարհակարգի որոնման մասին: Միաժամանակ Բորելը հստակ նշում է. «Այս հանդիպումը կորոնի նոր աշխարհակարգ՝ առանց Ռուսաստանի»: Այսինքն, Նիկոլը մասնավորապես ԵՄ 27 անդամների, ապա նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, չճանաչված Կոսովոյի, Մոլդովայի, Սերբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ պետք է «որոնի նոր աշխարհակարգ»՝ առանց, ավելի կոնկրետ՝ ընդդեմ իր ռազմավարական միակ դաշնակցի:
Թե այս ինչ խաղերի մեջ է նիկոլյան խունտան, անկեղծ ասած, չի կարող զարմացնել. հենց այն, հանուն որի նրան 2018թ.-ին ամերիկացիները հասցրին իշխանության: Ամբողջ հարցն այն է, թե այս իրավիճակում ինչի կարող է սպասել Հայաստանը (Նիկոլին նկատի չունենք):
Առաջին փաստը սա է. եթե անգամ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի, ապա դա Հայաստանի համար ոչ թե ծանր կորուստներով առկա խնդիրների լուծում է, այլ միանգամայն նոր խնդիրների առաջ կանգնելու ռեալ հեռանկար: Այսինքն, այդ փաստաթղթին հետեւելու է ռուսական զորքերը տարածաշրջանից հանելու ռեալ գործընթացը: Բաքվում արդեն նախապատրաստվել են, եւ այդ գործընթացի մեկնարկը կտրվի զորքերը հանելու մասին՝ ՌԴ դեսպանատան դիմաց ծրագրված ցույցերով: Իսկ ահա Հայաստանում վաղուց է տրված ռուսական ռազմաբազան հեռացնելու գործընթացի մեկնարկը, որը կտրուկ կակտիվանա այն պահին, երբ կնքվի «խաղաղության պայմանագիր» կոչվածը, եւ դրան հաջորդեն Էրդողանի հետ հանդիպման «պտուղները»: Կարճ ասած, եթե «խաղաղություն» է, ռուսական զորքն «ո՞ւմ է պետք»: Իսկ այն պահին, երբ այդ գերխնդիրը լուծեն, հասկանալի է, կառաջանա վակուում, որը կարող է լցնել միայն Թուրքիան: Կարճ ասած, կստանանք «Ալեքսանդրոպոլ-2»-ի կարգի մի բան, եթե միայն դրա դեմ ներհայաստանյան ռեալ ալիք չլինի: Մինչդեռ, չմոռանանք, այդ «ալիքը» ղեկավարելու հայտ են ներկայացրել «Ալեքսանդրոպոլ-1»-ի հեղինակների ժառանգները, եւ այս հարցում էլ ունենք լրջագույն խնդիրներ:
Ամեն բան հասնում է նրան, թե ռուսներն ու պարսիկներն ի՞նչ կանեն նման հեռանկարների դեմ: Սկսենք Իրանից, որտեղ մի կողմից, դեռ ներքին խնդիրներն են իրենց զգացնել տալիս: Մյուս կողմից, եթե կովկասյան հարթակում ամեն ինչ լուծվում է «խաղաղության պայմանագրով», այսինքն՝ ձեւականորեն սահմաններ չեն փոխվում, ապա Իրանն էլ ռազմական միջամտության հնարավորություն չունի:
Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանց գործունեության մեջ հակասությունների պակաս չկա: Մի կողմից, այնպիսի վճռական քայլեր են, ինչպիսիք են, օրինակ, 4 մարզերը ՌԴ կազմ ընդունելը: Մյուս կողմից, անգամ ռուսական ամենահեղինակավոր աղբյուրներն են մատնանշում այն խորքային խնդիրները, որոնք կան ներքին կառավարման համակարգում եւ որոնք էապես ազդում են առաջին հերթին ուկրաինական պատերազմի վրա: Եթե այդ ամենը կարգավորվի, կունենանք բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Եթե ոչ, Հայաստանին աննախանձելի ժամանակներ են սպասում:
Ամեն դեպքում, Նիկոլը Պրագայից մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Սպասենք նաեւ այդ այցին, որը կամբողջացնի այս ողջ իրավիճակը: Հաշվի առնելով, որ այնտեղ նրան շատ հարցեր կան տալու: Իսկ եթե չտան, ապա ավելի վատ հենց իր համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ