- 13/10/2022
Աստանայում կհանդիպեն Պուտինը, Ռոհանին, էրդողանը, Ալիեւը եւ … Նիկոլ ստիպված գնաց
Եվ ահա ներկա շրջադարձային փուլում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238643&l=am) նաեւ Էրդողանն է սկսել իրեն «նորովի» դրսեւորել: Բանը հասավ նրան, որ ռուսական հարվածների ֆոնին նա հանդես եկավ Արեւմուտքին կոշտ քննադատողի դիրքերից, այն էլ՝ «ճերմակ աղավնու» կերպարով: «Ներկայիս աշխարհակարգը բախվում է վերջին 70 տարվա ամենամեծ ճգնաժամին: Այս խեղաթյուրված համակարգը, որի նպատակն է հարստացնել երկրների փոքր խմբի, ճաքեր է տալիս»,- հայտարարել է Էրդողանը: Նաեւ, թե՝ «Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին բազմաթիվ առաջնորդների մոտեցումները հեռու են ողջամտությունից: Պրահայում նրանց միակ մտահոգությունը գալիք ձմեռն է…»: Ու այս չքնաղ խոսքերից հետո հասավ այն մտքին, թե՝ ներկա հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի»:
Սա է «արդար աշխարհակարգը»՝ ըստ Էրդողանի՝ «Թուրքիայի դարը»: Թե ինչքանով է դա իրատեսական, պատմության հետագա ընթացքը ցույց կտա: Սակայն ասվածն արդեն իսկ մտածելու տեղիք տալիս է: Նախ, ի՞նչ է ուզում ասել Էրդողանը, որ «խեղաթյուրված համակարգ» է ԱՄՆ-ի մոնոպոլ վերահսկողության տակ գտնվող աշխարհակա՞րգը: Իրականում այդպես էլ կա, սակայն եթե նաեւ Էրդողանն է հասել այդ մտքին, որը 2007թ.-ին հայտնի «Մյունխենի ելույթում» առաջին անգամ օրակարգ բերեց Պուտինը, ապա դա ի՞նչ է նշանակում, որ Անկարան սկսել է լրջորե՞ն մտածել ամերիկյան «խեղաթյուրված համակարգը» փոխելու գործընթացի մեջ ներգրավվել, որն առաջ են տանում ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը: Ինչ է, ռուսական հրթիռներն Էրդողանի համար եւս վճռորոշ նշանակությո՞ւն են ունեցել: Միգուցե, հաշվի առնելով, որ վերջերս կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին Էրդողանն արդեն իսկ այդ կառույցում ներգրավվելու ակնարկներ էր հնչեցնում: Իսկ ահա հիմա էլ, նման հայտարարությունից հետո, հանդիպում է ունենալու Պուտինի հետ՝ Աստանայում վաղը մեկնարկող «Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման» գագաթաժողովի շրջանակներում:
Փաստը, որ հատկապես ուկրաինական վերջին իրադարձություններից հետո, երբ Արեւմուտքն այդպես կատաղել է կամ կատաղություն է խաղում, Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է, արդեն իսկ կողմնորոշման մասին ակնարկ է: Չնայած, այս ամենում Թուրքիայի առաջնորդը նաեւ իր հստակ շահն է տեսնում: Քննադատելով արեւմտյան լիդերներին, թե միայն «գազի մասին եք մտածում», ու միաժամանակ առաջ տանելով ռուս-ուկրաինական բանակցությունների թեման, Էրդողանը, իհարկե, իրենց փորձում է ներկայացնել աշխարհաքաղաքական միջնորդի կարգավիճակում: Եվ եթե կարողանա դրան հասնել, ինչ խոսք, դա իր էֆեկտները կունենա ոչ միայն թուրքական ներկա ծանր իրավիճակի վրա, այլ նաեւ` գալիք տարվա ընտրությունների: Իսկ ահա Մոսկվան այդ հարցում Էրդողանին չմերժեց. թող նա առաջարկի, կքննարկենք, երեկ հայտարարեց Լավրովը:
Չնայած՝ մյուս կողմից էլ, Պուտինն իր վերջին ելույթում, որտեղ Կիեւին ահաբեկչական ռեժիմ ներկայացրեց, մեկ ուշագրավ դետալ եւս կար, որն Էրդողանը հաստատ բաց չի թողել: Խոսքը «Թուրքական հոսք» գազատարի ահաբեկչության փորձի մասին է, որը ռուսները կասեցրել են: Թե ինչ հսկայական կորուստներ կկրի Էրդողանը, եւ դա ինչպես կանդրադառնա ներթուրքական տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Իսկ քաղաքական իմաստով պատկերը սա է. Զելենսկին եւ նրա տերերը, նույնիսկ այն բանից հետո, երբ Էրդողանը նկատելի ռազմական օգնություն Ուկրաինային ցուցաբերել է, հանուն սեփական շահի պատրաստ են եղել Թուրքիային նման վնաս պատճառել: Եվ այս փաստը Էրդողանը դժվար թե «կուլ տա»:
Վերջապես, Էրդողանն իրեն սկսել է տեսնել նաեւ Եվրոպային գազ մատակարարողի դերում, բնականաբար, ոչ առանց քաղաքական հաշվարկների: Ճիշտ է, նա խոսում է ադրբեջանական գազի ծավալների կրկնապատկման մասին` մինչեւ տարեկան 32 միլիարդ խմ, սակայն դա տեսանելի մասն է: Այսինքն, այդ 32 միլիարդը Եվրոպայի սպառման մի քանի տոկոսն է միայն: Հաջորդը, այդ մակարդակին հասնելու համար տարիներ են պետք, իսկ Եվրոպայի համար գազը հենց հիմա է խնդիր: Այսինքն, զգացվում է, որ նման ֆունկցիայի Էրդողանը ուզում է հասնել ռուսական գազի միջոցով: Իսկ ահա ռուսները, օրերս ստորագրելով Իրանի հետ մասշտաբային էներգետիկ պայմանագիր, փաստացի ցույց տվեցին, որ Թուրքիայի կարիքն առանձնապես չունեն, սակայն եթե Անկարան խնդրի, կարող են օգնել:
Կարճ ասած, այն տպավորությունն է, որ Աստանայում Պուտինն ու Էրդողանը շատ լուրջ խոսակցություն են ունենալու, եւ դրանում կա երկկողմ լուրջ շահ: Հասկանալի է նաեւ, որ այդ քննարկումները չեն կարող շրջանցել հայ-ադրբեջանական եւ արցախյան թեմաները, այդ թվում, որ ռուսներն ունեն «խաղաղության պայմանագրի» սեփական տարբերակը, որի գործարկման դեպքում միայն ռուս-թուրքական համագործակցությունը ռեալ կլինի:
Ամեն դեպքում, Ալիեւը եւս կլինի Աստանայում: Թերեւս, Նիկոլը եւս ուզած-չուզած մեկնելու է. բա որ Հեյդարովիչը նեղանա՞: Մի խոսքով, հետաքրքիր հավաք է ստացվում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ