- 24/10/2022
Խերսոնը, այնուամենայնիվ, վերածվում է մեծ ռազմաբազայի
Ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ուկրաինական ԳՌՈՒ-ի ղեկավար Բուդանովը: Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությունն ամենեւին էլ չի նախատեսում լքել Խերսոնը, այլ ընդհակառակը, աշխատում է քաղաքի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ «Շատ առումներով սա տեղեկատվական օպերացիա է և մանիպուլյացիա։ Կան որոշ փաստեր: Օրինակ՝ դուրս են բերում «Պրոմսվյազբանկը» և այլ ֆինանսական կառույցներ, որոնք ռուսները բերել են այնտեղ։ Իսկ ոնց են հանում. հանում են կանխիկ գումար, սերվերներ, այսպես կոչված օկուպացիոն իշխանություններ: Հանում են ծանր վիրավորներին, հիվանդանոցներից արագորեն դուրս են գրում մարդկանց, ովքեր ընդունակ են քայլել: Որքան հնարավոր է, ակտիվորեն վարում են այս խելահեղ տեղեկատվական արշավը։ Այսինքն՝ ցուցադրաբար պատրանք են ստեղծում, թե ամեն ինչ կորած է։ Բայց միաժամանակ, շատ ավելի «առանց գովազդի» այնտեղ նոր զորամասեր են մտցնում ու քաղաքի փողոցները նախապատրաստում պաշտպանությանը»,- ասել է Բուդանովը։
Սա, ըստ էության, մեկ բան է նշանակում: Այն է, ուկրաինական կողմը հաստատում է ավելի վաղ արժանահավատ աղբյուրի տրամադրած տեղեկատվությունն այն մասին, որ ռուսները Խերսոնը վերածում են ընդհանուր ռազմաբազայի: Նշված հայտարարության հետ կապված նույն աղբյուրը նաեւ ավելացրել է. «Մեր աղբյուրը հավելում է, որ Խերսոնում տարհանման այս պատմությունը միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում: Մեծ հաշվով, դա քաղաքը վերածում է մեծ ռազմաբազայի, որը կօգտագործվի գալիք տարվա մեծ հարձակողական ծրագրերում: Իսկ այս պահին նախ` Խերսոնը վերածվում է ամուր պաշտպանական հանգույցի, որտեղ ուկրաինական ուժերը, եթե վերջապես որոշեն հարձակվել, հսկայական կորուստներ են կրելու: Հաջորդը, այդ հարձակման հետ կապված պետք է ժողովրդին կրակի տակից հանել, եւ դա արվում է: Բացի այդ, այն փոքր մասը, որը կմնա քաղաքում, ավելի հեշտ վերահսկելի կլինի, ու շատ ավելի հեշտ կդառնա քաղաք ներթափանցած ուկրաինական դիվերսիոն խմբերի հայտնաբերումը։ Վերջապես, քաղաքի բնակչության մեծ մասի տարհանման դեպքում նկատելիորեն կթեթեւանան ռուսական մատակարարումները: Այսինքն, նման մասսայի ապահովելու փոխարեն, Մոսկվան հիմա կարող է շատ ավելի մեծ չափով ռազմական բեռներ բերել քաղաք»: