- 10/11/2022
Պետք է, որ մոտ օրերս հայտարարություն լինի ռուս-ուկրաինական բանակցություններ սկսելու մասին
Պաշտոնապես հաստատված տեղեկառտվությանը զուգահեռ, որ ռուսական բանակը թողնում է աջափնյա Ուկրաինան` Խերսոն քաղաքով հանդերձ, հնչեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որը, թերեւս, հաստատում է Խերսոնի հետ կապված մեր նախնական եզրակացությունը:
Այսպես, ըստ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների՝ «հաշվի առնելով ներկա իրողությունները»:
Այն դեպքում, երբ ընդամենը նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կիևի դիրքորոշման պատճառով դեռ չի տեսնում բանակցելու հնարավորություն, ՌԴ ԱԳՆ-ն պետք է, որ իրեն «չթեթեւացներ» եւ նման բան չհայտարարեր: Բայց երբ հայտարարում է, նշանակում է, որ այս երկու օրում կոնկրետ բան է փոխվել։
Ընդ որում, այդ բան փոխվելու փաստը հաստատում է հենց նշված տեղեկատվութունը, որ ռուսական բանակը հետ է քաշվում: Փաստն այն է, որ տեւական ժամանակ ուկրաինական ուժերը փորձում էին գրոհել Խերսոնում, սակայն ապարդյուն, առանց առաջխաղացման որեւէ հույսի: Դա էր հուշում նաեւ այն, որ հարձ ակումներն աստիճանաբար դարձան փոքրամասշտաբ, առանց էական հաջողության հույսի: Այս իրավիճակում ռուսական բանակը կարող էր Խերսոնից հեռանալ բացառապես մեկ դեպքում` սեփական ցանկությամբ:
Այսպիսով, ի՞նչ է նշանակում Զախարովայի խոսքը` բանակցություններ` «հաշվի առնելով ներկա իրողությունները»: Ներկա իրողությունները, ինչպես ավելի վաղ նշել ենք (https://iravunk.com/?p=241002&l=am), Դնեպր գետով մինչեւ Զապորոժե, այնտեղից էլ ճակատային ներկա գծով մինչեւ Խարկովի հատվածում ռուս-ուկրաինական շփման գոտին է: Ըստ որոշ միանգամայն արժանահավատ աղբյուրների, հենց այդ գիծն էլ դրված է ԱՄՆ նախագահի օգնական Սալիվանի բանակցային առաջարկների հիմքում: Նախօրեին Զելենսկին դա մերժեց, որին հաջորդեց Պեսկովի հայտարարությունը, ռուսական նոր հարվածները, ապա Եվրոպայից եկած հայտարարությունը, թե փող չեն տա:
Ու հիմա, քանի որ ռուսները Խերսոնից հեռացան, այն տպավորությունն է, որ դրանից հետո Զելենսկու տրամադրությունները փոխվել են: Այդ դեպքում, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունը կատարեց` դուրս եկավ Խերսոնից, ապա պետք է, որ առաջիկա օրերին հայտարարվի ռուս-ուկրաինական բանակցություննրի մեկնարկի մասին: Թեեւ, հասկանալի է, որ իրական բանակցային սեղանը ռուս-ամերիկյանն է:
Եթե ոչ, ապա դա կնշանակի, որ ամերիկացիները «գցել» են ռուսներին: Այս դեպքում ռուսները հարձակումը կվերսկսվի, եւ այս անգամ, անկասկած, շատ ավելի մեծ մասշտաբներով:
Կարող է նաեւ Զելենսկին փորձել «գցել» ամերիկացիներին, սակայն այդ դեպքում անգամ մեկ փամփուշտ չի ստանա, իսկ ռուսները Բելառուսի հատվածից կմտնեն Կիեւ: