- 11/11/2022
Ալիեւի որոշելիքն է` գնա ռուսների հետ կռվի՞, թե` «խաղաղության պայմանագրի»
Նախօրեին լրացավ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 2 տարին: Թերեւս նաեւ առիթից օգտվելով, սակայն ակնհայտորեն հիմնականում հայ-ադրբեջանական օրակարգի շուրջ ծավալվող իրավիճակի, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման հետ կապված որոշակի մեկնաբանություններ հնչեցին ՌԴ ԱԳՆ-ից՝ ի դեմս խոսնակ Մարիա Զախարովայի:
ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՌԴ ԱԳՆ-Ն ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսպես, նկատելի է, որ այս փուլում որոշակի ուժեր ինչպես Ադրբեջանից, այնպես էլ, որ դժվար չէ հասկանալ, նաեւ Հայաստանից վերսկսել են Արցախից ռուսական զորքերի դուրսբերման քարոզը: Թե ինչու, դժվար չէ կռահել. քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, որ հենց այդ գործոնն է, որը փակում է վաշինգտոնյան ուլտրալիբերալների խաղը հայ-ադրբեջանական հարթակում: Այսինքն, ինչքան էլ որ Բլինքենը հանդիպումներ կազմակերպի, անգամ, եթե ծայրահեղ դեպքում հասնի ամերիկյան մոդելով «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, դա տարածաշրջանն իրենով անելու գերխնդիրը չի լուծում: Քանի դեռ արցախահայությունը պնդում է, թե արցախյան հակամարտությունը կա, որ Ադրբեջանը փորձում է այն բռնի ուժով լուծել՝ դուրս քշելով իրենց բնօրրանից, ապա դա առավել քան ծանրակշիռ հիմք է ՌԴ-ի համար, որ զորքերը Արցախից չհանի: Ի վերջո, բռնի ուժով եւ դրա սպառնալիքով մարդկանց իրենց պատմական տարածքներից դուրս մղելը բոլոր միջազգային օրենքներով համարվում է մարդկության դեմ հանցագործություն, եւ դա ռուսները կօգտագործեն:
Այսպիսով, հենց այդ գերխնդիրն է, որն ամերիկացիները պետք է լուծեն, եւ պատահական չէ, որ դրան ուղղում են նաեւ իրենց հայաստանյան կամակատարներին: Իսկ ահա ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով այս նոր իրողություններին, հիշեցրեց այս պարզ փաստը. «Դա (ռուս խաղաղապահների գործունեությունը- Հեղ.) գնահատում են մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերները»: Այսինքն, Սոչիի վերջին հանդիպման ժամանակ. «Երեք երկրների ղեկավարները նշել են ռուսական զորախմբի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում եւ ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը, որն արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է կեղտին, որը դրա շուրջը հայտնվում է, ապա ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում: Դա, ցավոք, մեր աշխարհի օրենքն է»:
Սա հերթական միանգամայն թափանցիկ ակնարկն է, որ ռուսական ուժերը ոչ մի տեղ էլ չեն պատրաստվում հեռանալ, եւ եթե այդ մասին նաեւ Ալիեւն է ակնարկում, ապա դրանով իր իսկ ստորագրած փաստաթղթին է հակասում, եւ պետք է դա գրանցել , Զախարովայի հիշատակած «կեղտի» կատեգորիայում:
Իսկ առհասարակ, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, նախ՝ «Ստեղծվել եւ գործարկվել է երկկողմ հանձնաժողով, որի աշխատանքի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ», այն է՝ ռուսական քարտեզներով: Նաեւ, որ անկախ նրանից, թե Ալիեւն ու Նիկոլը կամ նրանց ներկայացուցիչները որտեղ եւ ինչ այլ բանակցություններ են վարում, ռուսական «խաղաղության պայմանագրի» սխեման մնում է օրակարգում՝ «Ռուսաստանը սերտ համակարգում է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում»: Վերջապես, ըստ Զախարովայի. «Ես երբեք չեմ տեսել հիշատակումներ, որ կողմերը հրաժարվել են ձեռքբերված պայմանավորվածություններից»: Այսինքն, Ալիեւն ու Նիկոլն ինչ կողմնակի խաղի մեջ էլ որ մտնեն, մեկ է, վերջում գալու են Պուտինի մոտ՝ «վերահաստատելով իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին»:
Վերջապես, Նիկոլի երեկվա միտքը, որը, ի դեպ, քանիցս մենք էլ ներկայացնելու առիթներ ունեցել ենք, գալիս է ասելու, որ իրավիճակային փոփոխություն ունենք: «Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը եւ փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- ասաց նա: Լավ, եթե «անժամկետ», բա այդ դեպքում ինչո՞ւ էր Սոչիում առաջ քաշում 5, 10 կամ՝ 20 տարով խաղաղապահների համար ժամկետ սահմանելու հարցը: Չնայած, դա կարելի է հասկանալ, եթե հիմա հասկացել է, որ «անժամկետը» արդեն իսկ ֆիքսված է, դա արդեն լուրջ առաջընթաց է: Մնում է, որ Ալիեւն էլ մինչեւ վերջ հասկանա, եւ այդ դեպքում ռուսական «խաղաղության պայմանագիրը» կարող է հաշված օրերի ընթացքում կնքվել: Ալիեւը նաեւ կարող է հարձակվել: Բայց այս դեպքում պետք է հարվածի նաեւ ռուսներին: Բայց այդ դեպքում…
ՌԴ-ԻՐԱՆ
Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն այս ամենով պնդում է, որ ինքը մնում է գործընթացի կիզակետում եւ չի պատրաստվում ինչպես Արցախը, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական օրակարգը զիջել ամերիկացիներին: Ավելին, որ Բլինքենի կողմից առաջ տարվող գործընթացին, որի շրջանակներում է նաեւ Վաշինգտոնի վերջին հայտարարությունը, պետք է նայել այս տեսանկյունից. «Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի «բարի մտադրությունները» հարցեր են առաջացնում, քանի որ նրանք բոլորին շատ բան են խոստանում, քիչ են անում, եւ երբեմն, ցավոք, խոստումների տակ բոլորովին այլ օրակարգ է թաքնված»:
Մեր դեպքում, թե որն է այդ օրակարգը, օրերս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք՝ ամերիկացիների հիմնական թիրախն այս պահին Իրանն է: Եվ ահա, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հաստատեց մեր այդ կարծիքը՝ հայտարարելով՝ Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է: Իհարկե, կա նաեւ տեսակետ, որ Իրանի մասնատման հարցը գլխավորապես առաջ է տանում ԱՄՆ-ն եւ ոչ թե Թուրքիան: Հաշվի առնելով, որ Իրանի մասնատման հետեւանքը կարող է դառնալ Քուրդիստանի ստեղծումը, որը հազիվ թե որեւէ տարբերակով տեղավորվի Թուրքիայի շահերի մեջ: Սակայն մեկ բան հաստատ է՝ որ անկախ Թուրքիայից, հենց ԱՄՆ-ն է, որ առաջ է տանում Իրանի ոչնչացման ծրագիրը, որի մասին, ի դեպ, բացահայտ խոսում է նաեւ ՌԴ-ն:
Այսպես, նախօրեին Իրան կատարած այցի շրջանակներում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ուղղակիորեն արեւմտյան հատուկ ծառայություններին մեղադրեց Իրանում անկարգություններ կազմակերպելու մեջ. «Արեւմտյան հատուկ ծառայություններն առանցքային դեր են ունեցել Իրանում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ երկրում տիրող իրավիճակի մասին ապատեղեկատվության հետագա տարածման գործում: Մենք դա ընկալում ենք որպես անթաքույց միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»: Ու եթե սա կապում ենք «խաղաղության համաձայնագիր» կոչվածի միջոցով հայ-ադրբեջանական հարաբերությունները վերահսկելու, ռուսական զորքերին դուրս մղելու սցենարի հետ, ապա սա ավելորդ հաստատումն է, որ ամերիկացիների հիմնական թիրախը հենց Իրանն է: Ու եթե հաջողվի, հասկանալի է, որ Հայաստանը, որպես «մանրադրամ», պարզապես դուրս կգրվի, իսկ Ադրբեջանն այդ դեպքում կդառնա մեր տարածաշրջանում ամերիկյան հիմնական էմիսար, որին կտան նաեւ դեպի Կենտրոնական Ասիա կապող օղակի ֆունկցիա:
Կստացվի՞, ահա ողջ հարցը: Ռուսներին տարածաշրջանից դուրս մղել այդպես էլ դեռ չի հաջողվում: Գումարած, ինչպես ցույց տվեց նաեւ Պատրուշեւի այցը, Իրանում եւս հստակ պատկերացնում են, թե իրականում ինչ խաղի հետ գործ ունեն: Նաեւ, որ դիմակայելու հիմնական միջոցը ռուսների հետ հարաբերությունների էլ ավելի զարգացումն է: Ամեն դեպքում, այդ մասին է վկայում Պատրուշեւի հետ հանդիպման շրջանակներում նախագահ Ռայիսիի հայտարարությունը, թե՝ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները լուսավոր ապագա ունեն, եւ երկու երկրների միջեւ համագործակցությունը ԱՄՆ-ի «ապակայունացման քաղաքականությանն ամենավճռական պատասխանն է»:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Բաքուն, հասկանալի է, հազիվ թե կարողանա աչքաթող անել ռուս-իրանական՝ արդեն ռազմական դաշինքի տեսք ստացող այս համագործակցության փաստը, եթե անգամ Իսրայելից նրան խոստանան, որ Թուրքիան անվերապահ օգնություն կցուցաբերի: Այսինքն, այն ծայրահեղ տարբերակի դեպքում անգամ, որ Անկարան որոշի ռազմական առումով մտնել այս խաղի մեջ, ապա չորս կողմից ռուս-իրանական ուժերի մեջ գտնվող Ադրբեջանը հազիվ թե լիակատար ոչնչացումից փրկվելու շանս ունենա:
Առավել եւս, որ շատ ավելի տրամաբանական տեսք ունի այն տարբերակը, որ Թուրքիան նման մասշտաբային հակամարտության չի գնա, թերեւս նաեւ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի վրա նման ծանր զարգացումների դեպքում հույս դնելը կարող է նաեւ կործանարար լինել: Թեկուզեւ հաշվի առնելով ուկրաինական ամենաթարմ փորձը, որտեղ կարծես թե Վաշինգտոնը գնում է կտրուկ շրջադարձի: Եթե այդպես է, ապա կարելի է ասել, որ մեր տարածաշրջանում եւս մեծ խաղը կարող է ամեն պահի ավարտված համարվել՝ ռուսական սցենարով «խաղաղության պայմանագրի» ստորագրման տեսքով:
Չնայած նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը, կայցելի նաեւ ՌԴ նախագահը, եւ դրա շրջանակներում, ըստ ամենայնի, պատկերը շատ ավելի հստակ կդառնա:
Քերոբ Սարգսյան