• 26/11/2022

Էներգետիկայի ոչնչացումից հետո ՌԴ-ն կհարվածի տրանսպորտային ենթակառուցվածքին. ուկրաինական փորձագետ

Էներգետիկայի ոչնչացումից հետո ՌԴ-ն կհարվածի տրանսպորտային ենթակառուցվածքին. ուկրաինական փորձագետ

Ուկրաինայի էներգետիկայի ամբողջական ոչնչացումից հետո Ռուսաստանը կսկսի հարվածներ հասցնել Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքին։ Այս մասին «Radio»-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի ռազմական փորձագետ Յուրի Բուտուսովը։

«Մենք պետք է մարդկանց ասենք, որ շուտով հոսանքազրկվելու ենք, որ քաղաքներում չենք կարողանա բոլորին էլեկտրաէներգիա ապահովել։ Եվ պետք է պատրաստվեք պաշտպանել մյուս ենթակառուցվածքները: Էներգետիկ ոլորտի կործանումից հետո Ռուսաստանը հարվածելու է տրանսպորտային ենթակառուցվածքին: Առաջին հերթին՝ կամուրջներին, երկաթուղուն։ Սրան պետք է պատրաստվել՝ ցրել լոկոմոտիվները, ուժեղացնել խոցելի օբյեկտները։ Մեզ անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ: Բայց նաեւ չմոռանանք, որ էներգետիկան անջատելու դեպքում, կկանգնի նաեւ Ուկրաինայի երկաթուղային համակարգի մի զգալի մասը, որը գործում է էլեկտրականության հաշվին»,- ասել է Բուտուսովը։

Նա իրատեսական չի համարում, որ Ռուսաստանը շուտով կսպառի հրթիռները:

«Ինձ միշտ զարմացնում է այն հարցը, թե քանի՞ հրթիռ է մնացել Ռուսաստանին։ Ինձ թվում է, որ սա այնքան հեռու է իրականությունից, և այնքան ծիծաղելի է խոսել դրա մասին։ Ես հասկանում եմ, թե ինչու են մեր որոշ քաղաքական գործիչներ այս մասին խոսում։ Նրանք սիրում են «բացառիկ լավ նորություններ» հաղորդել։ Մարդիկ դրանք շատ են սիրում նման դժվարին պահին, բայց դա իրականության հետ կապ չունի։

Ռուսաստանը, բացի ունեցած պաշարներից, շարունակում է հրթիռների արտադրությունը և, իհարկե, կշարունակի հարվածներ հասցնել մեր կարևոր ենթակառուցվածքին։ Նրանք բավականաչափ զենք ունեն»,- ասել է Բուտուսովը։