• 26/11/2022

Բրիտանական ռազմական հետախուզությունը` Ռուսաստանի միջուկային թեւավոր հրթիռների մասին

Բրիտանական ռազմական հետախուզությունը` Ռուսաստանի միջուկային թեւավոր հրթիռների մասին

Բրիտանական ռազմական հետախուզությունն իր վերջին զեկույցում հայտնում է, որ Ռուսաստանը միջուկային մարտագլխիկները հանում է հնացած միջուկային թեւավոր հրթիռներից և հարվածում է Ուկրաինային առանց մարտագլխիկի հրթիռներով։

Նման եզրակացությունը արվել է բաց կոդով լուսանկարի վերլուծության հիման վրա, որը ցույց է տալիս AS-15 հրթիռի (լուսանկարում) բեկորները, որը մշակվել է 1980-ականներին հատուկ միջուկային լիցք կրելու համար: Ըստ բրիտանացիների, հրթիռի նման մոդիֆիկացիան չի կարող մեծ վնաս պատճառել, չնայած կինետիկ էներգիայի շնորհիվ կարող է որոշակի վնաս պատճառել։

Բայց կարծես գլխավորը, ինչին ռուսները հասնում են իրենց արձակումներով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուշադրությունը կեղծ թիրախների վրա շեղելն է, տեղեկացրել է բրիտանական հետախուզությունը:։

Այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի Ռուսաստանի նպատակն այս սխեմայում, դա ինքնին ցույց է տալիս հեռահար հրթիռների պակասը, կարծում են բրիտանացիներտ: Չնայած այս վերջին եզրակացությունը այնքան էլ իրատեսական չէ: Բանն այն է, որ բացի հին հրթիռներով ուկրաինական ՀՕՊ-ը շեղելուց, ռուսները դրանք օգտագործելով մի շարք այլ խնդիրներ եւս լուծում են: Նախ, հին են, թե` նոր, այդ հրթիռները կարող են ոչնչացնել ուկրաինական էներգետիկ եւ այդ կարգի այլ օբյեկտներ: Իսկ եթե կարող են, ձեռնտու է դրանք օգտագործել` խնայելով ժամանակակիցները: Հաջորդը, հին հրթիռների (խոշոր հաշվով, հին ռազմական տեխնիկայի) պահպանման համար մեծ ծախսեր են պետք: Իսկ ռուսները դրանք Ուկրաինայի հաշվին «ուտիլիզացնելու» լավ առիթ ունեն: Վերջապես, եթե Ուկրաինայում եւ Արեւմուտքում մտածեն, որ ռուսները հրթիռների պակաս ունեն, դա արդեն իսկ ռուսական կողմի համար ձեռնտու է` որպես հակառակորդին մոլորեցնող գործոն: Արդյունքում, հին հրթիռների եւ հին զինտեխնիկայի կիրառումը ռուսների համա քառակի օգտակար է: