- 01/12/2022
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի աննախադեպ կուտակման մասին
Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ամերիկյան և ՆԱՏՕ-ի ռազմական կազմավորումների ներկայության աննախադեպ աճ կա։
«Բելառուսի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Մասնավորապես, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, այդ թվում՝ մեր երկրի հարևան պետությունների տարածքում կա ամերիկյան և ՆԱՏՕ-ի ռազմական կազմավորումների ներկայության աննախադեպ աճ` «Արևելքից եկող սպառնալիքից» պաշտպանվելու կեղծ կարգախոսով», – ասել է Խրենինը:
Նախարարի խոսքով, հարևան պետություններն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացրել են պաշտպանական ծախսերի ավելացման, ազգային զինված ուժերի թվաքանակի մեծացման, զորքերին ժամանակակից հարվածային զենքերի մատակարարման ակտիվացման և ռազմական ենթակառուցվածքների բարելավման վրա։ Օրինակ, նա նշել է, որ Լեհաստանը նախատեսում է արդեն 2023 թվականին պաշտպանական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի (այս տարի՝ 2,2 տոկոս), ազգային զինված ուժերի թիվը հասցնել 300 հազար զինվորականների (մինչև 250 հազար պրոֆեսիոնալ զինվորականներ, այժմ՝ 115 ,5 հազ.) և տարածքային պաշտպանության ուժերի մինչև 50 հազարի (այժմ՝ մոտ 27 հազ.)։
Այս պայմաններում Բելառուսին հարակից երկրների տարածքում օպերատիվ և մարտական ուսումնական գործունեության մասշտաբն ու ինտենսիվությունը մշտապես ընդլայնվում են՝ ներգրավված ուժերի և միջոցների միաժամանակյա աճով` «2021 թ.՝ ավելի քան 230 վարժանք, ավելի քան 320 հազար մարդ և ներգրավվել է մոտ 20 հազար զինտեխնիկա, 2022թ.՝ մոտ 280 վարժանք, ավելի քան 500 հազար մարդ և 27 հազար միավոր զինտեխնիկա»,- ասել է Բելառուսի պաշտպանության վարչության պետը։
«Վերլուծությունը ցույց տվեց, որ Արևմուտքը հարձակողական բնույթի ծրագրեր է մշակում, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը արդեն ուղղակիորեն թշնամի են համարվում»,- ընդգծեց գեներալը։