- 07/12/2022
Արցախի հարցը վերջնականապես միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի թեմա դարձավ
Նախօրեին Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցությունները մի շարք պարզ ազդակներ հղեցին: Եվ ամենակարեւորը, որը նաեւ Հայաստանի համար ամենատխուր փաստն է, որ հենց նրանք, այն է՝ Մոսկվան եւ Բաքուն են զբաղվում Արցախի հարցով, եւ այդտեղ այլեւս Հայաստան գոյություն չունի:
ՆԻԿՈԼԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻՑ
Ասվածի ապացույցն է այն հայտարարությունը, որը Լավրովն արեց մինչ Բայրամովի հետ հանդիպելը եւ կրկնեց այդ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: Հիշեցնենք, ըստ Լավրովի, Նիկոլը, Ալիեւի հետ միասին Սոչիում Պուտինին ներկայացրել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունն այն մասին, թե համաձայն են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործի 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմանը: Ընդ որում, դա անհերքելի է: Բանն այն է, որ Սոչիի վերջին հանդիպման շրջանակներում ներկայացված եռակողմ հայտարարության մեջ հենց այդպես էլ ասվում է՝ «Պայմանավորվեցինք… քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի»: Իսկ այն, որ Ալմա-Աթայի հռչակագիր ասվածը ոչ թե Մոսկվան է օրակարգ բերել, այլ Նիկոլն ու Ալիեւը՝ Պրահայում, անժխտելի փաստ է: Ու Լավրովն էլ մատնանշում է՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիր, ապա այդ պահին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միջազգայնորեն ընդունված էր՝ որպես Ադրբեջանի տարածք:
Իհարկե, այստեղ վիճելու բան կա: Թեկուզեւ այն տեսանկյունից, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991թ. դեկտեմբերի 21-ին, մինչդեռ դրանից առաջ՝ դեկտեմբերի 10-ին Արցախն անկախության հանրաքվե է անցկացրել: Էլ չասած, որ դրանից առաջ էլ կար Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի համատեղ որոշումը, որը, ի դեպ, դրված է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում: Սակայն այստեղ ամբողջ հարցն այն է, որ պետք է մեկն այդ վեճն առաջ տանի: Նիկոլը, ընդունելով Ալմա-Աթայի հռչակագրով սահմանները հաստատելու տեսլականը, պարզ ցույց տվեց, որ Հայաստանը, քանի դեռ ինքն այստեղ պաշտոնավարում է, նման վեճ առաջ չի տանի: Հաշվի առնելով նաեւ նրա այն պաշտոնական կուրսը, թե զբաղվելու են միայն Արցախի բնակչության անվտանգության հարցերով: Ու երբ Ադրբեջանը, այդ թվում՝ Բայրամովը, Լավրովի հետ այս հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարում է, որ արցախցիները կունենան այն նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները, ապա անգամ այդ անվտանգային խնդրի շուրջ Նիկոլը մանեւրելու զրո հնարավորություն ունի, առավել եւս, որ նման որեւէ ցանկություն տեսանելի չէ:
Կլինի՞ Հայաստանում նոր իշխանություն, կունենանք այլ պատկեր: Ի վերջո, այդ Պրահայի համաձայնություն կոչվածը, ասենք նաեւ մյուս բոլոր եռակողմ պայմանավորվածությունները Նիկոլի անձնական որոշումներն են, չունեն միջպետական պայմանագրի ուժ: Ավելին, անգամ «խաղաղության պայմանագիր» ասվածը, լինի դրա ռուսական, թե՝ արեւմտյան տարբերակը, նորից Նիկոլի միանձնյա որոշումն է, եւ Հայաստանը չունի որեւէ պարտադրանք: Լավ, ասենք առաջին եռակողմ պայմանավորվածությունից, որով հաստատվել է զինադադար, հետ քաշվել Հայաստանը չի կարող: Բայց չէ՞ որ այդ առանցքային փաստաթուղթը, որի հիմքի վրա էլ կառուցվել է մնացած գործընթացը, չի ենթադրում որեւէ «խաղաղության պայմանագիր», այնտեղ չկա նման դրույթ: Թե ինչու Ալիեւին հետո դա պետք եկավ, կարելի է հասկանալ. «խաղաղության պայմանագիրն» է, որ նրա համար ապահովում է երաշխավորված հանգուցալուծում: Մի բան, որ ԼՏՊ-ն չարեց 1994թ.-ին, դրա փոխարեն, անհեթեթ պատճառաբանություններով բավարարվելով զինադադարի պայմանագրով, որն էլ հասցրեց ներկա վիճակին: Այ, թե ինչու Նիկոլը վազեց «խաղաղության պայմանագրի» հետեւից՝ տարածաշրջանային խաղաղության գեղեցիկ կոչերով, մնում է «անհասկանալի»: Չնայած, եթե հասավ վերջին հարյուրից ավել տարիներին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող Հայաստանի առաջին ղեկավարի խայտառակ եւ վտանգավոր կարգավիճակին, նշանակում է, որ այդ «խաղաղության պայմանագրի» հետեւից վազելու առավել քան լուրջ դրդապատճառներ ուներ: Ինչպիսի՞ք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կբերի:
Արցախն ինքը, հասկանալի է, կարգավիճակի, նաեւ՝ Ալմա-Աթայի հռչակագրի եւ անկախության հանրաքվեի ժամանակագրության վեճ ինքնուրույն առաջ տանելու որեւէ ռեալ շանս չունի:
Արդյունքում, կրկնենք, պատահական չէ Լավրով-Բայրամով հանդիպման տպավորությունը, թե հենց Մոսկվան եւ Բաքուն են զբաղվում Արցախի հարցով:
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ
Այսպիսով, Արցախի կարգավիճակի հետ կապված վեճ կարող է առաջ տանել Մոսկվան: Կցանկանա՞, դա է պետք հասկանալ:
Նախ հիշենք՝ ի՞նչ է պետք Մոսկվային հայ-ադրբեջանական եւ արցախյան հարթակում, որո՞նք են «կարմիր գծերը»: Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ ամեն բան հստակ է դեռ ԽՍՀՄ-ի ստեղծման փուլից սկսած: Այն է՝ Սյունիքը պետք է լինի Հայաստանի կազմում՝ թույլ չտալու համար Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա թյուրքական չընդհատվող առանցքի ստեղծումը: Եվ այն, որ Անկարայի եւ Բաքվի երկու բառից մեկը հիմա էլ Զանգեզուրն է, գալիս է հուշելու, որ այս պահին էլ նշված սկզբունքը Մոսկվայի համար ոչ թե նույնիսկ «կարմիր գիծ», այլ կենսական խնդիր է: Ասենք, նաեւ Իրանի համար:
Մոսկվայի համար «կարմիր գիծ» է նաեւ Արցախի հայկական լինելը, անկախ քաղաքական պատկանելիությունից: Թե ինչու, դժվար չէ հասկանալ: Եվ պատահական չէր, որ անգամ ԽՍՀՄ-ի օրոք, երբ Ադրբեջանը կարողացավ հայաթափել Նախիջեւանը, Արցախում հայկական գերակշռող մեծամասնությունը մնաց: Մոսկվան դա թույլ չտվեց անգամ իր համար ամենածանր 1990-ականների սկզբներին, ինչքան էլ որ հպարտանանք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Վերջապես, Մոսկվան դա թույլ չտվեց նաեւ 2020թ.-ին, երբ Ստեփանակերտի գրավումն ու Արցախի լիակատար հայաթափումն օրերի խնդիր էր: Ու ասել, թե այդ «կարմիր գիծը» կփոխվի, երբ Նիկոլն ալմաաթաներով է խոսում, միամտություն կլիներ
Այսպիսով, այդ երկու «կարմիր գիծը» հաշվի առնելով, ունենք այս պատկերը: Նիկոլն ինքնակամ դուրս եկավ խաղից, եւ հիմա, քանի դեռ Հայաստանում այս գործող իշխանություններն են, Արցախի հարցով առաջին պլանում մնում են երկու խաղացող՝ Մոսկվան եւ Բաքուն: Կրկնենք, Մոսկվային պետք է Արցախի հայկական մնալն ու իր վերահսկողությունը, իսկ Ադրբեջանին՝ Արցախն իրենով անելը, ապագայում խնդիրներ չունենալու համար այն հայաթափելը եւ ռուսական վերահսկողության ձախողումը:
Այս իրավիճակում կա երկու հնարավոր զարգացում: Առաջին, Բաքուն կարող է փորձել իր ուզածին հասնել ռազմական ճանապարհով: Այդ թվում, դաշնակցի օգնությամբ: Սակայն մի կողմից դաշնակիցը՝ Թուրքիան, այս պահին Մոսկվայի հետ կապված լուրջ ծրագրեր ունի, պատրաստվում է դառնալ Եվրոպա գազամատակարարման հիմնական առաքիչը եւ դրանով՝ աշխարհի խոշորագույն գազային հաբը: Աշխարհաքաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից դա Անկարայի համար խոշորագույն հեռանկար է, եւ ամենաանցանկալին այս պահին կլիներ ռուսների հետ բախման գնալը: Ադրբեջանը կարող է նաեւ հույս դնել Իսրայելի, նրա միջոցով՝ ԱՄՆ-ի վրա: Սակայն Ամերիկան հեռու է, Ռուսաստանը՝ կողքիդ, ռիսկը շատ մեծ է:
Այսպիսով, Բաքվի համար մնում է Մոսկվայի բանակցային տարբերակը, որտեղ պետք է հաշվի առնի ռուսական «կարմիր գիծը»: Այս դեպքում կոմպրոմիսային ամենառեալ տարբերակը կարող է դառնալ Մոսկվայի փոխզիջմամբ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչման վերահաստատումը, Ադրբեջանի փոխզիջմամբ՝ Արցախին մոտավորապես ԼՂԻՄ-ի կարգի կարգավիճակ տալը, եւ, որպես միջանկյալ փուլում «վերաինտեգրման» անվան տակ անվտանգության երաշխիք, ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում: Եվ եթե այդ միջանկյալ փուլ ասվածը լինի անժամկետ, ապա նման կոմպրոմիս կարող է լինել: Զուգահեռաբար, նաեւ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ, կոմունիկացիաների վերագործարկմամբ եւ այլն:
Հայտարարությունները, որոնք հնչեցրին Լավրովն ու Բայրամովը համատեղ ասուլիսում, կարծես թե հենց այս կարգի պայմանավորվածությունների մասին են ակնարկում: Նախ, Բայրամովը սկսեց խոսել «խաղաղության պայմանագրի» նոր տարբերակից, որը, ըստ նրա, ներկայացվել է Հայաստանին, այն դեպքում, երբ նախկինում միանգամայն կոշտ պահանջ էր՝ մեր 5 կետերը եթե չընդունեք, պատերազմ կլինի: Իսկ դա ակնարկ է Պրահային հաջորդած ժամանակահատվածում որոշակի նյուանսային փոփոխությունների մասին: Հաջորդը, նրա խոսքում ընդգծված էր «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն մեգածրագրի տեսլականը, այդ թվում՝ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթուղու օգտագործմամբ, եւ այս անգամ խոսք անգամ չեղավ «Զանգեզուրի միջանցքից»:
Բայց ամեն դեպքում, չմոռանանք, որ եթե այս պահին արցախյան ուղղությամբ կա երկու հիմնական խաղացող՝ Ռուսաստանը եւ Բաքուն, սակայն կան նաեւ մի շարք ոչ ուղղակիները, այդ թվում՝ ԱՄՆ-ն շարունակում է ինչ-որ ծրագրեր մտմտալ: Չնայած, Բայրամովը խոսեց նաեւ մինչեւ տարեվերջ սպասվող Ալիեւի ու Նիկոլի հանդիպման մասին, այն մեկի փոխարեն, որը չկայացավ Բրյուսելում: Որտե՞ղ կլինի այդ հանդիպումը, դա արդեն վերջնական պատկերացումների հնարավորություն կտա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ