- 07/12/2022
ԱՄՆ-ն կնահանջի՞ Մերձավոր Արեւելքից
Հասկանալի է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չի լինի արցախյան եւ հայ-ադրբեջանական որեւէ տարբերակ, որի արդյունքում ռուսական զորքերը կմնան տարածաշրջանում (տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/39971/): Սա, ըստ էության, կնշանակի ռուսական աշխարհաքաղաքական գերիշխանության հաստատում, եւ եթե սկսեն գործել նաեւ կոմունիկացիոն ծրագրերը, ապա դա Վաշնգտոնի համար պարտություն է:
Ու թեեւ վերջին ժամանակներս Վաշինգտոնից բավականին կտրուկ հայտարարություններ են լսվում` Իրանի հետ հակամարտությունում անվերապահորեն Ադրբեջանին աջակցելու մասին, Բաքվում անգամ ՆԱՏՕ-ի օրեր են կազմակերպում, բայց ահա Լավրովի հետ հանդիպման շրջանակներում Բայրամովը մեկ ուշագրավ հայտարարություն եւս հնչեցրեց: Այսպես, նա երկար-բարակ խոսում էր խոշոր արտաքին ուժերի մասին, որոնք փորձում են տարածաշրջանում իրենց ազդեցությունն արհեստականորեն ավելացնել՝ սակայն դրանով միայն էլ ավելի խորացնելով տարածաշրջանային հակամարտությունը: Կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ` Բայրամովն ընդգծեց, թե անուններ չի տալու, սակայն կռահելը դժվար չէ: Հաստատ ոչ Ռուսաստանին, որը տարածաշրջանային պետություն է: Այսինքն, այդ խոսքը ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ֆրանսիան կարող են հանգիստ իրենց վերագրել:
Իհարկե, ազերիները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ ցանկացած պահի կարող են խոսքերը փոխելով` գնալ կտրուկ շրջադարձի: Ընդ որում, Բայրամովը հենց տեղում ասվածն ապացուցեց. Մի կողմից խոսում է «Հյուսիս-Հարավից» եւ դրա շրջանակներում Իրանի երկաթուղուց, մյուս կողմից էլ, դրան զուգահեռ, «մեծ եղբոր» հետ զորավարժանքներ են անցկացնում Իրանի սահմանին, իսկ Ալիեւն Իրանի քաղաքացիներին «հայրենակիցներ» է անվանում: Բայց դրանով հանդերձ, իրողությունն այն է, որ այս պահին Բաքուն հստակ երկընտրանքի առաջ է` կա՛մ պետք է գնա Մոսկվայի հետ բախման, կա՛մ` պայմանավորվածության: Եվ եթե այս ֆոնին ակնարկում է տարածաշրջանը «խառնող» ամերիկացիների եւ ֆրանսիացիների մասին, այն էլ, երբ արդեն բանակցել է Լավրովի հետ, դա ավելի շատ հուշում է, որ ռուսների հետ պայմանավորվելու տարբերակն ավելի ձեռնտու է Ալիեւին:
Իսկ այդ դեպքում Վաշինգտոնին կմնա հիմնական հաշվարկները կապել Նիկոլի հետ: Բայց եթե Նիկոլն իրեն արցախյան գործընթացում «խաղից դուրս» է դրել, ապա ի՞նչ կարող է անել ամերիկացիների համար:
Մյուս կողմից, ինչպես ավելի վաղ ներկայացնելու առիթ ունեցել ենք, Վաշինգտոնը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի մեծ տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում, որ առանց դրանց լուծման, Հարավային Կովկասում գործնականում անելիք չկա: Այսինքն, կան մի կողմից` տեսանելի լուրջ խնդիրներ թուրքերի հետ, որոնք սպառնում են ոչնչացնել ամերիկաենթակա քրդերին: ԱՄՆ-ն ռեալ բան քրդերին չկարողացավ խոստանալ, եւ նրանք էլ դիմել են Մոսկվայի միջնորդությանը: Այսինքն, Վաշինգտոնը կարող է նաեւ «քրդական պրյոեկտից» զրկվել: Իրանի հարցը պարզ է: Սաուդյան Արաբիան եւ նրա առաջնորդած արաբական աշխարհն էլ, որն էլի ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցներից էր, պատրաստվում է դեկտեմբերի 9-ին ընդունել նախագահ Սիին: Ընդ որում, կան խոսակցություններ, որ Պեկինն այնպիսի գլոբալ առաջարկներով է դիմելու արաբներին (Իրանի հետ համագործակցությանը զուգահեռ), որ նրանք պարզապես չեն կարող դա մերժել: Առավել եւս, երբ սաուդյան արքայազնը եւ նրա օրինակով` գործնականում ողջ արաբական աշխարհը Բուշի անունն անգամ լսել չեն ուզում:
Կարճ ասած, եթե Վաշինգտոնին չհաջողվի արագորեն ինչ-որ կտրուկ փոփոխություններ ստանալ, ապա կարող է կորցնել իր ողջ ազդեցությունը Թուրքիայով հանդերձ` Մերձավոր Արեւելքից մինչեւ Հնդկաստան եւ Չինաստան, էլ չասած ռուսների մասին: Սա արդեն կդառնա գլոբալ նահանջ, որը փորձագետները համարում են ամենահնարավոր տարբերակը: Առավել եւս, որ Չինաստանը գրեթե անցնում է ոսկե յուանի պրակտիկ կիրառմանը, որը կնշանակի վերջնական ապադոլարիզացիա: Եվ եթե ամեն ինչ գնա ամերիկացիների համար այս վատատեսական սցենարով, ապա Կովկասում դիրքեր պահելը պարզապես դառնում է անիմաստ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ