• 14/12/2022

Իրանն այնպիսի հրթիռներ ունի, որոնց մասին ԱՄՆ-ը անգամ պատկերացնել չի կարող

Իրանն այնպիսի հրթիռներ ունի, որոնց մասին ԱՄՆ-ը անգամ պատկերացնել չի կարող

Իրանն այնպիսի հրթիռներ ունի, որոնց մասին ԱՄՆ-ը անգամ պատկերացնել չի կարող։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին, տեղեկացրել է Press TV-ն։

Նրա խոսքով՝ Իրանը տարբեր զորավարժությունների ժամանակ ցուցադրել է տարբեր զինատեսակներ, որոնք երկիրը կարող է օգտագործել պատերազմի դեպքում։ «Այսօր մենք ունենք հրթիռներ, որոնց մասին ամերիկացիներն անգամ չեն մտածում»,- ավելացրել է նա։

Նա նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որին հաջողվել է հրթիռներ տեղակայել 6-8 մետրանոց նավակներում՝ ընդգծելով, որ թշնամիները հնարավորություն չունեն հասնելու երկրին Պարսից ծոցով, Օմանի ծովով եւ Հնդկական օվկիանոսով։

Նա նշել է, որ ամերիկյան զորքերը ներկա են Պարսից ծոցում 20-րդ դարի սկզբից։  «Ամերիկյան էսկադրոնային ականակիրը շաբաթը 2 մլն դոլար է նսոտւմ, իսկ ականակիրը՝ շաբաթը 5 մլն դոլար, եւ նրանք վճարում են այդ գումարը, որպեսզի մնան տարածաշրջանում»,- ավելացրել է նա։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցի իրանական կղզիներին՝ Թանգսիրին ասել է, որ եթե Իրանը կորցնի Աբու Մուսա կղզու վերահսկողությունը, կկորցնի իր Սիրի կղզին, որը նավթի եւ գազի հանքավայր է։ «Դա Պարսից ծոցի ամենախոր կետն է եւ շատ կարեւոր տեղ երկրի համար։ Եթե այդ շրջանը մենք կորցնենք, այլեւս ոչ մի վերահսկողություն չենք ունենա Պարսից ծոցում»,- ասել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարը։

Նա հերքել է Պարսից ծոցում իրանական երեք կղզիները զավթելու մասին թշնամու պլանը՝ հայտարարելով. «Մենք թույլ չենք տա թշնամուն զավթել մեր հողը»։

Ի պատասխան Չինաստանի եւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի պետությունների (ՊԾԵՀԽՊ) համատեղ հայտարարության՝ արված Էր Ռիյադի ուրբաթ օրվա գագաթաժողովի արդյունքների հիման վրա, Թանգսիրին հայտարարել է, որ երեք կղզիները պատկանում են Իրանին։ Նա ավելացրել է, որ Իրանը ագրեսիա չի կատարի որեւէ երկրի դեմ, բայց նաեւ երբեք թույլ չի տա որեւէ մեկին խոսել իր տարածքային ամբողջականության մասին։

«Այդ կղզիները պատկանում են Իրանին, եւ նրանք, ովքեր հակառակն են պնդում, պետք է դիմեն պատմությանը։ Եթե վերադառնան պատմությանը… Բահրեյնը նույնպես պետք է վերադարձվի Իրանի կազմ»,- ասել է Թանգսիրին։

Իրենց համատեղ հայտարարությունում Չինաստանը եւ ՊԾԵՀԽՊ-ն հաստատել են, որ աջակցում են «խաղաղ ջանքերին, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունն ու ջանքերը»՝ ուղղված Պարսից ծոցում երեք կղզիների խնդրի խաղաղ լուծմանը երկկողմ բանակցությունների ճանապարհով։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ Աբու Մուսա, Մեծ Թոմբ եւ Փոքր Թոմբ կղզիները Պարսից ծոցում իր տարածքի անբաժանելի մասն են, եւ դրանց կարգավիճակը ոչ մի բանակցության ենթակա չէ։