- 21/12/2022
ՌԴ-Բելառուս միությանը միանալու սցենարն իրատեսակա՞ն է
Լաչինի միջանցքի ներկա վիճակի, ինչպես նաեւ Mi 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հայաստանյան սենսացիոն այցի հետ կապված (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=244286&l=am) մեկ վարկած եւս կա հանրային շրջանառության մեջ: Ըստ այդ վարկածի` միջանցքը փակ կմնա, քանի որ սպասում են, որ Նիկոլը դիմում ստորագրի, թե Հայաստանը ցանկանում է անդամակցել ՌԴ-Բելառուս միությանը: Իսկ ահա Մուրն էլ եկել է, որ Հայաստանին «փրկի բոլշեւիկյան վտանգից»:
Հասկանալի է, այդ վարկածը, որը, ի դեպ, շրջանառության մեջ դրեցին արեւմտյան աղբյուրները, մեկ լուրջ թերություն ունի: Այն, որ Միութենական պետությանը անդամակցության` Հայաստանի դիմումը էապես կփոխի տարածաշրջանային ֆոնը, միանշանակ է: Այս դաշինքն արդեն նույնիսկ ՀԱՊԿ չէ, սա լիովին ընդհանուր պաշտպանական համակարգ ենթադրող կառույց է, ընդհուպ, ինչպես Բելառուսի օրինակը ցույց տվեց, գերժամանակակից, այդ թվում` հիպերձայնային եւ միջուկային զինտեխնիկայի տեղակայմամբ: Իսկ Հայաստանը ՌԴ-ի համար ռազմավարական տեսանկյունից ոչ պակաս առանցքային ուղղություն է, որքան Բելառուսը, եւ կասկած չկա, որ նույն պաշտպանական մեխանիզմները նաեւ այս ուղղությամբ կգործեն: Ըստ այդմ, թե Բաքվի (նաեւ` Անկարայի) համար ինչ իրավիճակային փոփոխություն կդառնա Հայաստանում «Կինժալների» տեղակայումը, հասկանալի է: Եվ ասել, թե Ալիեւն ինչ-որ խաղերի մեջ է Լաչինում, որը կարող է դառնալ Նիկոլի վրա ճնշում, որ նա Միությանն անդամակցելու դիմում գրի, աբսուրդի ժանրում է:
Ավելի շուտ կարող է այն տպավորությունը լինել, թե արեւմտյան PR-շիկներն այս թեզը բերել են օրակարգ` փորձելով քարոզել, թե, տեսեք, ռուսները Նիկոլին ինչեր են պարտադրում: Սակայն, այս ամենով հանդերձ, որոշ հետաքրքիր դրվագներ պետք չէ աչքաթող անել: Նախ` այդ վարկածով Նիկոլի համար դիմում գրելու վերջնաժամկետ էր «սահմանված» դեկտեմբերի 19-ը, եւ ծավալվող խոսակցություններում հենց դա էլ ֆիքսվում էր: Եվ ահա, այդ ժամկետի հետ կապված, կա այս կարեւոր փաստը: Երեկ մեկնարկեց ՌԴ նախագահի այցը Բելառուս, եւ եթե մի պահ ընդունենք, թե նշված վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա իմաստավորվում է նաեւ նշված ժամկետը: Այսինքն, որ Պուտինի այցի ընթացքում Միության երկու անդամները կկարողանային թեման քննարկել:
Ընդ որում, նման հստակեցումը նաեւ ՌԴ-ի համար այս պահին կարեւոր կլիներ: Բանն այն է, որ շրջանառվող փորձագիտական գնահատականների համաձայն, Պուտինն ու Լուկաշենկոն պետք է քննարկեն ռազմավարական բնույթի հարցեր: Այդ թվում` հնարավոր համատեղ գործողությունների հարցը ուկրաինական ուղղությամբ, ՆԱՏՕ-ի դեմ պայքարում եւ այլն: Նաեւ հաշվի առնելով, որ մի կողմից` Պուտինը վերջին օրերին մեծապես ակտիվացրել է ՌԴ պաշտպանական համակարգի հետ իր ղեկավարությամբ խորհրդակցությունները, եւ կա կարծիք, որ այդպիսով նա ստանձնում է ուկրաինական ուղղությամբ ռազմական գործողությունների ողջ պատասխանատվությունը` որպես Գերագույն հրամանատար: Ու միաժամանակ, վերջին օրերին բելառուսական բանակն ակտիվորեն կենտրոնանում է ուկրաինական սահմաններին, այդ թվում` այդ հատվածներում է ծանր զինտեխնիկան: Իսկ Ուկրաինան ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քանիցս խոսեց ռուս-բելառուսական ուժերի համատեղ հարվածի մեծ հավանականության մասին` Ուկրաինայի արեւմտյան սահմանների երկայնքով ու Կիեւի ուղղությամբ:
Այսինքն, կարծես թե այս հատվածում «կենացները քաղցրանում» են, եւ եթե իրոք Պուտինն ու Լուկաշենկոն ծրագրել էին այդ կարգի ռազմական-ռազմավարական հարցեր քննարկելը, ապա պետք է հստակեցում ունենային նաեւ կովկասյան ուղղության մասին: Այն հաշվով, որ այստեղ հնարավորինս նվազեցնեն երկրորդ ճակատի ռիսկը, ինչի մասին, ի դեպ, արդեն իսկ ահազանգ կարող է համարվել Mi 6-ի ղեկավարի հայաստանյան այցը:
Բայց այս ողջ համատեքստում արձանագրվեցին որոշ դրվագներ, որոնք էական են լաչինյան այս ողջ թնջուկի համատեքստում: Այսպես, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի ղեկավարների միջեւ ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա: Ընդ որում, այդ արարողությանը մասնակցելու համար Բուխարեստ է ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով արցախահայությանը ցեղասպանության դատապարտող Ալիեւին «հարազատ եղբոր» պես էր ընդունում: Սա Եվրոպայի դեմքը: Գումարած, նույն օրն իրանական արժանահավատ աղբյուրները տեղեկացրին, որ ադրբեջանական բանակի տրանսպորտային ինքնաթիռը, որն օգտագործվում է ռազմական տեխնիկա տեղափոխելու համար, թռիչք է կատարել Հորդանան, եւ 5-ժամյա կանգառից հետո վերադարձել Ադրբեջան: Ընդ որում, ինքնաթիռն այդ 5 ժամը կայանել է այն օդանավակայաններից մեկում, որտեղ ՆԱՏՕ-ն զգալի քանակությամբ զինամթերք է կուտակել:
Այս երկու փաստը բավական է հասկանալու համար «Արեւմուտքը մեզ կօգնի» քարոզչության իրական պատկերը: Նաեւ, որ այս իրավիճակում ՌԴ-Բելառուս միության անդամակցությունը Հայաստանի վերջին շանսն է: Թերեւս, հենց դրա համար էլ արեւմտյան մանկլավիկներն օրակարգ բերեցին հիշյալ վարկածը, որ նաեւ դրանից ելնելով` ծավալեն քարոզ, թե, Նիկոլ, չհամարձակվես նման փաստաթուղթ ստորագրել:
Չնայած, երեկ նաեւ փակագծեր բացեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատմելով այն օգնության առաջարկի մասին, որը ՀԱՊԿ անդամ երկրներն արել են Հայաստանին: Խոսքը 6 կետանոց փաթեթի մասին է, որից ամբողջությամբ կամ անգամ դրա ցանկացած կետից Հայաստանն այսօր էլ կարող է օգտվել: Ընդ որում, դա ամենեւին էլ չի ազդում այն պահանջի վրա, որը Նիկոլը ներկայացրեց ՀԱՊԿ-ին` հրաժարվելով այդ փաստաթուղթը ստորագրել: Այսինքն, կարելի էր օգնությունը ստանալ, իսկ պահանջները թողնել օրակարգում: Սակայն անգամ նման ակնհայտ շահավետ իրավիճակում Նիկոլը մերժեց ՀԱՊԿ ղեկավարներին: Ու դրանից հետո ասել, թե նա կգնա դեպի ՌԴ-Բելառուս, միամտություն կլինի:
Չնայած մյուս կողմից էլ, երբ բոլորի համար է ակնհայտ, թե ինչ հարաբերությունենր են ստեղծվել Արեւմուտքի եւ Ադրբեջանի միջեւ, միանշանակ է նաեւ, որ նման իրավիճակում ռուսական ուղղությանը «գցելը» Հայաստանին ոչնչացման տանելու ամենակարճ ուղին է, ու այստեղ այլեւս մանիպուլյացիաները չեն օգնի: Կարճ ասած, Նիկոլը նորից երկու քարի արանքում է, բայց ամենավատն այն է, որ դրանով նա օրհասական վիճակի է հասցրել Հայաստանն ու Արցախը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ