- 24/12/2022
Ի՞նչ պար է պարում Իլհամ հեյդարովիչը
Երեկ լրացավ 10-րդ օրը, որ Լաչինի միջանցքը փակ է: Ավելին, ազերիները փորձեցին նաեւ նոր սրացումների գնալ՝ թույլ չտալով ռուս խաղաղապահների շարասյան անցումը, ինչը մինչ այդ չէին անում:
ՄԱԿ-Ը ՄԵԶ ԿՕԳՆԻ՞
Չնայած այս ողջ իրավիճակին, ո՛չ հայաստանյան եւ ո՛չ էլ արցախյան իշխանական վերնախավից այդպես էլ չի լսվում հստակ մեկնաբանություն, թե որն է ազերիների իրական պահանջը: Պաշտոնական պահանջները հայտնի էին դեռ առաջին օրը՝ ինչ-որ բնապահպանական աբսուրդ: Դրա տակ հասկացվում էր, որ ավելի ռեալ է խոսել արցախյան հանքերը բրիտանական ընկերությանը փոխանցելու ծրագրերի մասին: Նաեւ հաշվի առնելով, որ այդ ընկերության խոշոր սեփականատերերի մեջ են Իրանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Իսլամական հեղափոխությունից հետո փախել եւ երկար տարիներ Թեհրանի դեմ ուղղված «բազում մանր ծառայություններ» էին մատուցում անգլոսաքսոնական տերերին՝ նույն ընկերությունում ներկայացված ամերիկյան նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կուրատորությամբ: Բացատրություն կար նաեւ, թե ինչու են Իրանի ուղղությամբ գործող այդ «շպիոնական» համակարգը տեղափոխել նաեւ արցախյան հատված. ամերկա-բրիտանական եւ թուրք-ազերիական հատուկ ծառայությունների կազմակերպած՝ Իրանում ներկայիս «հեղափոխությունը» ակնհայտորեն չի ստացվում, եւ արցախյան ուղղությունն այդ ձախողումից հետո դառնում է միակը՝ Ռուսաստանին Իրանից կտրելու ծրագրերի հարցում: Այս տեսանկյունից էլ, իհարկե, պատահական չէր բրիտանական «ագենտ 001»-ի՝ Mi 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի բացառիկ այցը Հայաստան:
Այս վարկածը, ինչ խոսք, ճշմարտության բավականին մեծ մասնաբաժին ունի: Բայց միաժամանակ միայն սրանով առաջ գնալը կարծես թե թերի է, ինչ-որ բան չի «կպնում»: Նախ, ինչպես ցույց տվեց նախօրեին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Լաչինի միջանցքը փակելն Ալիեւի համար այնպիսի լուրջ խնդիր է, որ անգամ ամենակարող Mi 6-ը չի կարող այն «սվաղել»: Այսինքն, անգամ ամերիկյան աղբյուրներն են ֆիքսում, որ Լաչինի միջանցքը փակելն առնվազն ազգային մաքրազտման փորձ է, որը ՄԱԿ-ի օրենքներով ծանրագույն հանցագործություն է: Ավելին, կարող է տրվել նաեւ «Ցեղասպանություն» որակումը, նաեւ հաշվի առնելով, որ Ալիեւը բացահայտ է հայտարարում՝ չկա հայ ազգ, եւ որ հայերը չունեն այս տարածաշրջանի որեւէ հատվածում ապրելու իրավունք: Այսինքն, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն ինչքան էլ որ Ալիեւին գրկաբաց ընդունեն, սակայն այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորը, անգամ Բրիտանիան էր ստիպված դատապարտել բացահայտ հանցագործության փաստը, դա արդեն Հեյդարովիչի համար պետք է որ լուրջ ազդակ լինի: Այսինքն, որ մտել է մի բեռի տակ, որը գլոբալ քաղաքական մթնոլորտի մի փոքր փոխվելու դեպքում անգամ նրան կարող է ծանր հետեւանքներ խոստանալ: Առավել եւս, որ «մեծ եղբայրը»՝ Էրդողանը, ինչքան էլ որ անպարտելի հերոսի կերպար է փորձում ստանձնել, նաեւ Լաչինի միջանցք դեսպան է գործուղում, բայց իր հերթին ունի լրջագույն խնդիրներ, որոնք չգիտես ինչ շրջադարձերի կտանեն: Մասնավորապես, հեղինակավոր քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը, մեկնաբանելով ներկայումս Թուրքիայում տիրող նախընտրական մթնոլորտը, Էրդողանի վերընտրվելու շանսերը. հիմնական մրցակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին անհեթեթ պատճառաբանությամբ դատելը միայն բազմապատկեց նրա վարկանիշը: Ավելին, այս ֆոնին նրա շուրջ կոնսոլիդացվում է ընդդիմությունը: Սակայն դատավճիռը նաեւ պետք է Վճռաբեկ դատարանով անցնի, որը Թուրքիայում տարիներ է տեւում: Այսինքն, եթե հիմա Էրդողանին չհաջողվի Վճռաբեկին պարտադրել՝ ռեկորդային արագությամբ հաստատել Իմամօղլուի նկատմամբ դատավճիռը, ապա՝ «Նա դառնում է հանրապետության ամենահավանական ապագա նախագահը»: Եթե անգամ Իմամօղլուին բանտ տանեն, դա շատ ավելի մեծ ռեզոնանս կարող է առաջացնել՝ նախագահի աթոռին տանելով յուրաքանչյուրին, ում նա կմատնանշի:
Այսինքն, մի շարք ուղղություններով Էրդողանի նախընտրական բեռը գնալով միայն ծանրանում է, եւ դա արդեն նաեւ նոր պատերազմական արշավներով շտկել չի լինում, ընդհակառակը: Այս վիճակում սահմանափակվում է նաեւ Ալիեւին օգնելու Էրդողանի ներքաղաքական ռեսուրսը:
Գումարած, Ալիեւը պետք է որ պարզ հասկանա, թե ինչ ծանր հակամարտության մեջ է մտել Ռուսաստանի հետ: Ճիշտ է, ռուսները զբաղված են Ուկրաինայում, բայց Հարավային Կովկասն էլ պակաս ռիսկային, անվտանգային ուղղություն չէ Մոսկվայի համար: Անգամ «մեծ եղբոր» աջակցության դեպքում իրավիճակի ծանրությունը չի թուլանում. աշխարհի խոշորագույն միջուկային սպառազինությունն ունեցող երկրի հետ նման խաղերը միշտ էլ ծայրահեղ վտանգավոր են: Նաեւ, պետք է հաշվի առնել, որ Լաչինի միջանցքի պատմությունը, ինչպես ցույց տվեց ՄԱԿ ԱԽ նիստը, այն միակ թեման է, որտեղ ՌԴ-ն եւ Արեւմուտքը մոտավորապես նույն բանի մասին էին խոսում: Ու չպետք է բացառել, որ այս ուղղություններում ակտիվ սրացումների գնալու պարագայում այս հարթակը, որպես երկխոսելու բացառիկ դետալ, Մոսկվան ու Վաշինգտոնը կցանկանան պահել, որը եւս Ալիեւի համար վտանգ է:
Կարճ ասած, եթե անգամ ընդունենք, որ Ալիեւը մտածում է ՌԴ-ի հետ ծանր հակամարտության մեջ մտնել, ապա Լաչինի միջանցքը փակելը դրա ամենավատ տարբերակն է: Այսինքն, միջանցքը փակելով՝ ռուս խաղաղապահներին ոչ միայն չես կարող դուրս մղել, այլ նաեւ ստեղծում ես պայմաններ, որոնք կարող են մինչեւ իսկ խաղաղապահների մանդատի բնույթը փոխել՝ եռակողմ պայմանավորվածությունների ձեւաչափից այն դարձնելով ՄԱԿ ԱԽ-ի անժամկետ մանդատ: Այսինքն, եթե ընդունենք, որ իրոք Ալիեւի ուզածը ռուսական զորախմբի հետ հակամարտությունն է, ապա նրա համար շատ ավելի ձեռնտու կլիներ ուղիղ հարձակման տարբերակը:
Ի՞ՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
Իսկ Ալիեւը, չմոռանանք, միգուցե դեռ պատերազմական էյֆորիայի ազդեցության տակ է, բայց ամենեւին էլ հիմար մարդ չէ ու պետք է որ լավ հասկանա, թե Լաչինի միջանցքը փակելով՝ ինչ բեռի տակ է մտել: Ահա, հենց այս դետալն է, որ որոշակիորեն ստվերում է Mi 6-ի եւ թուրքերի հետ համատեղ խաղով Լաչինի միջանցքը փակելու վարկածը: Չէ՛, ակնհայտորեն այստեղ մեկ այլ նյուանս էլ կա, որը հասկանալ է պետք:
Այսպիսով, իրավիճակը շատ ավելի հստակ կլիներ, եթե դուրս լողար այն լուրը, թե կոնկրետ ի՞նչ են բանակցում այս 10 օրերին: Ամեն դեպքում, ռուսական կողմը քանիցս հաստատել է՝ ընթանում են բանակցություններ, այդ թվում՝ հայկական կողմի մասնակցությամբ: Բայց կոնկրետ ինչի՞ շուրջ, նաեւ ի՞նչ նկատի ունեն հայկական կողմ ասելով՝ Հայաստա՞նը, թե՝ Արցախը, ոչինչ չի ասվում: Եվ, կրկնենք, ոչինչ չի ասում նաեւ պաշտոնական Երեւանը: Բայց այստեղ արդեն իսկ մեկ էական նյուանս կա. եթե բանակցում է նշված երեք կողմը, ապա դա մեկ բան է նշանակում՝ բանակցությունները «Եռակողմ ձեւաչափով» է: Ընդ որում, բանակցային այլ հարթակի, ասենք՝ «Բրյուսելի ձեւաչափի» մասին գոնե մինչ այժմ խոսք անգամ չի եղել: Մեկ այլ հարց եւս կա. իսկ ի՞նչ մակարդակով են բանակցում: Խաղաղապահների հրամանատարությունն ու ցուցարարների ներկայացուցիչներն ինչ-որ քննարկումներ ունեցել են: Սակայն փաստը, որ միջանցքն արդեն 10 օրից ավել փակ է, արդեն իսկ վկայում է, որ դրանք անիմաստ քննարկումներ են: Նաեւ տրամաբանորեն է այդպես. թեման եթե հասել է ՄԱԿ ԱԽ-ի մակարդակի, ապա դրա շուրջ խաղաղապահների հրամանատարության եւ ինչ-որ «բնապահպանների» մակարդակով չէ, որ կարող են բանակցել: Նշանակում է՝ բանակցությունները վերին հարթակներում են: Ասենք, հենց առաջին օրը, երբ Պուտինը խոսեց Ալիեւի եւ Նիկոլի հետ, արդեն իսկ հուշում է, որ խաղաղապահներ-բնապահպաններ մակարդակը իրական բանակցությունների հետ աղերս չունի:
Բայց նաեւ նկատենք, որ Ալիեւի եւ Նիկոլի հետ Պուտինի այդ հեռախոսազրույցից հետո նման կապերի մասին այլ տեղեկություն չկա: Այսինքն, կա՛մ այս պահին այդ մակարդակով բանակցությունները սառեցվել են, կա՛մ շարունակվում են ոչ հրապարակային տարբերակով, կա՛մ էլ դրանք տեղափոխվել են այլ «անտեսանելի» հարթակ: Իհարկե, հնարավոր է նաեւ այս երեք տարբերակների զուգորդումը:
Եվ ահա, դեկտեմբերի 20-ին վարչապետի աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պաշտոնապես հաստատեց, որ դեկտեմբերի 26-27-ին Նիկոլը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ: Սովորաբար նման այցերի մասին հայտարարում են վերջին պահին, բայց այս դեպքում, երբ այսքան առաջ ընկան, դա արդեն նմանվում է ազդակի, որ հենց Սանկտ Պետերբուրգում էլ կդրվի Լաչինի միջանցքի թեմայի վերջակետը: Կամ միգուցե չի դրվի, եւ միջանցքը դեռ կմնա փակ:
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Սանկտ Պետերբուրգ Նիկոլին սպասվող այցի պաշտոնական առիթը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովն է: Բայց նաեւ դժվար չէ կռահել, որ հենց այդ այցի շրջանակներում էլ կլինեն Պուտինի ու Ալիեւի հետ եռակողմ բանակցությունները, ու կարծես թե հենց դրանց շրջանակներում էլ կորոշվի նաեւ Լաչինի միջանցքի ճակատագիրը: Կլինե՞ն այդ բանակցությունները պաշտոնական. վարչապետի աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է երկկողմ կամ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ, պատասխանեց. «Դեռեւս նման օրակարգ չկա»: Այսինքն, չի հաստատում եւ չի էլ բացառում: Դա նշանակում է, որ դեռ կան «անտեսանելի» քննարկումներ, որի արդյունքում էլ պաշտոնական եռակողմ հանդիպման մասին որոշում կլինի:
Թե ինչն է այս պահին այդ որոշման համար առաջնային, կարելի է կռահել կառավարության նիստում Նիկոլի երեկվա հայտարարությունից. «Պետք է ասեմ, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, եւ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը եւս դրական կլինի»: Թե կոնկրետ ինչ, ապա ըստ նրա՝ հայկական կողմը դեռեւս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Նաեւ, որ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները: Վերջապես. «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները եւ պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման…»: Այն տպավորությունն է, որ կոմունիկացիաների մասին առաջարկներն այս օրերին են փոխանցվել, եւ եթե այդպես է, ապա նշանակում է, որ հենց այստեղ է ամենաառանցքային թեման:
Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ սխեմա է փոխանցել Նիկոլը: Այն տարբերակը, որը նա ժամանակին դրել էր շրջանառության մեջ՝ Հայաստանի սուվերեն տարածքի եւ արտաքին վերահսկողության բացառման մասին, ակնհայտորեն գնաց արգելակման: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում հենց Նիկոլն է իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որը սահմանում է նաեւ, որ Ադրբեջանից՝ Նախիջեւան՝ «Տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»: Եվ ահա, թեեւ 9-րդ եւ 6-րդ կետերի որոշ առանձնահակտությունների, Ալիեւը պնդում է, որ 9-րդ կետը նույն բանն է, ինչ 6-րդ կետով սահմանվածը: Այսինքն, որ ռուսները Լաչինի միջանցքում եւ Նախիջեւան տանող ճանապարհին պետք է իրականացնեն «վերահսկողություն», որը չկա ու չկա:
Նիկոլը, կրկնենք, այլ տեսլական ուներ, եւ այս թեման այդպես էլ լռվել-մնացել է: Ու հիմա, եթե նա Ալիեւին է փոխանցել «կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները», ապա նախ հասկանալ է պետք՝ Նիկոլն իր հին կարծիքի՞ն է, որն այդքան ձեռնտու է ամերիկացիներին՝ կոմունիկացիոն վերահսկողությունը ռուսներին չթողնելու համար, թե՞ որոշակի նահանջի է գնացել:
Այն, որ Նիկոլը «հույս ունի», որ իր առաջարկներին «Ադրբեջանի արձագանքը եւս դրական կլինի», եւ կստորագրեն «խաղաղության պայմանագիր», կարելի է համարել նահանջի մասին որոշակի ակնարկ: Առավել եւս, որ այլ լուծումներ նրա խոսքում տեսանելի չէին: Այսպես, խոսում է, թե՝ «Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»: Այն դեպքում, որ ՄԽ պարզապես չկա, էլ չասած, որ ի՞նչ պետք է տա նման «փաստահավաք առաքելությունը», երբ ՄԱԿ ԱԽ-ում առանց դրա էլ գործնականում բոլորն ընդունեցին, որ Ալիեւն է փակել Լաչինի միջանցքը: Դա արդեն իսկ փաստ է, եւ «փաստահավաք առաքելությունը» դրան էլ ի՞նչ կարող է ավելացնել: Մի քիչ էլ նա փնթփնթաց խաղաղապահների հասցեին, թե՝ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը»: Սակայն այս թեզն էլ հենց իրեն է սկսել հարվածել: Թեկուզ միայն այն տեսանկյունից, թե ինքն ի՞նչ է արել, որ միջանցքը բացվի: Բացի, իհարկե, Ալիեւին գրկաբաց ընդունող եվրոպացիներին «մոնիտորինգի» հրավիրելուց:
Այսպիսով, Արեւմուտքից սպասելիքները չնչին են, ավելի ճիշտ, այնտեղից միայն վատ թաքցված սպառնալիքներ կան: Սեփական ռեսուրս Նիկոլը չունի: Մնում է եռակողմ ձեւաչափը: Հակառակ դեպքում, եթե բանը հասնի Արցախում սովին, Նիկոլը հազիվ թե դրա տակից կարողանա դուրս գալ, ինչքան էլ որ «ձեռքերը լվացել է»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ