- 24/12/2022
Ռուսաստանը Լաչինի միջանցքում շատ բարդ խնդիր ունի, որը Փաշինյանը ոչ մի կերպ չի թեթեւացնում. Զատուլին
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուս խաղաղապահների փաստացի անգործության մասին չի թեթեւացնում Մոսկվայի՝ ճգնաժամը լուծելու խնդիրը։ Այս մասին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա»):
«Ադրբեջանի այս ակցիան, իհարկե, վարկաբեկում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Բայց մինչ այժմ խաղաղապահների մանդատը համաձայնեցված չէ։ Նրանք տեղակայվել են շտապ կարգով։ Իսկ մանդատը միտումնավոր համաձայնեցված չէ, գլխավորապես, Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, ինչից Ռուսաստանը ցանկանում է խուսափել։ Մենք շատ բարդ խնդիր ունենք, որը պարոն Փաշինյանը ոչ մի կերպ չի թեթեւացնում»,-ասել է Զատուլինը։