- 11/01/2023
Իրականում ինչ խաղ են խաղում Նիկոլն ու Ալիեւը Լաչինի միջանցքում
Չնայած այն բանին, որ արդեն լրանում է Արցախի բլոկադայի մեկ ամիսը, սակայն հանրային ընկալումներում այդպես էլ տեսանելի չէ միասնական գնահատական, թե ինչու Ալիեւը գնաց այդ քայլին, որն է դրա հիմնական իմաստը, որոնք են շարժիչ ուժերը: Վարկածներից մեկով Ալիեւը շրջափակել է Արցախը՝ արցախահայությանը գաղթ պարտադրելու համար:
ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Իհարկե, այս բաղադրիչը կա, սակայն միայն դրանով ամեն բան չես բացատրի: Առավել եւս, երբ հաշվի ես առնում փաստը, որ բլոկադան ամենեւին էլ հարյուր տոկոսանոց չէ, որի մասին հազիվ թե Բաքվում չիմանան: Եվ եթե դա էլ չեն արգելափակում, ապա պարզ հարց է՝ իսկ ինչո՞ւ է Ալիեւը փակել միջանցքը:
Հանրային ընկալումներում կա այն կարծիքը, թե դա Ալիեւի եւ Նիկիոլի համատեղ խաղն է, այլ վարկածով՝ արեւմտյան թելադրանքով: Արեւմտամետներն էլ պնդում են, թե չէ, դա Ալիեւն անում է Մոսկվայի հետ համագործակցված, եւ այլն:
Ինքը՝ Նիկոլը, դեռ անցած տարեվերջից սկսած մի գլուխ մեղադրանքների հեղեղ է հղում ռուսների ուղղությամբ: Կարելի է հիշեցնել թեկուզեւ այս տարվա կառավարության առաջին նիստում նրա հայտարարությունը. «Իմ համոզմամբ, ամենախորն ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, ու միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է»: Դժվար չէ նկատել, թե ինչ է քարոզում. «միջազգային » ՝ կեցցե, իսկ ռուսներն իրենց դերը չեն կատարում: Սակայն, ի տարբերություն մեր տեղական «ժեխի», Նիկոլը, այդ քարոզներով հանդերձ, բոլորիցս էլ լավ գիտի, թե Արցախի դեռ հայկական լինելու գործում ով ինչ դեր ունի: Դրանից զատ, նա նաեւ բոլորիցս լավ է հասկանում, թե ինչ ֆունկցիաներ ունեն խաղաղապահները: Այդ թվում, երբ պահանջում է, թե՝ «Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է», ապա միգուցե նաեւ կառաջարկի՞, թե խաղաղապահներն այս իրավիճակում ինչ պետք է անեն: Օրինակ, պետք է ուժո՞վ քշեն ազերի «բնապահպաններին», նաեւ հաշվի առնելով, որ այն մանդատը, որը նաեւ իր՝ Նիկոլի ստորագրությամբ է տրված խաղաղապահներին, անզեն «ակտիվիստների» դեմ զենքի գործադրում չի նախատեսում: Եվ երբ այս իրավիճակում նա պաշտոնապես մեղադրանք է հղում ռուսներին, պարզ հարց է ծագում, թե այս ի՞նչ խաղ է խաղում: Թե ինչ խաղ է, դեռ կհասնենք: Սակայն փաստը, որ հենց այս պահին Թուրքիան բացում է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների ուղին, մեկ բան է ցույց տալիս՝ Անկարան գոհ է այդ խաղից:
ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԱԼԻԵՎԸ
Նման իրավիճակն է, որ առաջ է բերել վարկածը, թե Ալիեւն ու Նիկոլը միասնաբար են խաղ տանում ռուս խաղաղապահների դեմ, այդ թվում՝ Արցախը շրջափակելով Մոսկվային վարկաբեկելու միջոցով: Միգուցե այս տրամաբանությունն ընթացող մեծ խաղի մեջ իր տեղն ու իմաստն ունի, սակայն դա ամեն բան չէ, որ բացատրում է, եւ կարելի է ընդամենը խաղի ենթաշերտերից մեկը համարել:
Նկատի ունենք, որ որոշ առանցքային հարցեր մնում են առանց պատասխանի: Օրինակ, Ալիեւն իր ամանորյա շնորհավորանքում նման միտք հնչեցրեց. «Այս տարվա հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար »:
Եթե Ալիեւը նման լավատեսական տրամադրությունների մեջ է, ապա նույն պարզ հարցն է՝ իսկ նրա ինչի՞ն էր պետք միջանցքը փակելը: Կարելի է նման բացատրություն տալ, թե Նիկոլը կստորագրի, բայց վերջնական լուծման համար պետք է արցախցիներին, դրանով էլ՝ խաղաղապահներին հեռացնել: Հենց սա էլ, ի դեպ, նախատեսում էր «Բրյուսելի ձեւաչափով» «խաղաղության պայմանագիրը»:
Բայց հենց այստեղ է, որ բախվում ենք «ամենատարօրինակին»: Ալիեւն իր խոսքում թեեւ հիշատակում է Պրահայի պայմանավորվածությունները, որը «Բրյուսելի ձեւաչափով» էր, բայց անմիջապես էլ անցնում է դրան հաջորդած Սոչիի հանդիպմանը, որն արդեն «Եռակողմ ձեւաչափով» էր: Ընդ որում, հենց Ալիեւն էր, որ «Բրյուսելի ձեւաչափից» հրաժարվեց՝ չմասնակցելով դրա շրջանակներում դեկտեմբերի 7-ին նախատեսված հերթական հանդիպմանը: Դրանից էլ զատ, այս տարեսկզբին պաշտոնից հեռացավ հարավկովկասյան ուղղությամբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ եւ համատեղության կարգով «Մինսկի խմբի» ամերիկյան համանախագահի պաշտոնը զբաղեցնող Ֆիլիպ Ռիքերը: Հենց նա էր, որ համարվում էր եթե ոչ «Բրյուսելյան ձեւաչափի» «կնքահայրը», ապա առնվազն այդ ձեւաչափը վերահսկող ամերիկյան պաշտոնյան:
Ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի, 57-ամյա Ռիքերը թոշակի է անցնում, եւ դա որոշել է անցած տարեվերջին: «Տարօրինակ զուգադիպությամբ» այն ժամանակ, այն բանից հետո, երբ Ալիեւը հրաժարվեց Նիկոլի հետ «Բրյուսելի ձեւաչափով» հանդիպումից: Ու երբ դրանից հետո Ռիքերը որոշում է «թոշակի անցնել», դա առնվազն խոսում է այն մասին, որ ամերիկյան մոդելով «խաղաղության պայմանագրի» ապագան դարձել է առավելագույնս մշուշոտ: Չէ՛, դա չի խոսում այն մասին, որ անգլոսաքսերը որոշեցին հարավկովկասյան խաղից դուրս գալ: Սակայն ակնհայտորեն այդ պահին նրանց համար բարդ իրավիճակ էր, որը նրանք փորձեցին հաղթարել այնպիսի աննախադեպ քայլով, ինչպիսին էր MI-6 ղեկավար Ռիչարդ Մուրի հայաստանյան այցը:
Կարծես թե նման է նրան, որ «Բրյուսելյան ձեւաչափի» ձախողումը օրակարգում թողեց միայն «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, որը կարող էր ստորագրվել տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Եվ ահա Մուրի այցից հետո նախ՝ Նիկոլի հակառուսական հռետորաբանությունը կտրուկ սրվեց, ապա, անպտուղ մնաց Սանկտ Պետերբուրգի հանդիպումը:
Բայց այս իրավիճակում, երբ տարեսկզբին Ալիեւը խոսում է «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բոլոր պայմաններից», ապա տրամաբանական է դառնում այն պարզ հարցը, թե ո՞ր «խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը: Եթե բրյուսելյան տարբերակը չկա, համենայնդեպս՝ նա այդ ուղղությամբ քայլերից հրաժարվեց ՝ հաշվի առնելով Մոսկվայի գործոնը, նշանակում է, որ հիմա օրակարգում մնացել է միայն ռուսական տարբերակը: Ընդ որում, այն տարբերակը, որի մասին Նիկոլն այդքան դրվատանքով էր խոսում՝ այն գրեթե համարելով իր «մանկության բյուրեղյա երազանքը»:
«ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐԱՆ
Այսպիսով, ստանում ենք այս «տարօրինակ» պատկերը. Ալիեւը խոսում է «խաղաղության պայմանագրի» միակ տարբերակի մասին, Նիկոլը երազում է, որ այն ստորագրվի, ռուսները հանդիպում են կազմակերպում, եւ… ստորագրելու փոխարեն Լաչինի միջա՞նցք են փակում: Ի՞նչ է ստացվում՝ Ալիեւը միջանցք է փակում, որ իր ուզած պայմանագիրը չստորագրի՞: Կամ մյուս կողմից. բոլորն են հասկանում, որ միջանցքը բացել հնարավոր է միայն եռակողմ բանակցությունների շրջանակներում: Բայց ահա Նիկոլի արտգործնախարարը դեռ էն գլխից հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ Բայրամովի եւ Լավրովի հետ այդ հարցով բանակցելու համար: Իսկ Նիկոլն էլ միայն զբաղված է՝ պատասխանատվությունը խաղաղապահների վրա դնելով: Եվ այն դեպքում, երբ խաղաղապահները չունեն բանակցելու ոչ մի լիազորություն, այդ քայլով Նիկոլը միայն ցույց է տալիս, որ չի պատրաստվում անձամբ բանակցել: Ինչո՞ւ, չէ՞ որ հենց դրանից է կախված իր «երազանքների» «խաղաղության պայմանագրի» ստորագրումը:
Չէ, հակասություններով լի իրավիճակում իրականում ամեն բան պարզ է, եթե մի փաստ ենք հիշում: Եթե «Բրյուսելի ձեւաչափ» չկա, ապա դա դեռ չի նշանակում, որ անգլոսաքսերի համար ընդունելի կարող է լինել «Եռակողմ ձեւաչափով» խաղաղության պայմանագիրը: Սրա հետ երեւի Նիկոլն էլ համաձայն կլինի. Մուրը վկա: Իսկ եթե Վաշինգտոնի եւ Լոնդոնի համար ընդունելի չէ, Նիկոլը, ասենք նաեւ Ալիեւը կարո՞ղ են ստորագրել: Իսկ ահա Լաչինի միջանցքը լավ առիթ է չստորագրելու համար: Առավել եւս, երբ դա կարելի է ծառայեցնել նաեւ հակառուսական հիստերիա սրելուն:
Բայց մյուս կողմից էլ, չմոռանանք, որ նույն Նիկոլը, ասենք նաեւ Ալիեւը Պրահայից հետո վազեցին Սոչի: Այսինքն, նաեւ ռուսների «խնդրանքները» մերժել չեն կարող: Ալիեւը, միգուցե մի փոքր ավելի հանգիստ շնչելով, քան Նիկոլը, սակայն տարբերությունը շատ մեծ չէ:
Իսկ թե որ գլոբալ թեւի «խնդրանքը», ի վերջո, կկատարեն, թերեւս պարզ է դառնալու մոտ ժամանակներս Ուկրաինայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ