- 14/01/2023
Ալիեւի սպառնալիքներն ու Նիկոլի «խորհուրդները» Արցախի վրա այդպես էլ չեն ազդում
Կառավարության երեկվա նիստը հազիվ սկսած, Նիկոլը կրկին սկսեց խոսել Արցախի մասին: Թե ինչ էր խոսում, դա դեռ մի կողմ թողնենք, նախ կենտրոնանալով մեկ պարզ հարցի վրա՝ իսկ նա ի՞նչ գործ ունի Արցախի հետ, որ հերիք չէ՝ խոսում է, դեռ մի բան էլ փորձում է ուղղություններ ցույց տալ արցախցիներին:
ՊԻՂԱՏՈՍԱԿԱՆ ՍԽՈԼԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիշեցնենք, իր վերջին ասուլիսում Նիկոլը եւս մեկ անգամ բացահայտ հրաժարվեց Արցախից, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի խնդրից: Իմաստը մոտավորապես սա էր՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, նաեւ, որ ռուսները ստանձնել են Լաչինի միջանցքի պատասխանատվությունը, թող նրանք էլ հարցը լուծեն, Հայաստանը ոչ մի պարտավորություն նոյեմբերի 9-ի համաձայնագրով չունի: Սխալ էր ասում, ճիշտ էր ասում, ինչու էր ասում, այս մասին չէ խոսքը: Այլ այն փաստի, որ բացահայտորեն Պիղատոսի կերպար ստանձնելով, Նիկոլը պարտավոր էր «ձեռքերը լվալ» եւ այլեւս քիթը չխոթել Արցախի գործերի մեջ:
Բայց չէ, նորից որոշեց խոսել, ու դա հերիք չէ, նաեւ սկսեց խորհուրդներ տալ Արցախին, թե՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ»: Թե դրա տակ ինչ է հասկանում, բացատրեց՝ «Առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից», «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մեջ պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, եւ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որեւէ մեկը նրանց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ» եւ այլն: Ու այստեղ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլը վերջին ասուլիսյան շոուից հետո էլի հիշեց արցախցիների մասին ու սկսեց խորհուրդներ տալ:
Իհարկե, այստեղ նախ պետք է մեկ այլ հարց տալ՝ իսկ քանի՞ կոպեկի արժեք ունեն նիկոլյան խորհուրդները, երբ նույն ասուլիսում, ըստ էության, իր իսկ բերանով հերթական անգամ հաստատեց, որ քաղաքական հեռատեսության հարցում նրա գնահատականները ոչ թե նույնիսկ զրոյական մակարդակի վրա են, այլ՝ կործանարար: Օրինակ, երբ խոստովանում է, որ ժամանակին կարող էր ստորագրել «5+2» սցենարը, որն անհամեմատ ավելի ձեռնտու էր Հայաստանին, բայց չի ստորագրել ու դրանից հետո խոսում է «հայի հետին խելքից», այն է՝ չստորագրելը սխալ էր, էլ ինչպե՞ս կարող ես ինչ-որ մեկին ինչ-որ խորհուրդ տալ: Ավելին, նույն այդ ասուլիսում արեց հայտարարություններ, որի արդյունքում Հայաստանի միակ դաշնակիցը կարող է Արտգործնախարարության խոսնակի մակարդակով ասել, թե՝ «Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երեւանի հայտարարությունները էապես տարբերվում են: Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, եւ միաժամանակ հակամարտության՝ Արեւմուտքի կողմից ներկայացվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին…»: Ու միաժամանակ նաեւ հիշեցնելով վերջին նման հակասական արարքները, այդ թվում, թե այդ Նիկոլն է, որ ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ենթադրում է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել, նաեւ. «Կուզենայի նաեւ հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ: Բայց Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը: Դա թույլ չտվեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հրատապ այլ հարցեր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը…»: Մի խոսքով, որ. «Սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»: Եվ սա այն բանից հետո, երբ նույն Նիկոլը պնդում է, թե՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են. բարձր մակարդակի պարագայում ոչ մի ԱԳՆ խոսնակ չէր կարող իրեն թույլ տալ՝ դաշնակից երկրի ղեկավարին մեղադրել «սխոլաստիկայով զբաղվելու» մեջ: Ու այսքանից հետո Նիկոլը դեռ փորձում է խորհուրդնե՞ր տալ…
Չնայած, հետաքրքիր է նաեւ, թե ՌԴ ԱԳՆ-ն, ի դեմս Զախարովայի, սպառնո՞ւմ էր, թե՞ միայն խորհուրդ տալիս:
ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ»
Լավ, այս ամենը մի կողմ թողնենք՝ հասնելով բուն հարցին՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլն իր պիղատոսությունից հետո սկսեց նորից խորհուրդներ տալ: Այստեղ, թերեւս, պետք է նկատել, որ Նիկոլի ասուլիսից հետո շրջանառության մեջ հայտնվեց Ռուբեն Վարդանյանի հարցազրույց-ելույթը, որը կարելի է նաեւ Նիկոլի ասածների պատասխանը համարել: Նախ, խաղաղապահներին ուղղված նիկոլյան մեղադրանքների փոխարեն, Վարդանյանն այսպես գնահատեց փաստը, թե ինչու է միջանցքը դեռ փակ մնում. «Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է: Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը: Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որեւէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն…. Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ»:
Էլ ավելի էական էր մյուս միտքը, որը պետք է ոչ թե միայն Նիկոլի ելույթի, այլ միջանցքը փակելուն արցախահայության արձագանքը, գործողությունների ծրագիրը համարել. «Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի մարդ էր հավաքվել: Միասնական որոշում կայացվեց. չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին, սա մեր հայրենիքն է: Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք: Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաեւ նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը: Ինչեւէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք, մենք մեր տներից չենք հեռանալու»:
Կարճ ասած, Ալիեւն ինչ ուզում է, թող անի: Ուզում է ճանապարհ փակի, նոր պատերազմ սկսի, իր որոշելիքն է, Արցախն իր որոշումը չի փոխելու: Ու հենց սա է, որ փակուղային վիճակի է տանում Ալիեւին: Նոր պատերազմ սկսելով, բացի 120 000 մարդ սպանելու տարբերակից, նաեւ ռուսների հետ բախվելու խնդիրը կա: Չսկսելով, չպետք է հույս ունենա, որ շրջափակումն ինչ-որ բան կփոխի: Նվազագույն սնունդ Արցախն իր համար կարող է ապահովել, անհրաժեշտության դեպքում փայտ վառելով էլ յոլա կգնան, գարունն էլ հեռու չէ: Այսինքն, լոնդոնյան սցենարը, թե այդպիսով կարող են արցախահայությանը պարտադրել՝ ընդունել Ալիեւի իշխանությունը, որից հետո ռուսներին կհեռացնեն, ակնհայտորեն չի աշխատում:
Ու ահա այդ պահին էլ Նիկոլը սկսում է խոսել ինչ-որ «կառուցողական խոսակցությունների», դրանք չխափանելու անհրաժեշտության եւ նման այլ աբսուրդային բաներից, թե չթողնեք, որ «որեւէ մեկը ձեզ մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»: Ու ի՞նչ խոսակցության մասին է նա ակնարկում, երբ Ալիեւը սպառնում է ոչ միայն Արցախը գրավել, այլ նաեւ Հայաստանը, եւ թքած ունի ամեն մի բանակցության վրա: Այսինքն, Նիկոլը, ըստ էության, առաջարկում է, թե՝ ծնկեք ազերիների առաջ, որ ձեզ չսպանե՞ն, այսինքն, այն նույն «քաղաքականությո՞ւնը» կիրառեն, որի արդյունքում Հայաստանը հասավ այս խղճուկ վիճակին՝ կանգնելով անդունդի շեմին: Բայց չէ՞ որ այդ առաջարկը երեք մարդու է ձեռնտու՝ Ալիեւ-Էրդողան «սիամական երկվորյակներին» ու մեկ էլ Էրդողանի լավագույն ընկերներից մեկին՝ MI 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրին:
Չնայած, թերեւս Նիկոլը հասկանում է, որ հազիվ թե իր խորհուրդներին Արցախում ուշադրություն դարձնեն, եւ երեկ փորձում էր նաեւ վախեցնել. «Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, եւ չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի եւ էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ քաղաքական եւ պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը»:
Իսկ միգուցե նաեւ կբացատրի՞, թե ում է համարում «ռազմական էսկալացիայի սցենարը մշակողներ»: Նկատի ունի Ալիեւի՞ն: Այդ դեպքում էլ ի՞նչ «Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ» երկխոսության մասին է ասում, երբ «երկխոսող» կողմերից մեկը պատերազմի է պատրաստ: Թե՞ ռուսներին նկատի ունի, որը, իհարկե, ոչ մի «Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսություն» թույլ չի տա, քանի որ դրա արդյունքը միանշանակ դառնալու է Արցախի անկումը. 2020թ.-ին ռուսները նրա համար Արցախը չպահեցին, որպես հայկական միավոր, որ հիմա «սկուտեղի վրա» Ալիեւին մատուցեին:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Մյուս կողմից, նոր պատերազմով վախեցնելն էլ տեղին չէ: Ռուսներից զատ, կա նաեւ Իրանի գործոնը, եւ այս երկու թեւերն ակնհայտորեն սկսել են համատեղ գործել: Օրինակներից մեկը նախօրեին կայացած Պուտին- Ռայիսի հեռախոսազրույցն է, որի ժամանակ. «Նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետեւողական իրականացմանը»: Իսկ իրանական «Mehr» գործակալությունն էլ մատնանշել է, «համագործակցության եւ համակարգման միջոցով կարող են լուծվել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասի եւ Սիրիայի»: Եվ դա տրամաբանական է՝ եթե Մոսկվան եւ Թեհրանը պատրաստվում են կովկասյան ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցք տանել, պետք է նաեւ բացառեն առկա ստատուս-քվոյի փոփոխությունը, որի պարագայում այս տարածաշրջանում կարող են թուրք-ՆԱՏՕ-ական զորքեր հայտնվել:
Ու երբ այս իրավիճակում արցախցիներին այդպես էլ չեն կարողանում ստիպել կամ համոզել՝ թուրքի առաջ ծնկի գալ, անիմաստ է դառնում MI 6-ի շեֆի Հայաստան գալը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ