- 26/01/2023
BBC-ն եւս բացահայտեց, թե ում է պետք Լաչինի փակ միջանցքը
Արցախի բլոկադայի պատճառների մասին անցած քառասունից ավել օրերին բազմապիսի վարկածներ են շրջանառվել: Մասամբ՝ միանգամայն տրամաբանական, մասամբ՝ ակնհայտ շահարկումներով եւ տարաբնույթ խաղերով համեմված: Եվ ահա, հարցազրույցը, որը տվեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը BBC-ին, եկավ հաստատելու այն ամենատարածված վարկածներից մեկը, որ շրջափակման բուն արմատներում պետք է բրիտանական հետքեր փնտրել:
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՈՃՈՎ
Ընդ որում, ասվածը բխում է ոչ այնքան Վարդանյանի պատասխաններից, որքան բրիտանական այդ առանցքային քարոզչամեքենայի հարցերից, որոնցից մի քանիսն այն տպավորությունն էին առաջ բերում, որ հարցաշարը կանխավ հաստատվել է Ալիեւի կողմից: Այսպես, փոխանակ շեշտը դնելու այն փաստի վրա, որ 40 օրից ավել ճանապարհը փակ է, դրա հետեւանքով ցեղասպանության շեմին է հասցված Արցախի 120 հազար բնակիչներն ու նրանց թվում՝ 30 հազար երեխաները, ճանապարհը բացելու մասին պահանջներ, կամ գոնե մոտեցումներ դրսեւորելու տրամաբանական մոտեցումը գործնականում մի կողմ թողնելով, BBC-ն հիմնականում հետաքրքրվում էր, թե ով է Վարդանյանը, ինչ բիզնես-գործունեություն է ունեցել, ինչ կապերի մեջ է ՌԴ իշխանությունների հետ, ինչու է եկել Արցախ, եւ այդպես շարունակ:
Ի պատիվ Վարդանյանի՝ կարելի է ասել, որ նա կարողացավ ոչ միայն այդ ակնհայտ «կեղտոտ» եւ ալիեւահաճո հեռանկարներով հարցերի «տակից դուրս գալ», այլ դեռ մի բան էլ ավելին, թե իրականում որն է այդ քարոզչական մեքենայի, ավելի կոնկրետ՝ նրա թիկունքում կանգնածների իրական նպատակները, այդ թվում՝ բուն բլոկադայի հետ կապված: Ինչպե՞ս է Վարդանյանը սկսել բիզնեսը՝ նա բացատրեց. « 1991 թվականին ամերիկյան ներդրողների 35,000 դոլարով…»: Ինչո՞ւ լինելով մարդ, որը մեկ մլրդ դոլար է վաստակել Ռուսաստանում եւ մտերիմ է Պուտինի հետ, հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից եւ այսօր Ղարաբաղում է հարցի պատասխանը նույն ոճի մեջ էր. «Ես բիզնեսով եմ զբաղվել Անգլիայում, ԱՄՆ-ում: Ես տարբեր ընկերությունների խորհրդի անդամ եմ 30 երկրներում…»: Այսինքն, միայն Ռուսաստանի հաշվին չէ, որ միլիարդատեր է դարձել, այլ մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Անգլիայի:
BBC-ի թղթակիցը գնաց-հասավ նաեւ Ռուսաստանը քանդելու համար անգլոամերիկյան հարթակից ներդրված Նավալնիին, թե գիտես, նա քեզ մեղադրել է կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ՝ Պուտինի հովանու տակ: Վարդանյանն էլ հիշեցրեց, որ հայտնի անձնավորություններից ամենեւին էլ միայն Պուտինի հետ չէ, որ շփվելու առիթներ ունեցել է, այլ նաեւ թագավոր Չարլզի եւ շատ այլ հայտնի մարդկանց՝ «Ես պատիվ եմ ունեցել ճանաչել եւ նրանց հետ աշխատել»: Այսինքն՝ այդ դեպքում ստացվում է, որ BBC-ի թղթակիցը սեփական Նորին մեծությա՞նն է կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ մեղադրում. անհարմար բան ստացվեց: Առավել եւս, երբ Վարդանյանը նաեւ հիշեցրեց. «Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին եւ իմ այլ գործընկերների ու ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում»:
Ու հաջորդեց այդ բոլոր հարցերի իրական իմաստը բացահայտող մտքերից մեկը. «Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է, եւ Դուք եւս կրկնում եք այս տեղեկությունը»: Մի փոքր դիվանագիտական ոճով, սակայն երբ այդ կարգի լրատվամիջոցին մեղադրում ես մանիպուլյացիաները պեղել-հանելու եւ կրկնելու մեջ, հարցը բնական է՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակ են դրանով հետապնդում: Չնայած, Վարդանյանն այդ թեզն էլ ավելի կոնկրետացրեց՝ ասելով. «Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի եւ այս աղետի շուրջ, եւ եթե Դուք տրվեք այս շահարկումներին, հատկապես ադրբեջանական կողմից տարվող, մենք կարող ենք անվերջ խոսել… Մենք խոսում ենք մի բանի մասին, որն իսկապես զարմացնում է ինձ, Դուք չեք շոշափում այն, թե ինչ է կատարվում հիմա այստեղ, եւ ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը»:
Հարցերի մեկ այլ ուղղվածություն էլ այն մասին էր, թե խաղաղապահները չեն բացում ճանապարհը ո՞չ այն պատճառով, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին Պուտինը չի ցանկանում ներքաշվել ԼՂ-ում հակամարտության մեջ, եւ այլն: Պատասխանն այս դեպքում սպասելի էր. «Ընդամենը 2000 խաղաղապահ կա, եւ նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ»: Ընդ որում. «2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ստորագրած փաստաթղթով, որով ադրբեջանական կողմից սահմանափակվել էր զինվորների թվաքանակը», եւ հիմա հենց Ադրբեջանն է, որ ամբողջությամբ խախտում է այդ փաստաթուղթը:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ BBC-ԻՆ
Եվ այստեղ է, որ բրիտանական լրատվամիջոցը հնչեցրեց ամենակարեւորը դիտարկումներից մեկը, որը շատ բանի մասին է ակնարկում: Այն է՝ BBC-ն փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ, ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում ավելի քիչ են քննադատում ռուս խաղաղապահներին՝ «իրենց պարտականությունները ձախողելու համար»:
Ձախողե՞լ են խաղաղապահներն իրենց պարտականությունները, թե՝ ոչ: Վարդանյանի պատասխանում բոլորովին այլ բան է ասվում՝ չեն ձախողել, այլ պարզապես ունեն ոչ բավարար հնարավորություններ. 2000 զինվորականը, զինված թեթեւ հրազենով, նույնիսկ դրանից օգտվելու խիստ սահմանափակումների տակ լինելով, երբ նաեւ պետք է պաշտպանեն ողջ Արցախի շփման գիծը, ի՞նչ կարող են անել միջանցքում, որ չեն արել: Ընդ որում, Ալիեւի եւ Նիկոլի ստորագրությամբ է, որ խաղաղապահներին տրվել է հենց այդ սահմանափակ հնարավորությունը: Եվ դա էլ, ի դեպ, էլ ավելի սեղմվեց այն բանից հետո, երբ Նիկոլը Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչեց:
Բայց չէ, BBC-ի հրահանգողները փորձում են այլ իրավիճակ քարոզել, թե՝ «խաղաղապահները ձախողել են»: Ընդ որում, բառացիորեն այն մոտեցումը, որը դրսեւորում են նիկոլյան իշխանությունները, եւ որն օրն ի բուն քարոզում է նույն նիկոլյան քարոզչամեքենան: Ու այստեղ շատ պարզ հարց է առաջ գալիս. այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում, որտեղ այս ամենը սեփական մաշկի վրա են զգում, միանգամայն տրամաբանական պատկերացումներ կան խաղաղապահների արած-չարածի մասին (չհաշված արցախյան հայտնի շպիոնիկներին), իսկ ահա Նիկոլն ու բրիտանական քարոզիչների թիկունքին կանգնածների մոտ՝ միանգամայն այլ ու իրար այդպես համընկնող: Ու միաժամանակ այդ ինչպե՞ս է ստացվում, որ զուգահեռաբար նորից միանգամայն համընկնում են նույն բրիտանական քարոզչիների եւ Ալիեւի մոտեցումները՝ կապված Վարդանյանի անձի եւ նրա Արցախ գալու հետ:
Սակայն ամենագլխավոր հետեւությունը, որը բխում է բրիտանական առաջատար քարոզչամեքենայի նման հարցազրույցից, այն է, որ սրանով հավելյալ անգամ ի ցույց է դրվում, թե ինչ են ցանկանում Լոնդոնում: Նախ, նրանց համար Վարդանյանը վերածվել է անցանկալի անձի, եւ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ նույն բանն է ուզում նաեւ Ալիեւը: Պարզապես Վարդանյանին բրիտանացիները, ինչպես նաեւ BBC-ին հուշեց, համարում են Ռուսաստանի «մարդը», որը կարող է վերահսկել ներարցախյան իրավիճակը: Ընդ որում, երբ Վարդանյանն իր հարցազրույցի վերջում ակնարկում է, որ եթե անգամ իրեն պետնախարարի պաշտոնից հանեն, մեկ է, ինքը չի պատրաստվում հեռանալ Արցախից կամ մտնել Ադրբեջանի իշխանության տակ, ինչի մասին քանիցս նա հայտարարել է, սա, ըստ ամենայնի, լոնդոններում ընկալվում է, որպես Մոսկվայից եկող ազդակ, որ Արցախի բնակչությունը եւս շարժվելու է այդ ուղղությամբ: Արդյունքում, պատահական չէ գնալով թափ հավաքող խոսակցություններն այն մասին, որ Արցախի հայտնի արեւմտամոլ հատվածը, այն բանից հետո, երբ մեկ անգամ ձախողվեց Վարդանյանի պաշտոնանկության ու Արցախում նոր ընտրությունների կործանարար գաղափարը, հիմա նորից փորձում են ակտիվացնել այդ սցենարը: Իհարկե, շարունակելով նաեւ քարոզել հիշատակված թեզը, թե՝ խաղաղապահները բան չեն կարողանում անել եւ պետք է հեռանան:
Ամեն դեպքում, այս սցենարը նկատելի էր դեռ այն պահից, երբ Mi6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն իր ծանր տեղը թողած, եկավ հասավ Հայաստան: Բայց ասել, թե Արցախը բլոկադայի մեջ պահելով՝ ներքին խժդժություններ առաջացնելու ու արցախցիների հեռանալու կամ Ադրբեջանի ենթակայության տակ անցնելու այս մեխանիզմը էֆեկտիվությամբ փայլում է, դժվար է: BBC-ին, ի վերջո, բացի քարոզչությունից, նաեւ փորձում էր պարզել, թե այդ ծրագիրն ի՞նչ արդյունք ունի, այդ թվում՝ ինչո՞ւ արցախցիների հիմնական մասն այդպես էլ հակառուսական դիրքերի չի անցնում, եւ երեւի հասկացավ. Արցախում հասկանում են, որ հակառուսական դիրքեր զբաղեցնելու արդյունքը լինելու է արտագաղթը կամ ադրբեջանական ենթակայությունը, եւ երկու տարբերակն էլ մերժում են: Իսկ այդ դեպքում բրիտանացիներին չի հաջողվում լուծել գերխնդիրը՝ ռուսական զորքերի հեռացումն Արցախից, ապա նաեւ՝ Հայաստանից: Հաշվի առնելով նաեւ, որ քանի դեռ միջանցքը փակ է մնում, նաեւ «խաղաղության պայմանագիր» ասվածի մասին խոսելն անիմաստ է: Վերջապես, մոտենում է այն կրիտիկական կետը, որից այն կողմ միջանցքը փակ պահելը նաեւ Բաքվի համար է խնդիր դառնալու. ծրագիրն առաջին հերթին ուղղված է ռուսների դեմ, եւ հարց է, թե ո՞ր պահին դա կհասցնի հարաբերությունների լուրջ խզման:
Իսկ Մոսկվայի հետ սրացումների գնալու համար այս պահին Ալիեւի համար ամենաանհարմարն է: Առանց «մեծ եղբոր» պրակտիկ օգնության, ունենալով միայն բրիտանաիսրայելյան «խորհրդատվական» օգնությունը, Մոսկվայի հետ սրացումներին դիմանալը դժվար գործ կլինի: Իսկ «մեծ եղբայրը» գործնականում արդեն մտել է նախընտրական թոհուբոհի մեջ, որը դժվար է ասել, թե ուր կտանի, եւ Էրդողանն ունի Մոսկվայի օգնության կարիքը: Կարճ ասած, վիճակը քիչ-քիչ դառնում է փակուղային, որից դուրս գալու համար Ալիեւը կա՛մ պետք է նոր պատերազմ սկսի, որի ռիսկերը հսկայական են, կա՛մ ինչ-որ պատրվակով բացի միջանցքը՝ առանց բրիտանացիների գերխնդրի՝ ռուսների հեռացման հարցը լուծելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ