- 04/02/2023
Ալեւն ու Նիկոլն աշխատում են Մոսկվայի հետ «բոլոր կամուրջները չայրել»
Ամեն դեպքում, տարածաշրջանային այս ընդհանրական վիճակը, այդ թվում՝ Թուրքիայի մոտեցումներն (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247961&l=am) այն հերթական ազդակն են, որն Ալիեւը չի կարող անտեսել: Ճիշտ է, դեռ Ալիեւը անչափ մեծացած ախորժակի պատճառով մնում է Իսրայելի հետ նույն դաշտում: Բայց մյուս կողմից էլ, սակայն, երեկ հետաքրքիր բան ասաց, թող տարօրինակ չթվա, Հովիկ Աղազարյանը: Չնայած, նա ընդամենը փաստն արձանագրեց, թե՝ Արցախի խանութներում նարինջ է հայտնվել: Դա, իհարկե, կարեւոր է, սակայն ամենահետաքրքիրն այստեղ այլ է՝ իսկ ինչպե՞ս է հայտնվել: Դա էլ է հասկանալի՝ Լաչինի միջանցքի փակ մասի «զարտուղի» ճանապարհներով: Այլ բան, թե Ալիեւն այդ մասին չգիտի՞: Առավել եւս, որ եթե հերթը հասել է նարնջին, ուրեմն մինչ այդ շատ առաջնային ապրանքներ եւս տարել են: Դժվար չիմանա, սակայն ցույց է տալիս, թե նման բան չկա: Ինչո՞ւ. այ, սա ամենակարեւորն է: Այն հետաքրքիր է մոտավորապես այնքան, որքան հարցը, թե այդ ինչո՞ւ այս խառը օրերին Նիկոլը հանկարծ որոշեց կնոջն ու աղջիկներին Թեհրան զբոսանքի ուղարկել:
Թերեւս պատասխանը մոտավորապես նույն դաշտում պետք է գտնել: Ալիեւը գիտակցում է, որ տարածաշրջանային այս ողջ իրավիճակը կարող է կտրուկ իր դեմ շրջվել: Ուստիեւ պետք է այս պահին չայրել բոլոր կամուրջները: Ու եթե Իրանի ուղղությամբ այսքան սուր է, ապա Ռուսաստանի ուղղությամբ պետք է այնպես վարվել, որ ո՛չ Մոսկվան շատ զայրանա եւ ո՛չ էլ բրիտանական Mi-6-ը: Դրա համար պետք է պաշտոնապես Արցախի բլոկադան շարունակել, բայց նաեւ «չտեսնել» զարտուղի ճանապարհներով շարժը: Ու նույնն էլ Նիկոլի մոտ է. վերջին հայտնի գերսրացումներից հետո փորձում է Իրանին ցույց տալ, թե տեսնո՞ւմ եք ինչքան ենք ձեզ վստահում, որ ինչքան էլ Mi-6-ի շեֆ գա ու գնա, մեկ է, անգամ ընտանիքիս եմ ուղարկում Թեհրանի փողոցներով զբոսնելու:
Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ արեւմտամոլների խաղերն Արցախում վերջացան: Հիմա էլ դա կա եւ արտահայտվում է Մոսկվա մեկնած Արայիկ Հարությունյանի վերադառնալուն պես նրա պաշտոնանկության գործընթացի թեման նորից սրելու տեսքով: Հին իմաստն է՝ արտահերթ ընտրություններ (որը ներկա իրավիճակում բացառված է), Արցախի իշխանազրկումն ու հասնելը: Բայց դե այդ փորձը քանիցս ձախողվեց, եւ դժվար է ենթադրել, որ ինչ-որ պահի կհաջողվի: Առավել եւս, որ տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը զարգանում է բոլորովին այլ՝ «Մոսսադի» եւ Mi-6-ի համար ոչ ձեռնտու հունով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ