- 10/02/2023
Թուրքական երկրաշարժը մեզ էլ չի շրջանցի
Այսպիսով այն, որ երկրաշարժը նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական առումով է լուրջ հարված Էրդողանի համար, այս պահին էլ է տեսանելի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248439&l=am): Նաեւ, որ այս նոր իրավիճակը, ինչ խոսք, չի կարող հաշվի չառնել նաեւ Իսրայելի հետ խաղերի մեջ մտած, սակայն Թուրքիային որպես վերջին հույս համարող Ալիեւը:
Դեռ հազիվ էր երկրաշարժի լուրը սկսել տարածվել, որ Ալիեւը հերթական անգամ փակեց Արցախի գազամատակարարումը: Ինչ է, ուզում էր ցույց տալ, որ իր համար բան չի՞ փոխվել: Միգուցե, հաշվի առնելով, որ թեեւ Թուրքիայի ներկա վիճակին, նաեւ Լաչինի միջանցքի հետ կապված դեռ տեղաշարժ չկա: Սակայն սա խնդրի մի կողմն է, իսկ այս մեդալի իրական երեսն այն է, որ Թուրքիայի հետ միաժամանակ նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական պոտենցիալն է նվազում, եւ այդ փաստը, իհարկե, Ալիեւը չի կարող չգիտակցել: Այսինքն, քանի դեռ խառը իրավիճակ է, կարելի է այստեղ հին դինամիկան պահպանել: Սակայն շատ արագ գալու է պահը, երբ ստիպված ես լինելու «ինչ անել» հարցով դիմել «մեծ եղբորը», իսկ նա, մեծ հավանականությամբ, խորհուրդ կտա ավելորդ սրացումներից հեռու մնալ:
Ճիշտ է, Ալիեւը դեռ բրիտանա-իսրայելյան թեւից կստանա հակառակ ազդակները: Սակայն այնտեղ էլ հիմարներ չեն, հասկանում են. որ նման իրավիճակում Թուրքիան հակաիրանական պլացդարմ դարձնելու ամենալավ պահը չէ: Իսկ առանց Թուրքիայի, ադրբեջանական պլացդարմը ոչ թե պարզապես իրատեսական չէ, այլ այն այս պահին կիրառման մեջ դնելու փորձը կարող է նաեւ վնասակար դառնալ: Այսինքն, փորձես սրել իրավիճակը, եւ Իրանն արձագանքի, ապա առանց Թուրքիայի մնացած Ադրբեջանը կհայտնվի լրջագույն խնդիրների առաջ: Նույնն է նաեւ Լաչինի միջանցքի շրջափակումը ձգձգելու հարցում: Այս դեպքում, եթե հումանիտար ճգնաժամը շատ խորանա, ապա ռուսների հետ սրացման ռիսկն է եւ էլի նույն վտանգավոր հեռանկարով:
Առավել եւս, որ շրջափակման հաշվին Արցախում ներքին պայթյունի հասնելու տարբերակը եւս այդպես էլ չի աշխատում: Եղավ երկու-երեք փորձ՝ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու եւ Արցախում կործանարար ընտրություններ «կազմակերպելու» ուղղությամբ, սակայն դա միայն ներքին դավաճանական ուժերին ջրի երես հանեց՝ առանց էական ձեռքբերման: Իսկ այն միասնական հարվածը, որն Արցախի ԱԺ-ի բոլոր խմբակցությունների կողմից ուղղվեց նիկոլյան Գուրգեն Արսենյանին՝ նրա վերջին խայտառակ հայտարարությունը բնութագրելով, որպես «թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնել», ինչ խոսք, իրականում ուղղված էր հայաստանյան մեծ ու փոքր բոլոր թրքասերներին: Այսինքն, դա կարելի է նաեւ Նիկոլին ուղղված ցուցադրական ազդակ համարել, հասկանում են, թե իրականում ինչ խաղ է խաղացվում, եւ դրան չեն տրվի:
Իսկ եթե չի ստացվում ներարցախյան խժդժությունների եւ պառակտումների հասնելը, որը, չմոռանանք, ճիշտ պահին կանխեցին նաեւ ռուսները, ապա նաեւ անիմաստ է դառնում հետագա բլոկադան: Առավել եւս, կրկնենք, դա գնալով ավելի վտանգավոր է դառնում կազմակերպիչների համար:
Մյուս կողմից էլ, վաղուց էր հասկանալի, որ ոչ միայն Ալիեւը, այլ Նիկոլը սպասում են այն իրավիճակին, որը ստեղծվում է ուկրաինական ռազմաճակատներում, եւ որից կախված էլ Ռուսաստանը կարող է ձեռք բերել էապես շատ ավելի ծանրակշիռ աշխարհաքաղաքական դիրք (պարտվելու դեպքում՝ հակառակը): Եվ ահա, ներկա պատերազմական ընթացքն էլ իր հերթին է գալիս հուշելու, որ ինչքան էլ որ Կիեւն ու Արեւմուտքը խոստանում էին արագ եւ անվերապահ հաղթանակ, բայց փոխարենը հիմա ակտիվ հարձակումների մեջ է Ռուսաստանը, ընդ որում, մի շարք ուղղություններով ուկրաինական ուժերի համար ստեղծվել է կատաստրոֆիկ իրավիճակ: Էլ չասած, որ սա դեռ ամենեւին էլ ռուսների հիմնական հարձակումը չէ, Մոսկվան դեռ նոր է միայն մոտեցել այդ նոր հարվածի մեկնարկային փուլին, եւ եթե դա ակնկալվող էֆեկտը տա, ապա անգամ դժվար է ասել, թե ռուսական տանկերը մինչեւ ուր կհասնեն:
Մի խոսքով, գնալով ավելի ու ավելի զգալի է դառնում, որ մասշտաբային փոփոխություններ են լինելու, որոնք չեն շրջանցելու նաեւ հարավկովկասյան ուղղությունը: Եվ կարծես թե դա արդեն շատ մոտ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ