- 12/02/2023
ԱՀԿ-ն Թուրքիայում եւս մեկ սարսափելի աղետ է սպասում, որը կարող է երկրաշարժի զոհերի թվին համարժեք զոհեր ունենալ
Թուրքիայի երկրաշարժից փրկվածներից շատերը գտնվում են բաց երկնքի տակ և «սարսափելի պայմաններում», ինչը կարող է հանգեցնել երկրաշարժի զոհերի թվին համարժեք զոհերի:
Այդ մասին CNN-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջադեպերի արձագանքման բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը:
Նրա խոսքով՝ շատ փրկվածներ ջրի, վառելիքի, էլեկտրականության, կապի և այլ «կյանքի հիմունքների» հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։
«Կա երկրորդական աղետ տեսնելու իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք չշարժվենք նույն տեմպերով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական հատվածում», – ասաց Հոլդենը:
Բացի այդ, ինչպես նշում է CNN-ը, խնդիրները սրվում են նրանով, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում երկրաշարժից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը սովորականից ցածր մակարդակի վրա է։ Օրինակ՝ սիրիական Հալեպում այս շաբաթավերջին նվազագույն ջերմաստիճանը կլինի -3-ից -2 աստիճան, մինչդեռ փետրվարյան սովորական ջերմաստիճանը +2,5 աստիճան է։
Թուրքիա-սիրիական սահմանի մոտ փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են մի շարք ավելի թույլ ցնցումներ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը, ավելի քան 80 հազարը վիրավորվել են։ Ավերվել է մոտ 6,5 հազար շինություն։
Սիրիայում զոհերի թիվը կազմել է 3553։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1387 մարդու մահվան մասին, 2166-ը մահացել է Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում, փոխանցում է Anadolu-ն։
Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Ամմար Ամարը նախազգուշացրել էր, որ երկրաշարժից հետո կարող է համաճարակ սկսվել՝ սննդի և մաքուր ջրի բացակայության պատճառով։
«Մենք վախենում ենք համաճարակից, որը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց վրա, եթե մենք հիմա միջոցներ չձեռնարկենք», – ասաց նա: