- 23/02/2023
Նիկոլն առանց հայելային ամսաթվերի էլ Ալիեւի հայելային կրկնօրինակն է
Կա նման հասկացություն՝ հայելային ամսաթիվ: Դա այն ամսաթիվն է (օր/ամիս/տարի), որի կենտրոնից՝ աջ եւ ձախ հատվածները նույնն են, միմյանց հայելային արտացոլումը:
Տարաբնույթ թվաբանները, գուշակ-պայծառատեսները եւ այդ կատիգորիաների այլ անձինք մեծ ուշադրություն են դարձնում հայելային ամսաթվերին, դրանց հետ կապելով ամեն բան՝ անձնականից սկսած, գլոբալ իրադարձություններով վերջացրած: Ճիշտ են նրանք, թե՝ ոչ, այդ հարցին չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ՝ հետեւյալին: Որպես կանոն՝ թվերին, նման ամսաթվերին առավել եւս մեծ ուշադրություն են դարձնում նաեւ գլոբալ քաղաքական ուժերը: Միգուցե ամենեւին էլ ոչ միստիկ տեսանկյունից, միգուցե հիմնականում այն իմաստով, որ գեղեցիկ, հիշվող ցուցիչներ են, եւ փորձում են դրանք օգտագործել քաղաքական եւ այլ իրադարձություններ ծրագրելիս: Մոտավորապես՝ ավտոմեքենա-հեռախոսի «գոլդ» համարի օրինակով. բանի պետք չեն, սակայն հաճախ միլիոններ արժեն:
Բերենք նման ամսաթվերից մեկի՝ 22.02.2022թ.-ի օրինակը: Դա բացառիկ ամսաթիվ էր՝ նույն թվանշանի՝ 2-ի վեցակի կրկնությամբ: Անցած տարվա այդ օրվա շեմին մենք եւս այդ ամսաթվին անդրադառնալու առիթ ունեցանք, նույն՝ ոչ միստիկ տրամաբանությամբ եզրակացություն հայտնելով, որ գլոբալ առումով այդ ամսաթիվը կօգտագործվի: Ենթադրությունն արդարացավ. հենց այդ օրն էր, որ հայտարարվեց Ուկրաինայում ՀՌՕ սկսելու մասին, որը, ինչ խոսք, պատմական նշանակության իրադարձություն դարձավ:
Եվ ահա դրանից մեկ տարի հետո նորից հայելային ամսաթվի շեմին ենք՝ 23.02.2023թ.: Երեք 2-ի եւ դրան հաջորդող թվի՝ երեք 3-ի կրկնություն: Ճիշտ է, ոչ այնքան բացառիկ, որքան 22.02.2022-ն է, մի փոքր «գոլդությունը» խախտված, բայց էլի աստղագուշակ-գուշակներին «խելքահան անող» եւ տարվա գլխավոր ամսաթիվ հռչակված:
Այսպիսով, կարո՞ղ ենք 23.02.2023-ից նույն կարգի գլոբալ անակնկալ սպասել, ինչպես 22.02.2022-ից: Այս օրերին ինչպես մեզ մոտ, այնպես էլ գլոբալ հարթակներում այն իրավիճակն է, որ 23.02.2023-ից ամեն տեսակ անակնկալ կարող է սպասվել: Ամեն դեպքում, դժվար թե քաղաքական դաշտը չփորձի այդ «գոլդ օրը» աչքաթող անել:
ՄԻԱՅՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԻ ԱՌԻԹ ՉԷ
Ասենք, առանց ենթադրելու էլ Հայաստան-Արցախ ուղղությամբ 23.02.2023-ի հետ կապված պլաններ տեսանելի են: Ամեն դեպքում, արդեն տեւական ժամանակ է, որ լուրեր են պտտվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ սպասվող ինչ-որ արմատական բնույթի ելույթի մասին: Հիմնական լուրերն այն մասին են, որ այդ օրը Հարությունյանը կհայտարարի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին:
Իհարկե, Վարդանյանի պաշտոնանկությունը կարող է Արցախի համար խոշորամասշտաբ նշանակություն ունենալ: Նա, չմոռանանք, ընկալվում է, որպես Մոսկվայից Արցախ ուղարկված գործիչ, ամեն դեպքում, նաեւ Ալիեւն է համոզված դա պնդում՝ պահանջելով Վարդանյանի հեռացումը: Միաժամանակ, Վարդանյանն այն տրամաչափի անձն է, որ միայն Արցախով չէ, որ կարող է սահմանափակվել նրա գործունեությունը: Ուստիեւ, դեռ նրա գալուն պես շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ մի գեղեցիկ օր նա կարող է փոխարինել Նիկոլին: Կա՞ն նման ծրագրեր, թե՝ ոչ, հստակորեն հերքող կամ հաստատող փաստեր չեն նկատվում: Սակայն կարելի է կռահել, որ Նիկոլն Ալիեւի նմանությամբ իր հերթին կողմ է Վարդանյանի հեռացմանը, թերեւս նաեւ ռեալ մրցակցից խուսափելու բնազդից մղվելով:
Այն, որ Նիկոլի եւ Ալիեւի մոտեցումները շատ հարցերի եւ, կոնկրետ դեպքում՝ Վարդանյանի հետ կապված, համընկնում են, հիմք տալիս է խոսել, որ նրանք վաղուց են դարձալ միմյանց արտացոլումը, եւ գոնե սրա հետ 23.02.2023-ը հաստատ կապ չունի: Առավել եւս, որ Վարդանյանին հեռացնելու նրանց ձգտումները, կրկնենք, նոր չէ, Արցախում նման մի քանի փորձեր արդեն եղել են: Ավելին, բլոկադան սկսելը եւս մասամբ կապվում է Վարդանյանի ծրագրերի հետ: Գումարած, կան նաեւ խոսակցություններ, որ պետնախարարի պաշտոնը լքելու դեպքում էլ Վարդանյանը մնալու է Արցախում, այսինքն, եթե նա իրոք «Կրեմլի մարդն» է, ապա առանց այդ պաշտոնի էլ կկատարի այդ ֆունկցիան: Այս տեսանկյունից, այն, որ պաշտոնից ազատվելը կարող է հենց 23.02.2023թ.-ին տեղի ունենալ, ավելի նման է պատահականության:
Բայց արդյոք միայն Վարդանյանի պաշտոնանկության հա՞րցն է լինելու 23.02.2023-ին ծրագրված Ա.Հարությունյանի ելույթի էությունը: Միայն մեկ պաշտոնանկության համար, եթե նույնիսկ պաշտոնից ազատվողը Վարդանյանն է, նախագահական ուղերձի պատճառ չէ, եթե նույնիսկ այդ նախագահը Արայիկն է: Գումարած, Արցախում այն իրավիճակն է, երբ հետագա քաղաքական կուրսի եւ հստակ լուծումների ներկայացման կարիք կա: Առավել եւս՝ Մյունխենի վերջին զարգացումներից հետո, երբ արդեն արեւմտյան պատվիրատուները բաց տեքստով օրակարգ են բերում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման հարցը, փորձում են այդ հատվածները հանձնել եվրոպական «շպիոն-դիտորդներին» եւ վերջին նորմալ գեներալներին փակում են բանտերում, բոլորն են հասկանում, որ դրա հաջորդ փուլը կարող է լինել ռուսական ուժերի հեռանալու պահանջը: Սրան էլ ավելացրած, որ մինչ այս վարվող արցախյան քաղաքական կուրսը, որը հիմնված էր «մենք անկախ երկիր ենք, եւ վերջ» տեսլականի վրա, շատ լուրջ հարված ստացավ այն բանից հետո, երբ Նիկոլը գնաց Ալմա-Աթայի հռչակագրի ճանապարհով: Այսինքն, եթե անգամ պաշտոնական Հայաստանն է թիկունքից դանակի հարված հասցնում «մենք անկախ երկիր ենք» մոտեցմանը, իսկ նիկոլյան դրանիկները սկսում են խոսել «բա հո 120 հազար մարդու համար 3 միլիոնին չենք ոչնչացնելու», ապա Արցախը սկզբունքային քաղաքական կուրսը վերանայելու խնդիր ունի: Այսինքն, հիմա արդեն 1988թ.-ը չէ եւ դրան հաջորդած երեք տասնամյակը, երբ Արցախն իր թիկունքին ուներ Հայաստանի անվերապահ աջակցությունը եւ կարող էր նման քաղաքականությունից խոսել: Իսկ ահա Մյունխենի հանդիպումը դարձավ այն ցուցիչը, որ հստակ փոխարինող քաղաքական կուրսի օրակարգ բերելն այլեւս անխուսափելի է: Ընդ որում, այստեղ ինչ-որ սահմանադրական փոփոխություններով հարց չես լուծի. երբ Հայաստանը խոսում է Ալմա-Աթայից, ապա Արցախի Սահմանադրություն ասվածը մնացած ողջ աշխարհի համար վերջնականապես է կորցնում իր ողջ իմաստը:
ՈՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
Այսպիսով, ինչպես նաեւ արցախյան աղբյուրներն են ակնարկում, հենց նոր կուրսի թեման կարող է լինել Արայիկ Հարությունյանի ուղերձի հիմքը կամ կդառնա այդ գործընթացի մեկնարկային կետը: Ընդ որում, անկախ նրանից, թե ինչ ուղղություն կընդունի Արցախը, դա արդեն 1988թ.-ի 35-ամյա կուրսի փոփոխություն կդառնա, այն է՝ Արցախ-Հայաստանի եւ մեր ողջ տարածաշրջանի համար դարակազմիկ իրավիճակ: Եթե այս սպասելիքներն արդարանան, դա արդեն իմաստային առումով 23.02.2023-ը կարդարացնի:
Ի՞նչ քաղաքական ուղղության հնարավորություններ կան: Հաշվի առնելով Հայաստանում Նիկոլի առկայությունը, անկախ նրանից, թե վերջինիս հետ Արայիկն ինչ կապերի մեջ է, այս պահին Արցախի ուղղությամբ փաստացի գործող երկու ֆիգուրա կա՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը: Այսինքն, երբ այս իրավիճակում դեպի Հայաստան եւ անկախության որեւէ ռեալ ճանակարհ չկա, մնում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի մեջ հստակ ընտրություն կատարելու տարբերակը:
Այսինքն, Արցախն այսօր կարող է իր հիմնական ռազմավարությունը հռչակել դեպի Ռուսաստան տեղաշարժը, որը նաեւ անվտանգությունից զատ, նման էական խնդիր է լուծելու: Այսինքն, հայտարարելով Ալմա-Աթայով առաջնորդվելու մասին, Նիկոլը, սպասելի է, կգնա նաեւ արցախահայությանը հայաստանյան անձնագրեր տալուց հրաժարվելու, հետագայում նաեւ դրամի շրջանառությունը կանգնեցնելու եւ այլ կարգի քայլերի. եթե «Արցախը Հայաստան չէ, եւ վերջ», ապա Հայաստանի անձնագրերն այնտեղ ի՞նչ գործ ունեն տրամաբանությամբ: Եթե նաեւ կասեցվեն գործող անձնագրերը, ապա դրանից ավելի լավ բլոկադա չի կարող լինել: Այդ դեպքում արցախահայությանը կմնա կա՛մ հեռանալ, կա՛մ ադրբեջանական անձնագիր վերցնել, կա՛մ՝ Ռուսաստանից անձնագիր խնդրել, սակայն այդ ուղղությամբ քայլեր հենց այս պահին պետք է անել:
Իսկ եթե նախընտրեն ադրբեջանական ուղղությունը, ապա դա, հասկանալի է, վերջն է:
Այս հարցերը կներառվե՞ն Արայիկի ուղերձում: Կան նաեւ արցախյան աղբյուրներ, որոնք կարծում են, որ ոչ, Արայիկը դեռ կխուսափի դրանից՝ հաշվի առնելով Հայաստանից գնացող ազդակները: Նաեւ հաշվի առնելով, որ ուկրաինական պատերազմը որոշակի պաուզային վիճակի մեջ է դրել նաեւ Ալիեւին եւ Նիկոլին: Սակայն հենց ուկրաինական ուղղությամբ է, որ 23.02.2023-ը կարող է իր «ողջ ազդեցությունը» գործել, իսկ այդ դեպքում նաեւ մեր տարածաշրջանում պաուզային վիճակը երկար չի շարունակվի:
Քերոբ Սարգսյան