- 02/08/2023
Բերձորը միակ ճանապարհը չէ, ամբողջ խնդիրն այն է, թե ով է այդ բեռները հասցնում. Բաբուխանյան
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
«ԱՅՍ ՇՈՈՒԻ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ՍԼԱՔՆ ՈՒՂՂԵԼ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴԵՄ»
— Արցախը հումանիտար աղետի մեջ է, Ստեփանակերտ ուղեւորվող բեռները մնացին ճանապարհին: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:
— Բեռները մնացին ճանապարհին, որովհետեւ Հայաստանի իշխանությունը ոչ թե նպատակ ուներ օգնություն հասցնել Արցախ, այլ ցույց տալ, որ դրանք չեն կարողանում հասնել` փորձելով սլաքն ուղղել ռուս խաղաղապահների դեմ: Սա էր այս շոուի նպատակը, որը Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլի ղեկավարությամբ, անընդհատ փորձում են ի ցույց դնել: Նիկոլը միտումնավոր վիճակն այնքան է խճճել, որպեսզի չիրականացնի այն գործընթացը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Հիմա հարցն այն է, որ կա խոսակցություն, թե կարող են բեռները բերվել Արցախ Աղդամից (Ակնա): Դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ իմ հարցազրույցներում, որ Բերձորը միակ ճանապարհը չէ, որով կարելի է բեռներ հասցնել Արցախի բնակչությանը: Ամբողջ խնդիրն այն է, թե ով է այդ բեռները հասցնում, եւ ում բեռներն են դրանք: Եթե դրանք ադրբեջանական են, եւ Ադրբեջանն է փորձում տեղ հասցնել, իհարկե, պետք է թույլ չտալ: Բայց եթե այն երկրներն են բեռները անցկացնում, ովքեր մեծ-մեծ խոսում են, որ շահագրգռված են Արցախին ու հայ ազգին օգնելու հարցում, ասենք՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, որոնք նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն են, ապա իմ կարծիքով՝ նորմալ է, որ նաեւ այդ ճանապարհով բեռները բերվեն Արցախ: Իհարկե, մենք Ադրբեջանից ոչ մի օգնություն եւ աջակցություն չենք ուզում, որովհետեւ այդ պետության նպատակն է ցեղասպանել հայերին: Բայց եթե բեռները տեղ հասնեն Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի միջոցով, լինի Աղդամի ճանապարհով կամ որեւէ այլ ճանապարհով, որը նույնպես գոյություն ունի, էլի եմ ասում՝ նորմալ է:
— Մտավախություն չունե՞ք,որ այս կերպ կլեգիտմացվի Աղդամով ճանապարհը եւ ընդհանրապես ձեռք կքաշենք Բերձորի միջանցքի բացվելու հույսերից:
— Բերձորը այլ թեմա է, այն միջանցք է, ճանապարհ չէ, ունի այլ կարգավիճակ, որը ֆիքսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ինչպես նաեւ այդ համաձայնագրով նշված են բազմաթիվ պահանջներ, կետեր, որոնց մեծ մասը կատարված չէ, եւ դրանց վերաբերյալ Ռուսաստանի միջնորդությամբ գնում են բանակցություններ: Մեծ մասամբ հենց Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնվեցված գործողությունների հետեւանքով է, որ միջանցքը փակ է: Բայց կրկնում եմ՝ Բերձորի միջանցքը այլ թեմա է, հումանիտար օգնություն Արցախին հասցնելը՝ այլ: Ուստի՝ կոչ եմ անում բոլոր երկրներին, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որպեսզի հումանիտար բեռներ տեղափոխեն Արցախ, ինչը կարող են անել բազմաթիվ ճանապարհներով:
«ԴԻՄՈՒՄ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԲԵՌՆԵՐԸ ՀԱՍՑՆԵԼ ԱՐՑԱԽ»
— Բայց Ադրբեջանն էլ հենց դրա վրա է շեշտադրում անում, թե ոչ մի շրջափակում չկա, Աղդամով ճանապարհը բաց է, ինչն էլ կրկնում են Շառլ Միշելը, Տոյվո Կլարը եւ այլք…
— Հասկանալի է, որ հայերն այդ ճանապարհով չեն կարող գնալ: Օրինակ` ես չեմ կարող նստել մեքենա եւ Աղդամի ճանապարհով մտնել Արցախ, ոչ էլ հայկական բեռներ կարող են այդ ճանապարհով մտնել: Խոսքը հումանիտար միանվագ օգնության մասին է, որոնք կարող են անել այլ պետություններ: Այս ճանապարհն ալտերնատիվ չէ Բերձորի միջանցքին, Բերձորի միջանցքը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ կապող օղակ է, որը ոչ թե ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ միջանցք, եւ այն պետք է ամբողջությամբ վերահսկվի ռուսական խաղաղապահների կողմից: Սա է պայմանավորվածությունը, բայց քանի որ Ադրբեջանն այն խախտում է եւ ասում է, որ Հայաստանն էլ մի շարք պայմանավորվածություններ է խախտել, դրա համար էլ գործը տեղից առաջ չի գնում: Բայց սա չի նշանակում, որ մինչեւ այստեղ Նիկոլն իր խաղերն է խաղում Ալիեւի հետ, Ալիեւն էլ իր խաղերն է խաղում Էրդողանի հետ, Էրդողանն էլ՝ Արեւմուտքի հետ՝ արցախահայությանը պետք է մատնել սովամահության: Դրա համար դիմում եմ ՀՀ-ում ԱՄՆ եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ այլ երկրների դեսպաններին, որոնք շահագրգռված են, որպեսզի այդ աղետը կանխվի, պայմանավորվելով Ստեփանակերտի հետ, ցանկացած ճանապարհով բեռները հասցնել Արցախ, բայց դրանք լինեն իրենց բեռները, իրենց փոխադրամիջոցներով: Այդ դեպքում ես կհամարեմ, որ նրանք իսկապես շահագրգռված են գոնե հումանիտար կարգով օգնել Արցախի բնակչությանը, որն այսօր աղետի մեջ է:
«ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԳԾԱԳՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ԵԹԵ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ»
— Այս ամենին զուգահեռ սպասվելիք թեժ քաղաքական ամառը, կարծես թե, տեղավորվեց նախընտրական գործընթացների մեջ: Հաշված օրեր անց ԿԸՀ-ն կընդունի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հայտերը: Ի՞նչ որոշում ունի ՍԻՄ կուսակցություն ու Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը:
— ՍԻՄ կուսակցության համագումարում ընդունված հայտարարությամբ կոչ արեցինք ստեղծել ընդհանուր ընդդիմադիր ճակատ՝ Նիկոլի դեմ, վերականգնել Հայրենիքի փրկության շարժման 16 կուսակցությունների ձեւաչափը, որը թեեւ չհասավ որեւէ շոշափելի արդյունքի, բայց, այնուամենայնիվ, կարողացավ դառնալ ներքաղաքական գործոն: Բայց, ցավոք, ոչ մի այլ կուսակցություն այդ 16-ից մեզ չարձագանքեց: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, առանձին մասնակցելն անիմաստ եմ համարում, որովհետեւ ինչքան շատ են մասնակիցները, այնքան շատ է Նիկոլի շանսերը հաղթելու, ինչքան շատ են այդ 2-3 տոկոս վերցնողները, այնքան շատ ձայներ, ի վերջո, կգնան Նիկոլին: Հասկանալի է, որ ամեն ինչ գնում է Նիկոլի պլանավորած ու գծագրած ճանապարհով, եթե չի ստեղծվում ընդդիմադիր միասնական ճակատ: Անդրադառնալով Շարժմանըասեմ, որ բոլոր հարցումները, որոնք մենք անցկացնում ենք, ցույց է տալիս, որ մեր Շարժումն այսօր առնվազն 10-12 տոկոս աջակցություն ունի մեր ժողովրդի կողմից: Եվ այսօր համապատասխան քարոզարշավի դեպքում, իհարկե, այդ տոկոսը կավելանա: Բայց էլի եմ ասում՝ միայնակ մասնակցելը մենք գտնում ենք անարդյունավետ: Ցավոք, հայկական բիզնեսը, որը պետք է աջակցի այն ակտիվ քաղաքական գործընթացներին, որոնք նպատակասլաց են Հայաստանն ու Արցախը փրկելու հարցում, այսօր էլ զբաղված են սեփական գրպանները լցնելով կամ աջակցում են այն ուժերին, ովքեր ազգաքանդ ճանապարհով են տանում երկիրը: Օրինակ
հայկական բիզնեսը շատ փող է փոխանցում Նիկոլի ՔՊ-ին կամ այն ուժերին, որոնք նույն երգն են երգում այսինքն՝ այս կամ այն ձեւով իրականացնում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի շահերը Հայաստանում:
— «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի հերքել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրից» առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածության պաշտպանումը, որը քաղաքական ասպարեզ է մտել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ դառնալով նրա կառավարության անդամ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ՔՊ-ի փոխարեն՝ հաղթի մերձՔՊ-ական որեւէ ուժ:
— Հնարավոր է, որ որոշեն՝ եթե չի ստացվում ՔՊ-ով, վերջինիս փոխարինեն այլ` իբր ընդդիմադիր, բայց նույն ճանապարհի վրա գտնվող ուժերով: Մանե Թանդիլյանը հենց Նիկոլի ամենամերձավոր գործընկերներից էր եւ բազմաթիվ թելերով կապված է Արեւմուտքի հետ: Ժամանակին մեկնեց Ավստրալիա բնակության համար, որտեղ, ըստ լուրերի, իր մերձավորներն են ապրում: Հիմա հարց ուղղեք նրան՝ որտե՞ղ են նրա երեխաները, ճի՞շտ է արդյոք մամուլում տպվածը, որ իր երեխաները գտնվում են Ավստրալիայում, ճի՞շտ է, որ նա արեւմտամետ ուժերի հետ սերտ համագործակցության մեջ է, դրա համար էլ «Ելք» դաշինքի մաս լինելով՝ պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, խզի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.