- 07/11/2023
Պատմական ինչ հետք թողեց ռուս-պարսկական պայմանագիրը. Պատմաբանների գնահատականները Գյուլիստանի պայմանագրից 210 տարի անց
ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԴԻԱԿԱՆ Է ՄԻՆՉ ՕՐՍ. ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 210 ՏԱՐԻ ԱՆՑ
Վերջին ժամանակներս ռուսական, ասենք նաեւ իրանական աղբյուրների մոտ նկատվում է այն թեզը, որ Գյուլիստանի պայմանագիրը (որի 210-ամյակը լրանում է հոկտեմբերի 12-ին) դեռ գործող փաստաթուղթ է, եւ հենց դրանով պետք է մեկնաբանվեն հարավկովկասյան իրողությունները: Իրանական մի շարք աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Գյուլիստանի (եւ հաջորդած Թուրքմենչայի) պայմանագրով է, որ հիմք է դրվել ռուս-իրանական սահմանների ձեւավորմանը, իրենք Ռուսաստանին դրանով են տվել կովկասյան հարթակում վերահսկողությունը: Եվ հիմա, երբ խոսվում է այս տարածաշրջանից ՌԴ-ի հեռանալու մասին, ապա նույն աղբյուրներն այն թեզն են առաջ տանում, որ տարածաշրջանի վերահսկողությունը պետք է վերադարձնել Իրանին, եւ ոչ թե այստեղ կարող է դիրքավորվել Թուրքիան:
ՌԴ-Ն, ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԱՐՑԱԽԻՑ
Այսպիսով, 210 տարի անց որքանո՞վ են այսօր արդիական Գյուլիստանի պայմանագրով նախատեսված դրույթները: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ պատմաբան ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով փաստեց.
— Շատ արդի հարց հնչեցրիք, ինչի համար շնորհակալ եմ:
Այո, Գյուլիստանի պայմանագիրը իր բոլոր դրույթներով ու դետալներով արդիական է մինչ օրս: Ավելին, կարծում եմ, որ ՌԴ–ն նպատակ ունի այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Ըստ էության, չմոռանանք, որ Արցախը ամբողջությամբ ռուսական տիրապետության տակ էր մինչեւ 1917թ.–ի իրադարձությունները: Գյուլիստանի պայմանագրով, երբ այդ տարածքները տրվեցին Ռուսաստանին, դա ուներ հստակ նպատակ, իսկ ՌԴ–ն Արցախի զարգացմանը միտված մեծ գործ արել եւ անում է: Այսօրվա իրավիճակով էլ ավելի է ընդգծվում Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը: Ես, որպես պատմաբան, միայն մի բան կարող եմ փաստել, որ, այո՛, Գյուլիստանի պայմանագիրը 210 տարի անց էլ իր արդիականությունը չի կորցրել, եւ դա է պատճառը, որ ՌԴ–ն, ինչ էլ լինի, չի հրաժարվի Արցախից: Որովհետեւ Արցախը ՌԴ–ի համար լրջագույն հենակետ է Հարավային Կովկասում:
ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Թե պատմական ինչ նշանակություն ունեցավ հետագայում Հայաստանի վրա Գյուլիստանի պայմանագիրը, փորձել ենք հետաքրքրվել պատմաբան ՎԱՐԴՈՒՇԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ.
— 1639 թվականից մինչեւ 1813 թվականը Հայաստանը բաժանված էր երկու ախոյան երկրների՝ Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ։
Հայ ժողովրդի վիճակը երկու երկրներում էլ գնալով վատթարանում էր։ Ինչ ճակատագիր կարող էր ունենալ հայ ժողովուրդը, շարունակելով մնալ թուրքական եւ պարսկական տիրապետության տակ, դժվար է պատկերացնել։
Հայ իշխանական տները 18–րդ դարի վերջին եւ 19–րդ դարի սկզբին էլ ավելի էին թուլացել, որն էլ բացասական ազդեցությունն էր ունենում ազատագրական պայքարի կազմակերպման համար։
1804–1813թթ. ռուս–պարսկական պատերազմի արդյունքում կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արեւելյան Հայաստանի մի մասը՝ Շիրակը, Լոռին,Փամբակը, Զանգեզուրը, Ղազախը, Շամշադինը եւ Ղարաբաղը անցան ռուսական կայսրության տիրապետության տակ։
1813թ.–ի հոկտեմբերի 12–ին կնքված Գյուլիստանի պայմանագրով, ըստ էության, Ռուսական կայսրությունը ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում։
Հայ ժողովուրդը, որ դարեր շարունակ գտնվել էր թուրք–պարսկական բախումների թատերաբեմում, մեծ հույսեր էր կապում քրիստոնյա Ռուսաստանի հետ։
Պարսկաստանի փորձը` կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար ավարտվեց ամբողջ Արեւելյան Հայաստանի նկատմամբ տիրապետության ավարտով։
1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով սկսվեց եւ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով ավարտվեց Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։
Ռուսական կայսրության կազմում ինքնավար հայկական պետություն ունենալու նպատակը, տարբեր պատճառներով, ցավոք, իրականություն չդարձավ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ