• 27/12/2021

Սյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա Հակոբյան

Սյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա Հակոբյան

«Մեծ ցասումով տեղեկացանք նիկոլական «իշխանության» կողմից կիրառվող ազգակործան ծրագրի հերթական քայլի մասին: Կալանավորվել է Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Արդյո՞ք, Բերձորը (այն ժամանակ Լաչինը) իր զինակիցների հետ ազատագրած երիտասարդ հրամանատարը, ով ուրախությունից երգում էր ազատագրված Բերձորի փողոցներում, կարող էր պատկերացնել, որ տասնյակ տարիներ հետո ինքը կկալանավորվի ներքին թուրքի ձեռամբ: Իհարկե` ոչ…

Բազմաթիվ ընկերներ կորցրած երիտասարդ հրամանատարը երեխայի պես հրճվում էր եւ շարականների փոխարեն` հայրենասիրական երեգերով էր խոսում իր զոհված մարտական ընկերների հետ՝ երգի բառերով ասելով, որ նրանց արյունը իզուր չի թափվել՝ նրանք զոհվել են ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ: Անձնական օրինակ լինելով թե՛ սեփական որդիների, թե՛ զինակից ընկերների համար, նա պայքարեց, որպեսզի թուրքի ոտքը այլեւս չպղծի մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՈՑ ՀՈՂԸ: Այն հողը, որը ազատագրական պայքարի ճանապարհին ոռոգվեց եւ ի՛ր եղբոր արյամբ:

Սակայն, վրա հասավ 2018 թվականը եւ Հայրենիքի ազատագրման համար զոհվածների թափված արյան լուսավոր սուգը փոխվեց «հանուն ոչնչի» դառը ողբով, ինչպես եւ զարմանալիորեն կանխատեսում էր բանակում մի օր չծառայած վարչապետի կինը: Սահմանին դեմ դիմաց կանգնած թուրքին փոխարինեցին գառների մորթիով ծպտյալ ազգադավները, որոնք լուսավոր եւ պայծառ ապագայի խոստումներ տալով` զավթեցին իշխանությունը եւ առաջին իսկ օրից հետեւողականորեն փակեցին կարեւորագույն նախարարություններ, վարչություններ, ինստիտուտներ եւ՝ ամենակարեւորը, փլուզեցին ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ:

Հայաստանում չկա գեթ մեկ անձ, ով չհասկանա, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այսօր պարզապես ԳԼԽԱՏՈՒՄ է Սյունիքը: Գլխատում է, որպեսզի հեշտությամբ, առանց խոչընդոտների, հանձնի Նժդեհի Սյունիքը մեր դարավոր թշնամուն՝ թուրքին: Մեր եւ մեր դուստրերի, հարսների, քույրերի պատիվը պահել են Աշոտ Մինասյանի պես հայորդիները, ովքեր Առաջին Արցախյան պատերազմում նորօրյա բելերից Հայկ Նահապետի հողերն էին ազատագրում, մինչ դեռ ոմանք այդ նույն ժամանակ բորենիների պես իրար մեջ էին անում տապալված առյուծի, կամ արջի՝ ինչպես կուզեք, մի խոսքով, փլուզված ՍՍՀՄ-ից Սովետական Հայաստանում մնացած հարուստ ժառանգությունը` կոչելով այն ՊՐԻՎԱՏԻԶԱՑԻԱ – ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ:

Այսօր շատերը, դիմելով դատախազություն` լեգենդար հրամանատարին ազատելու ԽՆԴՐԱՆՔՈՎ, փաստում են նրա առողջական ծանր վիճակը, մի քանի սրտի վիրահատությունները: Ո՛չ, մենք չենք խնդրում: Մենք պահանջում ենք անհապաղ ազատել Աշոտ Մինասյանին: Հայ հրամաննատարը կալանավորված է, որովհետեւ այդպես են ուզել Ալիեւը եւ թուրք այն զինվորականները, որոնց իր զինակիցների հետ ջարդել է լեգենդար հրամանատարը: Սա է նրա մեղքը, դրա համար են փորձում շինծու «գործ» կարել իր վրա:

Որքան հասկացանք համացանցում պտտվող լուրերից, իբրեւ թե զենք են ճարել մի տարածքից, որն արդեն տարիներ առաջ Աշոտ Մինասյանին չի պատկանում եւ հանդիսանում է Ռուբեն Վարդանյանի սեփականությունը: Մենք՝ հայոց մայրերս, չենք խնդրում, մենք պահանջում ենք Աշոտ Մինասյանի անհապաղ ազատումը կալանքից: Խնդրում են արժանի՛ զավակներին, ովքեր պաշտպանել են մայրերին, քույրերին թշնամու սրից եւ անարգանքից, իսկ դո՛ւք, որքան էլ այսօր հոխորտաք, ձեր անցյալը տեսաժապավենի պես նկարահանված է Աստծո տեսադարանում եւ բոլորդ պատասխան եք տալու Աստծո առաջ ձեր անօրեննությունների համար», – շեշտում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Եթե Աշոտ Մինասյանն անհապաղ չազատվի, «իշխանություն»-ները ընդամենը կհաստատեն մարդկանց համոզմունքը, որ սա ոչ միայն ՔԱՂԱՔԱԿԱՆ պատվեր է, այլ թուրքի ՊԱՏՎԵՐ է…»: