- 04/02/2022
Պուտինի ու Սիի համատեղ հայտարարությունը անգլոսաքսերի վատթարագույն մղձավանջն է
Եվ այսպես, սկսվեց Չինաստանի Օլիմպիադան, որն ավելի շատ քաղաքական, քան մարզական կրքեր է առաջ բերել: Եվ արդեն ամիսներ շարունակ, երբ ԱՄՆ-ն բացահայտ քաղաքական բոյկոտ սկսեց օլիմպիական խաղերի դեմ՝ հրաժարվելով նման միջոցառման բացման արարողությանը յուրահատուկ պետական պատվիրակություն ուղարկել Պեկին, ու ԱՄՆ-ին էլ հետեւեցին նրա դրանիկները:
ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ
Արդյունքում, պատահական չէ, որ աշխարհը Օլիմպիադայի մեկնարկին սպասում է ոչ այնքան, որպես մարզական միջոցառման, այլ՝ քաղաքական եւ, առաջին հերթին՝ կապված բացման արարողությանը ՌԴ նախագահի այցելության հետ: Հասկանալի է, հաշվի առնելով, որ բավականին ժամանակ տիրաժավորվում է, որ մինչ Վլադիմի Պուտինն ու Սի Ցզինպինը կմասնակցեին բացման արարողությանը, նաեւ անձնական բանակցություններ կունենան եւ համատեղ որոշումներ կընդունեն՝ կապված ներկա ծայրահեղ սուր գլոբալ իրողությունների հետ: Առավել եւս, որ ինտրիգային պահն էլ ավելի սրեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի Պեկին մեկնելու նախօրեին տեղեկացնելով, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները պատրաստվում են համատեղ հայտարարություն ընդունել. «Բանակցությունների համար նախապես պատրաստվել է համատեղ հայտարարություն նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների՝ կայուն զարգացման վերաբերյալ: Այս
համատեղ հայտարարությունը կարտացոլի Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր
տեսակետները համաշխարհային ամենակարեւոր խնդիրների, այդ թվում՝ անվտանգության հարցերի վերաբերյալ»: Գումրած դրան, նաեւ «նախատեսվում է փաստաթղթերի շատ ծանրակշիռ փաթեթի ստորագրում»:
Այդ փաստաթուղթը, որն այսօր ստորագրվեց, թերեւս բազմապատիկ անգամ ավելի ծանրակշիռ էր, քան կարելի էր ենթադրել Ուշակովի ասածից (ամբողջական տեքստը՝ https://iravunk.com/?p=224352&l=am): Ընդհանրական իմաստը սա է. Չինաստանն ու Ռուսաստանը միասնականություն հայտնեցին ինչպես երկու երկրների համար կենսական նշանակության (ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնում, Թայվանի խնդիր, ԵՏՄ-ի եւ Չինաստանի համագործակցություն, «Մետաքսի ուղի» եւ այդպես շարունակ), այլ նաեւ գործնականում բոլոր գլոբալ հարցերի շուրջ: Միաժամանակ ԱՄՆ-ին եւ նրա ներկայացրած դաշինքը համարեցին աշխարհում «փոքրակասնություն»՝ պարզ հասկացնել տալով, որ պատրաստ են համատեղ դեմ հանդես գալ ցանկացած ագրեսիայի՝ սկսած «գունավոր հեղափոխությունների», վերջացրած գլոբալ հարվածներով, եթե միայն ամերիկյան թեւը համարձակվի նման գործողությունների:
Կարճ ասած, Օլիմպիադայի մեկնարկի շեմին հնչեցված «նոր դարաշրջան
մտնող միջազգային հարաբերությունների» մասին համատեղ հայտարարությունը ԱՄՆ-ին հղված միանգամայն թափանցիկ ակնարկ էր, որ Մոսկվան եւ Պեկինը համարում են, որ աշխարհում նոր դարաշրջան է սկսվել, պետք է մտածել կայուն զարգացման մասին եւ
հրաժարվել սեփական շահերի համար այլոց շահերը ոտնատակ տալու քաղաքականությունից:
Իսկ թերահավատները, ավելի կոնկրետ՝ անգլոսաքսոնական բլոկը, եթե ցանկանում է
շարունակել այլոց եւ այս դեպքում՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ նրանց դաշնակիցների
անվտանգությանը սպառնալու միջոցով սեփական հարցերը լուծել, ապա բացի համատեղ հայտարարություններից, կարող են բախվել նաեւ համատեղ գործողությունների: Իսկ որ նման գործողությունների մշակված ծրագրեր Մոսկվան եւ Պեկինն ունեին, եւ Պուտինն ու Ցզինպին այս հանդիպման ժամանակ դետալային հղկումներ են իրականացրել, հազիվ թե Վաշինգտոնում եւ Լոնդոնում կասկածեն:
Իրադարձությունների նման զարգացումը, թերեւս, անգլոսաքսերի վատթարագույն մղձավանջն է: Դարերով հղկված «բաժանի, որ տիրես» քաղաքականությունն այս դեպքում պարզապես գոնե այս պահին այդպես էլ չի աշխատում: Վերջին տարիներին պարբերական փորձեր՝ Մոսկվա-Պեկին գործակցությունը կասեցնելու ուղղությամբ թեեւ եղան, սակայն որքան էլ փորձեցին մեկ Մոսկվային սիրաշահել, արդյունքի չհասնելով՝ Պեկինին, արդյունքը ներկա վիճակն է: Բանը հասավ նրան, որ արդեն տեւական ժամանակ փորձում էին ռուսներին Ուկրաինայով հրապուրել, թե՝ մի քանի օրում կգրավես, մենք էլ զորք չենք ուղարկում, հարձակվի, էլ ինչի՞ ես սպասում: Սակայն Մոսկվան անգամ այդ գնով չհամաձայնեց հետ քաշվել Պեկինի հետ համագործակցությունից, թերեւս հստակ հասկանալով, որ ԱՄՆ-ն ողջ ուժերը կենտրոնացնելու է Չինաստանի դեմ եւ հաղթելու դեպքում միանգամից հաջորդ թիրախը
հենց Ռուսաստանն է դառնալու: Եվ իհարկե, պատահական չէ, որ Ուշակովի
հայտարարությունը հնչելուն պես վարչապետ Ջոնսոնը հեռախոսազրույց խնդրեց Պուտինից:
Միայն թե դեռ հասկանալ է պետք՝ առկա իրողություններն ընդունելո՞ւ համար, թե՞ դա
Ուկրաինայով ռուսներին հրապուրելու մի վերջին փորձ էր. հավանական է երկրորդը, հաշվի առնելով, որ Ջոնսոնն ամենեւին էլ Չերչիլ չէ:
ԻՆՉՈՒ Է ԿԱՏԱՂԵԼ ՍՈՐՈՍԸ
Այսպիսով, գնդակը նորից Վաշինգտոնի դաշտում է՝ ի՞նչ անել այս իրավիճակում: Ռազմական ուղղությամբ գնալը մահացու է, նաեւ հաշվի առնելով նախօրեին Պուտինի հնչեցրած միանգամայն թափանցիկ ակնարկը, որ պետք եղավ, նաեւ ողջ ՆԱՏՕ-ի հետ են պատրաստ պատերազմել: Իսկ եթե ռուսականին գումարվի նաեւ Չինաստանի ռազմական բաղադրիչը, ապա ելքն էս գլխից է դառնում երաշխավորված: Նաեւ Ռուսաստանին պատժամիջոցներով սպառնալն է դարձել անիմաստ. Ուշակովի ներկայացրած «փաստաթղթերի շատ ծանրակշիռ փաթեթը» ենթադրում է մի շարք մասշտաբային տնտեսական ծրագրեր, որոնց առկայության պարագայում ամերիկյան պատժամիջոցները կարող են նույնիկս օգուտ տալ ռուսներին:
Կարելի է նաեւ այս պահին «մոռանալ» ռուսներին եւ կենտրոնանալ Չինաստանի դեմ, ինչի մասին պարզ ակնարկ էր Սորոսի վերջին հայտարարությունը: Այսպես, աշխարհի բազում երկրներում մահ ու ավերածություններ սփռելու հարցում ուլտրալիբերալիզմի սույն կարկառուն ներկայացուցիչը հիմա էլ հորդորում է Չինաստանում «հեղափոխություն» սարքել եւ հեռացնել Սի Ցզինպինին: Թե ինչպես են նախագահ Սիին հեռացնելու, Սորոսն այս ուղին է մատնանշում՝ միջազգային հանրությունը պետք է համոզի Չինաստանին՝ փոխել քաղաքական ռեժիմը:
Սորոսին լրջորե՞ն է թվում, թե իրեն եւ իր տերերին կհաջողվի աշխարհի հզորագույն եւ
ամենակայուն երկրներից մեկում «ստանդարտ տրյուկներով» իշխանազավթում կազմակերպել: Բայց երբ սկսում են խոսել այդ մասին, ապա դա ակնարկ է այն մասին, որ տվյալ շրջանակների նյարդերը սկսել են տեղի տալ. հասկանում են, որ պետք է արագորեն ինչ-որ բան անել, սակայն տարբերակ չեն տեսնում: Կարճ ասած, միգուցե փորձեն Օլիմպիադայի ֆոնին ինչ-որ ավանտյուրաներ կազմակերպել: Սակայն Պեկինն էն գլխից է նվազագույնի հասցրել բոլոր ռիսկերը՝ կորոնավիրուսի հիմնավորմամբ այնպիսի սահմանափակումներ մտցնելով, որ հազիվ թե ամենաաննշան «հեղափոխական հավաքն» անգամ կազմակերպել հաջողվի: Սիին տապալելու համար պարզապես պետք է մեծ պատերազմ, որի հնարավոր հետեւանքների մասին խոսեցինք:
Իսկ եթե չհաջողվի լուծել Չինաստանի հարցը, ապա արդեն առաջիկա մեկ-երկու տարվա
ընթացքում ամերիկյան տնտեսությունը, համաձայն ամենահեղինակավոր մասնագիտական գնահատականների, բոլոր պարամետրերով կզիջի չինականին: Այն դեպքում, երբ այս պահին արդեն ԱՄՆ արտաքին պարտքը գերազանցեց բոլոր ռեկորդները՝ հատելով 30 տրիլիոն դոլարի հոգեբանական շեմը:
Քերոբ Սարգսյան