• 09/02/2022

Աշխարհը փոխվել է, եւ վայ նրան, որ դա դեռ չի հասկացել

Աշխարհը փոխվել է, եւ վայ նրան, որ դա դեռ չի հասկացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պեկինյան հանդիպումց եւ համատեղ հայտարարությունից թեեւ արդեն մի քանի օր է անցել, սակայն հեղինակավոր վերլուծաբաններն ու գլոբալ կենտրոնները, ինչպես նաեւ պետությունները, որոնց ուղղված էր այդ հայտարարությունը, գրեթե ձայն չեն հանել: Փոքրաթիվ մեկնաբանություններն էլ ավելի շատ ոչ թե վերլուծական եւ իրավիճակը բնութագրող իմաստով էին, այլ՝ նյարդային:

ԻՆՉ ԱՍԱՑԻՆ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՑԶԻՆՊԻՆԸ

Արեւմտյան առանցքային լրատվամիջոցները բավարարվեցին Ռուսաստանի եւ Չինաստանի ուղղությամբ հերթական հայհոյախառը սպառնալիքները հղելով՝ փորձելով ցույց տալ, թե առանձնապես բան տեղի չի ունեցել: Նյարդային հակիրճ մեկնաբանություն եղավ Պետդեպարտամենտից: Պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը աղմկում էր, թե՝ Սի Ցզինպինը փոխանակ Պուտինին «ճիշտ ուղու» վրա դներ, դեռ մի բան էլ պաշտպանել է ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին ռուսական թեզը: Մի խոսքով, նախագահ Սին «չի արդարացրել ԱՄՆ-ի նկրտումները»: Թե ինչ էր ԱՄՆ-ը սպասում Պեկինից, երբ Պուտինի այցից մեկ-երկու օր առաջ վաշինգտոնյան հիմնական «գրոհային ուժերից» մեկը՝ Սորոսը, կոչ էր անում տապալել չինական իշխանություններին, դժվար է պատկերացնելը: Բայց, ամեն դեպքում, Կրիտենբրինկը, շարունակելով խոսքը, ցույց տվեց, որ Պետքարտուղարությունում իրոք լրջորեն առնվազն մտահոգված են, եթե ոչ՝ վախեցած, քանի որ երկու առաջնորդների համատեղ հայտարարությունը «արտացոլում է երկրներին միմյանց մերձեցնելու մոտեցումը»: Ճիշտ է, հետո Պետքարտուղարության ներկայացուցիչն անցնում է սպառնալիքների, թե՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «ուժեղ պատասխան կտան», այդ թվում՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, բայց դա արդեն ավելի շատ զվարճալի տեսք ունի:
Այնուամենայնիվ, լուրջ գնահատականներ՝ կապված համատեղ հայտարարության հետ, դեռ չկան, եւ դա իր տրամաբանությունն ունի: Այն տպավորությունն է, որ գլոբալ կենտրոններն ու վերլուծաբանները դեռ փորձում են հասկանալ, թե որն է հայտարարության ամբողջական իմաստը, թերեւս այս պահին պարզ հասկանալով, որ դա մեկն է այն հույժ եզակի պատմական փաստաթղթերից, որը կարող է հիմնովին շրջել պատմության ընթացքը: Իհարկե, «հասկանալ» ասելով՝ նկատի չունենք բուն հայտարարության տեքստը, որտեղ ամեն ինչ առավել քան պարզ է: Այսինքն, բուն այդ փաստաթուղթը նախ նշանակում է հետեւյալը՝ ՌԴ-ն եւ Չինաստանը հայտարարում են, որ գործում են միասնաբար: Ըստ այդմ.
1. Այն միասնական կարծիքն ունեն, որ ԱՄՆ-ն ու իր մերձավորները (թեեւ կոնկրետ անուններ հայտարարության մեջ չի նշված), որոնց Պուտինն ու Սին համարում են «միջազգային ասպարեզում փոքրամասնություն ներկայացնող ուժեր», շարունակում են «միակողմանի» եւ «ուժային քաղաքականություն» վարել՝ փորձելով ամեն բան ծառայեցնել սեփական շահերին: Այդ թվում, «միջամտություն են ցուցաբերում այլ պետությունների ներքին գործերին՝ վնաս հասցնելով նրանց», «սադրում են հակասություններ, տարաձայնություններ եւ առճակատում» եւ, խոշոր հաշվով՝ «խոչընդոտում են մարդկության զարգացմանն ու առաջընթացին»:
2. Ըստ այդմ, Մոսկվան եւ Պեկինը նույն միասնական դիրքերից՝ «կոչ են անում բոլոր պետություններին»՝ չվախենալ եւ գործել ՄԱԿ-ի կենտրոնական դերի գաղափարից բխող «աշխարհակարգի վրա հիմնված միջազգային համակարգի» եւ միջազգային օրենքների համաձայն:
Եվ հասկանալի է, որ նման կոչ հնչեցնելով, Մոսկվան եւ Պեկինը, ըստ էության, նաեւ պարտավորություն են վերցնում, որ նույնպես համատեղ ուժերով կերաշխավորեն մյուսների իրավունքներն ու դեմ հանդես կգան հեգեմոնիայի վրա հիմնված աշխարհակարգին: Կարճ ասած, որ ԱՄՆ-ի գերիշխանության ու, դրանից ելնելով՝ աշխարհը սեփական շահերին հարմարեցնելու դարաշրջանը համարում են ավարտված:
3. Վերջապես, որ եթե ԱՄՆ-ն շարունակի իր սովորական քաղաքականությունը, այդ թվում՝ եվրոպական հարթակում դեպի Արեւելք եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ դեպի Չինաստան առաջխաղացումը, ապա միասնաբար էլ Մոսկվան եւ Պեկինը կպատասխանեն:
Հայտարարության էությունը սա, մնացածը դետալներն են: Եվ, կրկնենք, սա պարզ է բուն տեքստից, եւ սրա մասին չէ, որ մյուս բոլորը մտածելու կարիք ունեն: Հասկանալ պետք է այլ բան, թե որքանով են Մոսկվան եւ Պեկինը վճռական իրենց հայտարարության գաղափարների մեջ, կայուն կմնա՞ նրանց միասնականությունը եւ համատեղ ուժային ¥ռազմական, տնտեսական եւ այլն¤ բաղադրիչը թույլ կտա՞, որ ասածները մինչեւ վերջ պաշտպանեն եւ պաշտպանեն էֆեկտիվորեն:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ Ո՞ՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

Այսպիսով, կբավարարի՞ Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ուժային բաղադրիչը՝ ամերիկյան թեւի դեմ հաջողությամբ պայքարելու համար: Ռուսաստանի ռազմական տեխնոլոգիաներին եթե ավելանա Չինաստանի տնտեսական ու մարդկային բաղադրիչը, ապա կստացվի ամերիկյան թեւի հետ մոտավորապես հավասարազոր ուժային բալանս՝ որոշակի բեկմամբ ռուս-չինական բլոկի օգտին՝ ի հաշիվ ռուսական նորագույն ռազմական տեխնոլոգիաների: Սակայն սա չի ենթադրում երկու թեւերի միջեւ բախում. կա միջուկային բալանս հասկացությունը, որն այս գերուժերի միջեւ ռազմական բախմանը մեկ ելքի հնարավորություն է տալիս՝ համընդհանուր ոչնչացում: Սակայն հավասարազոր ուժի պարագայում ամերիկյան բլոկը զրկվում է սպառնալիքների միջոցով ոչ թե միայն ՌԴ-ի եւ Չինաստանի, այլ նաեւ երկուսի հետ դաշնակցային կապերի մեջ գտնվող այլ երկրների հանդեպ միաբեւեռ աշխարհի տրամաբանությունից բխող քաղաքական կուրսը շարունակելու հնարավորությունից: Իսկ այդ դեպքում ԱՄՆ-ին, եթե հաշվարկում են, որ այդպես էլ չեն կարողանալու խաթարել ռուս-չինական դաշինքը, մնում է երկու ճանապարհ: Մինչեւ վերջ իրենն առաջ տանել, որի վերջնարդյունքում, կրկնենք, փոխադարձ ոչնչացումն է, կա°մ էլ գնալ լեզու գտնելու ուղղությամբ:
Կարելի է ենթադրել, որ այս օրերին գործնականում լռելով ռուս-չինական հայտարարության մասին, Վաշինգտոնում հենց այս հաշվարկներն են կատարում՝ ի՞նչ պատասխան կարող են տալ: Ընդ որում, թերեւս նաեւ հաշվի առնելով, որ որոշակի ցայտնոտային վիճակում են՝ երկար հաշվարկելու հնարավորություն չկա: Այն պատճառով, որ արդեն այս պահին ռուս-չինական հայտարարության մեջ ներառված մի քանի դրվագներ գործնական օրակարգում են: Այդ թվում՝ ՌԴ-ի ուղղությամբ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը՝ ուկրաինական խնդրով հանդերձ, ապա Չինաստանի ուղղությամբ առաջխաղացումը՝ Թայվանի խնդրով հանդերձ:
Իսկ մյուս կողմից՝ հայտարարության մեջ ներառված պահանջներին ընդառաջ գնալն ԱՄՆ-ի համար միանգամայն այլ խնդիրներ է առաջ բերում: Այստեղ նախ վերադառնալով Պուտին-Ցզինպին հայտարարությանը, դրանում ներառված մեկ դետալ եւս ֆիքսենք: Այն է՝ «Կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափի շրջանակներում»: Բնական է, որ Հնդկաստանի հետ գոնե նախնական պատկերացումները կան: Չնայած, կան նաեւ հստակ գործնական ծրագրեր: Այսինքն, եթե ռուս-չինական ուղղությամբ հիմնական շեշտադրումներից մեկը «Մետաքսի ուղին» է եւ եվրասիական մեծ առեւտրատնտեսական հարթակի ձեւավորումը, ապա այդ համատեքստում Հնդկաստանը, Թեհրանի եւ Մոսկվայի հետ ակտիվ համագործակցությամբ, հիշեցնենք, ակտիվորեն առաջ է տանում Հնդկական օվկիանոսի տարածաշրջանից Իրան, ապա՝ Ռուսաստան-Եվրոպա ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» մեգածրագիրը, որով ամբողջանում է եվրասիական ընդհանուր հարթակի տեսլականը: Խոսքը՝ համաշխարհային սպառողական շուկայի առյուծի բաժնի մասին է, որի նկատմամբ անգլոսաքսոնիզմը մինչ այս ուներ վերահսկողության մի շարք առանցքային լծակներ: Մինչդեռ «Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափը» ստեղծվելու դեպքում այդ լծակների գոնե մեծ մասն իր ձեռքն է վերցնում, որն ամենաքիչ կնշանակի ամերիկյան դոլարի ներկայիս հեգեմոնիայի ավարտը՝ ԱՄՆ-ի 30 տրիլիոն դոլարանոց պետական արտաքին պարտքի պարագայում: Հենց սրանից խուսափելու համար է, որ ԱՄՆ-ն համառորեն փորձում է խժռել Չինաստանին եւ Ռուսաստանին, եւ խժռել չկարողանալու ու պայմանավորվածությունների գնալու հետեւանքն էլ հենց դա է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ