- 22/01/2021
Գնում ենք միութենական պետության ձեւավորման ճանապարհով, որպեսզի փրկենք մեր արժեհամակարգը բորենիներից
ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ II, V, VI գումարումների պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ երեկ «Հայելի» մամուլի ակումբի հյուրն էր: Ասուլիսի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, նա անդրադարձավ նաեւ ձեւավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժմանը: Հ. Բաբուխանյանը նախ հիշեցրեց, որ ՌԴ-ի հետ նոր միություն ձեւավորելու մասին խոսել է իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում, իսկ դեռեւս 2,5 տարի առաջ զգուշացրել` Արցախը կորցնելու վտանգի մասին:
– Երբ գնում եք բժշկի մոտ, չեք սկսում վիճել նրա հետ` ասելով, թե սա սխալ է, այսպես է ճիշտ: Եթե բժիշկը տալիս է ճիշտ դիագնոզ, ասում եք` 20 տարի բժշկություն է անում, լավ բժիշկ է, ուրեմն` դիագնոզն էլ ճիշտ է դրել ու ճիշտ բուժում կանի, պետք է գնալ այդ բժշկի մոտ եւ լսել: Հիմա մեր կուսակցությունը եւ այն գործընկերները, ովքեր ընդգրկվել են այս շարժման կազմկոմիտեի մեջ, 20-30 տարի է տալիս ենք ճիշտ դիագնոզներ, որովհետեւ մենք քաղաքականությունը գիտենք` որպես մասնագիտություն: Հետեւապես մեր ժողովրդին խորհուրդ ենք տալիս հենվել այն քաղաքական գործիչների վրա, ովքեր դիագնոզը ճիշտ են դրել տարիներ շարունակ:
– Պարոն Բաբուխանյան, կոնկրետ ի՞նչ լուծումներ եք առաջարկում այս շարժման ձեւավորմամբ:
– Պետք է գնանք Ռուսաստանի հետ նոր միություն ձեւավորելու ճանապարհով: Միութենական նոր պետությունը կապահովի մեր ժողովրդի անվտանգությունը: Որպես արեւելյան քրիստոնյաներ` ունենք քաղաքակրթական ընդհանրություն ՌԴ-ի հետ: Մեր արժեհամակարգի մեջ կա, թե ինչ է ընտանիքը, հայրենիքը, կինն ու տղամարդը, երեխան եւ այլ կարեւորագույն հասկացություններ, ինչպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու հայ ազգի ինքնությունն է: Այսինքն` գնում ենք այս միության ճանապարհով, որպեսզի փրկենք մեր արժեհամակարգը բորենիներից, ովքեր ուզում են հայությունը մեր միջից դուրս հանել, այստեղ բերել հոմոսեքսուալիստներին եւ ամբողջ իշխանությունով փաթաթվել դրանց: Ուզում են տրանսգենդերները ելույթներ ունենան, ֆեմինիստները ասեն` կանա՛յք, մի՛ ծննդաբերեք, Հայ Առաքելական եկեղեցու փոխարեն` լինեն աղանդավորներ, ովքեր կարգավորվում եւ վճարվում են Արեւմուտքից: Ուզում են, որ չունենանք մեր լեզուն, մեր կրոնը, դասագրքերից դուրս գա «Հայոց պատմություն» առարկան, իսկ մեր մշակույթը վերածվի ինչ-որ վուլգար երեւույթի:
– Ավելին` մինչեւ այսօր էլ գործող իշխանությունը շարունակում է վարել իր ամեն ինչ վերացնելու քաղաքականությունը…
– Որովհետեւ Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ, իսկ այս ամենից փրկվելու ճանապարհը նոր Հայաստան ձեւավորելու, իրոք, հայկական, ուժեղ, ապահով պետություն դարձնելու մեջ է, որտեղ մեր երեխաները հանգիստ կապրեն, ոչ թե վաղը կդառնան զոհ թուրքական յաթաղանի, այլ կունենան ապահով ապագա, կրթության, գիտության եւ մշակույթի զարգացման հնարավորություն: Մենք պետք է շարունակենք պայքարը հանուն մեր ազգի: Ուստի` առաջարկում ենք ժողովրդին եւ մտավորականությանը միանալ մեր շարժմանը, որով լուծելու ենք Նիկոլին հեռացնելու հարցը եւ դիմելու ենք ՌԴ-ին, որպեսզի ստեղծվի նոր միութենական, միասնական պետություն, որի շրջանակում մեր երկիրը կունենա իրական անկախություն, հայկական բովանդակություն եւ ամենակարեւորը` անվտանգություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ