• 21/02/2022

Միայն մեր շարժումն է, որ հայտարարությամբ հանդես եկավ եւ նախազգուշացրեց Ադրբեջանին

Միայն մեր շարժումն է, որ հայտարարությամբ հանդես եկավ եւ  նախազգուշացրեց Ադրբեջանին

Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքով բռնազավթված տարածքի կարգավիճակ են ստացել թե՛ նախկին ԼՂԻՄ-ի կորսված հատվածները, թե՛ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

– Այս օրենքի ընդունումը, կարծես թե, հայաստանյան քաղաքական դաշտում լայն արձագանք չգտավ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ զարմանալի էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմամբ՝ Նիկոլը համաձայնվեց զորքերը հետ քաշել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած դեպի ԽՍՀՄ ներքին սահմանները, բայց նույն համաձայնագրով չպահանջեց, որպեսզի Ադրբեջանն էլ իր զորքերը հանի: Եթե ԽՍՀՄ-ի մասին ենք խոսում, ապա պետք է ընդգծենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային միության սահմանադրական սուբյեկտ էր եւ ուներ իր սահմանները: Եվ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով ամեն ինչ գնում էր դեպի, այսպես ասած, վերադարձ Խորհրդային սահմաններին, ապա Ադրբեջանն էլ պետք է հաներ իր զորքերը Շուշիից, Հադրութից, Մարտակերտի ու Մարտունիի շրջաններում իրենց կողմից օկուպացված գյուղերից: Ադրբեջանական զորքերը պետք է կանգնեին Սովետական ժամանակվա ֆիկսված սահմանների վրա, որը չարվեց: Իսկ Նիկոլը վախեցած ու խուճապահար ստորագրեց այդ փաստաթուղթն՝ առանց այդ առումով որեւէ պահանջ դնելու: Հիմա հարց է ծագում՝ եթե գնում ենք Ադրբեջանի հետ սահմանների որոշակիացման եւ հիմք է ընդունվում Սովետական ժամանակների սահմանը, ապա այդ դեպքում՝ ինչո՞ւ Խորհրդային միության սահմանադրական սուբյեկտ համարվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանները չի վերակականգնվում: Եվ այս առումով շատ տրամաբանական օրենք է ընդունել Արցախի խորհրդարանը: Այո՛, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, որոնք Խորհրդային միության սահմանադրության մեջ ֆիկսված են՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

– Պարոն Բաբուխանյան, ի՞նչն է կաշկանդում հայաստանյան իշխանություններին այս օրենքի ընդունման վերաբերյալ գոնե դրական ազդակներ ուղարկել Արցախ:

– Ակնհայտ է, որ Նիկոլը, իր ամբողջ վարչախումբը եւ պատգամավորիկներն իրար հետ միասին ունեն մեկ քաղաքական կուրս, որը բավականին հստակ է: Այդ կուրսը նշանակում է ենթարկվել Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջներին, գնալ դեպի այդ երկրների թելադրած ճանապարհով, որպեսզի հետագայում նաեւ ամբողջ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հանձնվի Թուրքիայի վերահսկողության տակ: Սա հիմնական այն գիծն է, որով շարժվում է Նիկոլը եւ իր խմբակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.