• 23/02/2022

Դոնբասի ճանաչումը տանում է նոր Միություն

Դոնբասի ճանաչումը տանում է նոր Միություն

22.02.2022թ. ամսաթիվը կարծես իր միստիկ համբավն արդարացրեց: Հազարումի գուշակություններ էին եղել, որ այդ օրը կարող է աշխարհի մասշտաբով առանցքային դառնալ, եւ այն, որ նման ռեալ սպասելիքներ կան, անհերքելի փաստ է: Ամեն դեպքում, հազիվ թե որեւէ մեկը չընդունի, որ փետրվարի 21-ին ունեինք մեկ աշխարհ, իսկ փետրվարի 22-ին՝ արդեն միանգամայն այլ: Ի դեպ, նկատենք, որ Պետդուման Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը վավերացրեց հենց 22.02.2022-ին:

ԻՆՉ ԱՍԱՑ ՊՈՒՏԻՆԸ

Խոսքը միայն այն մասին չէ, որ ՌԴ-ն ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը՝ դրանով միանգամայն այլ հարթություն տեղափոխելով Արեւմուտքին, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը (դրանից սպասվող հավանական հետեւանքներին դեռ կհասնենք): Շատ ավելի էական է, թե դա ինչ տոնայնությամբ արվեց, ինչը հստակ նկատելի էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթում: Այստեղ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը միայն ընդհանրական իմաստի դրվագն էր, եւ ամբողջական խոսքը վերաբերում էր նախ՝ Արեւմուտքի հետ հակամարտության բուն արմատներին եւ հնարավոր հեռանկարներին, ապա նաեւ ողջ հետխորհրդային տիրույթին, այսինքն՝ նաեւ մեզ:
Արեւմուտքի հետ հարաբերությունների էությունը Մոսկվան համարում է հետեւյալը. բարիդրացիական առնչությունները պարզապես բացառվում են, քանի որ Արեւմուտքի միակ նպատակն է, որ Ռուսաստանն իր այս տեսքով գոյություն չունենա: Կարճ ասած, Ռուսաստանը կա´մ պետք է ուժեղ լինի եւ իրեն կարողանա պաշտպանել, կա´մ՝ կոչնչանա: Իսկ Ռուսաստանը, ինչպես ընդգծեց Պուտինը, չի ցանկանում ոչնչանալ եւ ի զորու է իրեն պաշտպանել: Ընդ որում, այստեղ կարելի է հիշեցնել Պուտինի երբեմնի հայտարարություններից մեկը՝ «Իսկ մեզ պե՞տք է այնպիսի աշխարհ, որտեղ Ռուսաստանը չլինի»: Կարելի է նաեւ այսպես՝ եթե Ռուսաստանի ոչնչացման սպառնալիք լինի, ապա թող ոչնչանա նաեւ ողջ աշխարհը: Ընդ որում, դրա համար բավարար ուժ Մոսկվան ունի, եւ դա առավել քան լավ գիտակցում են նաեւ Արեւմուտքում: Ու այս ֆոնին, Վաշինգտոնը պետք է որ լուրջ ուշադրություն դարձնի նաեւ ՌԴ նախագահի այս նոր նախազգուշացմանը, առավել եւս, որ ինքն իրեն պաշտպանելու երբեմնի տեսական խոստումը այդ ելույթով տեղափոխեց նաեւ գործնական հարթություն:
Երկրորդ առանցքային դրվագը վերաբերում էր ռուսական պատմությանը՝ սկսած կայսրական ժամանակներից, ԽՍՀՄ-ից ու մինչեւ մեր օրերը: Այս հատվածում ամենաուշագրավը, թերեւս, այն էր, որ Պուտինը ներկայիս հիմնական խնդիրների, այդ թվում՝ ուկրաինական իրողությունների հիմքում դրեց Կայսրությունը Լենինի կողմից արհեստականորեն խորհրդային հանրապետությունների միջեւ մասնատումը, որն էլ դարձավ դանդաղ գործունեության ռումբ եւ հասցրեց ԽՍՀՄ-ի, այն է՝ Ռուսական կայսրության մասնատման: Ընդ որում, արդյունքում ստեղծված պետությունները, ՌԴ նախագահի համոզմամբ, այդպես էլ ինքնիշխան չդարձան, հիմնականում կառավարվում են դրսից, եւ գրեթե առանց բացառության, ոտքից-գլուխ ենթակա են տեղական գերկոռումպացված իշխանությունների անհագուրդ թալանին: Այսինքն, այդ նորանկախ պետությունների ժողովուրդները, բացի կորուստներից, ոչինչ չստացան: Իմաստը մոտավորապես սա է. Կայսրությունը փլուզվեց, որ դրա բեկորների վրա ժողովուրդների հաշվին մի խումբ անձինք գերհարստանան, իսկ արտաքին ուժերը այդ հատվածներում Ռուսաստանի մնացած հատվածի դեմ ռազմական բազաներ տեղադրեն եւ այդ հատվածը եւս տրոհելու ծրագրեր մշակեն: Իսկ վատ քողարկված տողատակերում կարելի է նաեւ այս միտքը կարդալ. եթե դրա համար Կայսրությունը փլուզեցին, եւ դա կոպիտ սխալ էր, ուրեմն պետք է գնալ այդ սխալն ուղղելու ճանապարհով: Իսկ երբ այս մտքին հաջորդում է Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը, ապա դա արդեն նման է այդ սխալն ուղղելուն միտված առաջին քայլին, շատ ավելի գործնական, քան այս ամենին նախորդած ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ստեղծումը եւ անգամ Բելառուսի հետ Միութենական պետությունը: Այն իմաստով, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման տակ պարզ տեսանելի էր «Կայսրության վերականգնման» պետական ռազմավարություն, իսկ թվարկված մյուս ինտեգրացիոն մեխանիզմներն ընդամենը թույլ ակնարկներ էին այդ մասին: Թե ինչ տեսքով «կայսերություն», դա արդեն այլ հարց է: Բայց հազիվ թե բառիս դասական իմաստով. այդ ժամանակներն արդեն անցել են:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԱԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

Եվ ահա այս ֆոնին, Հայաստանին եւ մեր տարածաշրջանին վերաբերող ուշագրավ դրվագներ եւս նկատվեցին, որոնք կարծես թե ակնարկում են, թե Կայսրության վերականգնման գործընթացն ինչ ուղղություն կարող է վերցնել: Այսպես, չնայած փետրվարի 21-ը Պուտինի համար այնպիսի գերլարված օր էր, ու պետք է քիթ սրբելու ժամանակ էլ չունենար, սակայն հասցրեց հեռախոսազրույց ունենալ Նիկոլի հետ:
Բայց մի փոքր ավելի վաղ Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ հաջորդ օրը ¥երեկ¤ Պուտինը պատրաստվում է ընդունել Ալիեւին: Ընդ որում, այս հաղորդագրության մեջ առավել քան ուշագրավ դրվագ կար: Այսինքն, որ բացի երկկողմ՝ Հայաստանի եւ Արցախի հետ կապված հարցերից, նաեւ. «Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դուրս է բերում դաշնակցային մակարդակի»: Չէ, Ալիեւը «յոթ մոր կաթ ուտող գառան» տպավորություն է թողնում. Թուրքիայի հետ «դաշնակցային փոխգործակցություն», ապա ամենասերտ հարաբերություններից էր խոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ու հիմա էլ՝ Մոսկվայի հետ «դաշնակցային փոխգործակցություն»: Չնայած, կարելի է նաեւ այսպես ասել՝ պտտվեց-պտտվեց եւ հասավ Մոսկվայի հետ «դաշնակցային փոխգործակցություններին»:
Ընդ որում, այստեղ մեկ էական դիտարկում եւս. այսպիսով, Ալիեւն այն առաջին ղեկավարն էր, ով Պուտինի հետ հանդիպեց Դոնեցկը եւ Լուգանսկը ճանաչելուց հետո՝ հաշված ժամեր անց, երբ ողջ արեւմտյան աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիան քննադատում էր Մոսկվային: Այսինքն, այդ քննադատությունից «մի քանի մուշտի» էլ առաջինը Պուտինին այցելողին է բաժին հասնելու, սակայն Ալիեւը ոչ միայն այցելեց, դեռ մի բան էլ «դաշնակցային փոխգործակցություն» է ստորագրում:
Ալիեւին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, նկատենք, որ Նիկոլն էլ պակաս «դուխովը» չէ. հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, երբ արդեն ակնհայտ էր, որ նա պատրաստվում է Դոնբասը եւ Լուգանսկը ճանաչել, «առյուծի սիրտ» էր պետք: Առավել եւս, երբ մինչ այդ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը մի թեթեւ «դեղին քարտ» էր նրան ցույց տվել, թե չի կարելի ընդդիմադիրների բերանները փակել: Դրանից հետո կարող էր, չէ՞ «կորոնավիրուսով վարակվել, միանալ արհեստական շնչառության սարքին» եւ պրծնել Պուտինի հետ խոսելուց: Առավել եւս, որ Կրեմլն այդ խոսակցությունն այնպես ներկայացրեց, որ հաստատ Սորոս պապիկը կատաղությունից կարմրած կլինի: Այն է, որ բացի Ղարաբաղից, հայ-ադրբեջանական հայտնի թեմաներից, Պուտինը նաեւ Նիկոլին է Մոսկվա կանչել եւ. «Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց»: Համա թե տերմին են գտել. ինչ է, երբ դաշնակիցդ քեզ հրավիրում է, այն էլ՝ իր համար բավականին բարդ փուլում, պետք է դրա համար երախտապա՞րտ լինել: Իսկ Նիկոլը, պարզվում է, երախտապարտ էր, եւ դա, հասկանալի է, պատահական լինել չի կարող: Մոտավորապես Լուկաշենկոյի ասածի պես մի բան է՝ «ուրիշ ո՞ւր ես գնալու», ու դրա համար «երախտապարտությունը» Բատկայի հաջորդ մտքին է տանում՝ «Նիկոլ Վովայիչը դա տեսավ»:
Մի խոսքով, եթե Նիկոլը մի «հասարակ» հրավերի համար «երախտապարտ» է, ապա ի՞նչ կանի, եթե Մոսկվա այցի ժամանակ հրավիրեն նոր Միություն: Իսկ ահա Ալիեւի համար պատկերն այն է: Ընդամենը դրանից օրեր առաջ ջերմ զրույցներ էր ունենում ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ, Թուրքիայի հետ էլ գրեթե «թյուրքական բանակ» էր ստեղծել եւ Արցախում գտնվող խաղաղապահներին արդեն ցուցադրաբար էր համարում ժամանակավոր երեւույթ: Եվ երբ այդքանից հետո գնում է Մոսկվա, այն էլ՝ Արեւմուտքի աչքին երկրորդ Լուկաշենկո դառնալու վտանգը հստակ տեսնելով, դա պարզ հարց է առաջ քաշում՝ իսկ միգուցե Ալիեւի համար Արեւմուտքի կարծիքն արդեն զրո նշանակությո՞ւն ունի եւ «կյանքի միակ իմաստը» դարձել է Մոսկվայի հետ «դաշի՞նքը»: Մոտավորապես այնպես, ինչպես եղավ 1920թ.-ին, երբ մինչ այդ ծայրահեղ ռուսատյաց Ադրբեջանը մեկ օրում «բոլշեւիկ գրվեց»: Ընդ որում, Ալիեւը պետք է որ աչքի առաջ ունենա նաեւ այն, որ եթե ՌԴ-ն ճանաչեց Դոնեցկն ու Լուգանսկը՝ ողջ ՆԱՏՕ-ի հետ «քյալլա տալու» հեռանկարն աչքի առաջ ունենալով, ապա աչքն էլ չի թարթի, եթե կարիք ունենա նաեւ Արցախը ճանաչել: Իսկ այդ կարիքը կառաջանա հենց այն պահին, երբ Ադրբեջանը սկսի խոսել ռուսական զորքը հանելու մասին:
Ի դեպ, հետաքրքիր ազդակներ նաեւ Վրաստանից եկան. այս թեժ պահին, երբ ԱՄՆ-ն մինչեւ վերջին պտուտակը լարում է Մոսկվայի դեմ, վրացական ընդդիմադիր շրջանակները, որոնք կարծես թե այնքան էլ դժգոհ չեն իշխանություններից, սկսեցին խոսել ՌԴ-ի հետ հարաբերություններն արագորեն եւ առավելագույնս կարգավորելու մասին:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս, ինչպես եւ սպասելի էր, չհապաղեց դատապարտել Դոնբասի ճանաչումը: Բայց չմոռանանք, որ Անկարան բազմիցս դատապարտել է նաեւ Ղրիմը Ռուսաստանի կազմ ներառելու որոշումը, ինչը ամենեւին էլ չի խանգարում Էրդողանին՝ Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցել ոչ թե վաշինգտոնյան հանձնարարականներով, այլ՝ սեփական շահերից ելնելով: Այս դեպքում եւս Դոնբասի ճանաչման դատապարտումը Անկարան թերեւս կփորձի դարձնել խաղաթուղթ՝ Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների հարցում: Ընդ որում, պրագմատիկ Էրդողանը հազիվ թե տեսադաշտից դուրս թողնի այն, որ ՌԴ-ն դեմ գնալով ողջ Արեւմուտքին, «իրենով արեց» նախ Ղրիմը, ապա՝ Դոնբասը եւ ունի բավարար ուժային բաղադրիչ դա պահելու համար: Եվ այս դեպքում հազիվ թե Էրդողանն ինքն իրեն հարց չտա՝ կարո՞ղ եմ նման իրավիճակում Մոսկվայից խլել ավանդական ազդեցության գոտիները, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Եվ հենց այս տրամաբանության հիման վրա էլ, ըստ ամենայնի, կկառուցի հետագա քննարկումները Պուտինի հետ, երբ վերջինս վերջապես կայցելի Թուրքիա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ