- 23/02/2022
Հայոց հողում ծառայող ռուս զինվորականներին մաղթում ենք խաղաղություն ու առողջություն
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի շնորհավորանքը փետրվարի 23-ի կապակցությամբ
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմին, Հայաստանի սահմանները պաշտպանող ՌԴ սահմանապահներին, Արցախի սահմանները պաշտպանող ռուս խաղաղապահներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում իրենց ծառայությունը անցկացնող ՌԴ դիվանագետներին ՌԴ Հայրենիքի պաշտպանի պետական տոնի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է ընդունում մեր տարածաշրջանում այս բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում ռուս զինվորականների Հայաստանի ու Արցախի հանրապետություններում անձնվեր ծառայությունը, որն ուղղված է մեր պետության ու հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելուն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն:
Պատմականորեն հայ եւ ռուս զինվորները միշտ կողք կողքի պայքարել են մեր երկրների ազատության, անվտանգության ու պատվի համար: Դարերի ընթացքում տասնյակ-հազարավոր ռուս զինվորականներ իրենց մահկանացուն կնքել են հայոց հողում` պաշտպանելով մեր երկիրը զավթիչներից: Իր հերթին հայ մարշալները, գեներալները, սպաները ու զինվորները հերոսաբար կռվում էին Ռուսաստանի համար: Ֆաշիզմի դեմ Սովետական Միության վարած Հայրենական պատերազմում մեր ժողովուրդների ռազմիկները կողք կողքի ազատագրում էին մեր ընդհանուր երկիրը թշնամուց եւ անառիկ պահում հայ-թուրքական սահմանը` թույլ չտալով ցեղասպան Թուրքիային իրականացնել իր արյունալի ծրագրերը:
Այդ փառապանծ ռազմական եղբայրությունը ամրապնդվում եւ կոփվում է նաեւ մեր օերերում: Ձեւավորվել է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախումբ: ՌԴ եւ ՀՀ սահմանապահները միացյալ ուժերով ապահովում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների անվտանգությունը: Տասնյակ հազարավոր հայեր իրենց ծառայությունն են անցնում ՌԴ զինված ուժերում: ՀՀ եւ ՌԴ զինվորականները միասին իրականացնում են խաղաղապահ առաքելություն Սիրիայում, ՀԱՊԿ-ի շրջանակներում մասնակցեցին Ղազախստանում ծայրահեղականների կողմից հեղաշրջման կանխման խաղաղապահ գործողությանը:
Մենք միշտ եղել ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման, խորացման եւ ամրապնդման կողմակիցները: Այսօր էլ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի հարավարեւմտյան ուղղության անվտանգության երաշխիքը տեսնում ենք հայ-ռուսական համատեղ ռազմական զորախմբի աճող հզորության, ռազմատեխնիկական վերազինման ու մարտական պատրաստվածության բարձրացման մեջ: Մենք հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում Հայաստանի ու Արցախի հանրապետությունները մաս կկազմեն Միութենական պետությանը, որի արդյունքում կձեւավորվի միասնական ռազմական դոկտրին:
Շնորհավորելով ՌԴ զինվորականությանը եւ ուժային կառույցներին իրենց տոնի առթիվ, մաղթում ենք Հայաստանում եւ Արցախում անվտանգ ու խաղաղ ծառայություն ու հաղթանակներ հանուն մեր երկրների ու ժողովուրդների անվտանգության, եղբայրության ու բարեկեցության: Հայոց հողում իր ծառայությունը անցկացնող բոլոր ռուսաստանյան զինվորականներին մաղթում ենք առողջություն եւ անձնական երջանկություն:
Փետրվարի 23-ը հարազատ տոն է նաեւ մեր շատ հայրենակիցների համար, ովքեր ծառայել են սովետական բանակում, տվել երդում` պաշտպանել ընդհանուր պետությունը: Այսպիսով, շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ում համար այս օրը տոնական է:
Կեցցե՛ հայ-ռուսական ռազմական եղբայրությունը:
Երեւան, 23 փետրվարի 2022թ.