- 16/03/2022
Քանի Նիկոլ ունենք, նման լուրջ խնդիրների պակաս չի լինի
Այսպիսով, այն տպավորությունն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ազերիական տանդեմը, ենթադրաբար՝ արեւմտյան «դաբրոյով» նոր խաղ է փորձում սկսել (Տես նաեւ https://iravunk.com/?p=227869&l=am): Ընդ որում, դրա համար առաջին անհրաժեշտություն է Արցախից ռուսական զորքերին հեռացնելը, որի հնարավորությունը կարող է տալ Ալիեւի 5 կետը:
Սակայն միայն այդ 5 կետանոց փաստաթուղթը չէ, որ ակնարկում է Բաքվի եւ Անկարայի այդ ծրագրերի մասին: Այսպես, այս օրերին Բաքվում բուռն թափ է ստանում Արցախից ռուսական զորքերին հեռացնելու քարոզչությունը, եւ, հասկանալի է, որ դա առանց վերին թողտվության չի կարող լինել: Գումարած, Ալիեւը նաեւ էներգակիրների թեմայով է փորձում Մոսկվայի «ոտքի տակ օճառ դնել»: Այսինքն, թեեւ այս գլոբալ պայքարում ռուսների հիմնական խաղաթղթերից է գազն ու նավթը, սակայն Ալիեւը խոստանում է այն լուծել, թե իբր կարող է 100 տարի ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Իհարկե, սա բլեֆ է. Ադրբեջանի գազի պաշարները ներկայումս գնահատվում են 2.6 տրիլիոն խմ-ի կարգի, իսկ Եվրոպայի սպառումը տարեկան 350-400 միլիարդի կարգի է: Այսինքն, Ադրբեջաննի գազը հազիվ 5 տարի կբավարարի, եթե հաշվի չառնենք սեփական եւ Թուրքիայի սպառումը: Միաժամանակ, ներկայումս եղած խողովակաշարերով Ադրբեջանը կարող է տարեկան առավելագույնը 10 միլիարդ խմ գազ հասցնել Եվրոպա, եւ այդ ծավալները գոնե քսանապատկելու համար նոր եւ գերթանկարժեք խողովակաշարեր են պետք եւ առնվազն մի 5-6 տարի ժամանակ, որ մի 5 տարի գազ մատակարարեն: Իսկ թե 5-6 տարուց ինչ հարաբերություններ կունենան ՌԴ-ն եւ Եվրոպան, կլինի ադրբեջանական գազի կարիքը, մեծ հարց է:
Ընդ որում, սրանք պարզագույն թվեր են, Բաքվում եւս այդ ամենը քաջ գիտակցում են: Բայց երբ Ալիեւը մեջ է մտնում, թերեւս միանգամայն այլ հաշվարկներ ունի: Եթե ոչ սեփական, ապա Կենտրոնական Ասիայի հաշվին հնարավոր է երկարաժամկետ հեռանկարում Եվրոպային գազ մատակարարել: Ընդ որում, հենց այդ տեսլականն էր դրված ժամանակին արցախյան ուղղությամբ ամերիկյան տարբեր ծրագրերի տակ, որոնց պայմանականորեն անվանենք «Գոբլի պլան»: Այն է, ինչ-որ կերպ լուծել արցախյան հարցը, եւ էներգակիրները Կենտրոնական Ասիայից Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությամբ հասցնել Եվրոպա: Միայն թե ղարաբաղյան հակամարտությունն ու Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը դրա հնարավորությունը չէին տալիս:
Բայց ահա, հիմա Նիկոլի շնորհիվ իրավիճակ է փոխվել, եւ Կենտրոնական Ասիայից գազի թեման օրակարգ բերող Ալիեւը մյուս կողմից էլ փորձում է ակտիվորեն առաջ տանել հայ-ադրբեջանական «հաշտության պայմանագրի» թեման՝ թերեւս ամերիկացիներին ցույց տալու համար, որ տասնամյակների խոչընդոտը գործնականում չկա: Առավել եւս, եթե Նիկոլը դեռ աթոռին է:
Առավել եւս, որ միաժամանակ Բաքվի այդ գազային սխեման չհապաղեցին առավելագույնս տիրաժավորել թուրքական լրատվամիջոցները, ինչը գալիս է հուշելու, որ այդ խաղը Էրդողան-Ալիեւ վերջին հանդիպման ժամանակ լրջորեն մշակվել է: Հաշվի առնելով նաեւ, որ եթե գործի նման սխեմա, ապա Արեւմուտքն այլ տարբերակ չունի, քան դրա վերահսկողությունն Անկարային տալը: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի իրականացում, հաշվի առնելով, որ Կենտրոնական Ասիայից կառուցվելիք գազատարը փաստացի անցնելու է հենց ողջ պանթյուրքիստական գոտով:
Բայց ռեա՞լ է նման սցենարը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ նման ծրագիրը ինչքան ՌԴ-ին է հարվածում, նույնքան էլ խնդիր է Իրանի համար: Այսինքն, եթե այս պահին ռուսները զբաղված են Ուկրաինայով, ապա Իրանն ազատ է, եւ օրերս քրդական Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանին հասցված հրթիռային հարվածներն էլ եկան հուշելու, որ Թեհրանը պատրաստ է նաեւ գործել: Գումարած, այդ գազային ծրագրերը լուրջ հարված են նաեւ Չինաստանին, որն այդ ուղիների եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների հետ կապված իր ծրագրերն ունի: Ընդ որում, այս օրերին Թայվանում սկսված ցույցերը՝ կապված Չինաստանին միանալու հետ, իր հերթին է ակնարկ, որ Պեկինը եւս պատրաստ է կոնկրետ գործողությունների:
Այնուամենայնիվ, ամերիկացիները Հարավային Կովկասում նման խաղ սարքելու հարցում «միշտ պատրաստ» վիճակում են, եւ դա իրոք կարող է Հայաստանի համար լուրջ խնդիր դառնալ: Չնայած, քանի Նիկոլ ունենք, նման լուրջ խնդիրների պակաս չկա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ