• 30/03/2022

ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐԻՆ

ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես մուրազին հասավ. նա հիմա աշխարհի աչքին ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպող է: Տեւական ժամանակ էր դրա համար «վիզ դրել», սակայն ոչ մի կերպ չէր հաջողացնում նման ֆունկցիա ստանձնել: Եվ ահա, վերջապես ստացվեց՝ երեկ նա Ստամբուլում ընդունեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք, ի դեպ, մարտի 7-ից ի վեր «կենդանի» հանդիպում չէին ունեցել: Եվ դա  եւս, ի դեպ, բարձրացնում է Էրդողանի դերը:

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՍԱՎ ՄՈՒՐԱԶԻՆ

Հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Մոսկվան համաձայնեց Անկարայի միջնորդությամբ բանակցել: Նկատենք, որ այս հանդիպումից  մեկ օր առաջ դեռ ոչ մի բան հայտնի չէր: Համենայնդեպս, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ստամբուլի հանդիպման մասին ընդամենը հայտարարեց՝ հնարավոր է ու առանց որեւէ կոնկրետացման: Ու երբ դրանից արդեն մեկ օր անց պատվիրակությունները հասցրին ժամանել Ստամբուլ եւ նստել բանակցային սեղանի շուրջ, նշանակում է, որ այդ հանդիպման որոշումը վերջին պահին է կայացվել եւ արագորեն իրականացվել: Ու դժվար չէ կռահել, որ վերջնական որոշումը կայացվել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ:
Այսպիսով, վերը նշված հարցադրումն այս տեսքն է ստանում. իսկ ինչո՞ւ Պուտինը որոշեց Էրդողանին նման պատվաբեր ֆունկցիա տալ, մի բան, որ մինչ այդ դրականորեն ակնարկում, բայց այդպես էլ չէր տալիս: Իհարկե, այստեղ կարող են լինել պատճառների մի ամբողջ կոմպլեքս, այդ թվում, որ Էրդողանը գտել է կողմերի դիրքորոշումներն այս կամ այն չափով մոտեցնելու միջոց, եւ Մոսկվան էլ որոշել է օգտվել դրանից: Սակայն այս կարգի բացատրությունների մեջ, թերեւս, մեկը եւս կա, որն ուղղակիորեն առավել քան էական է նաեւ Հայաստանի համար (նիկոլյան թեւին նկատի չունենք):
Այսպես, նախ ֆիքսենք այն, որ Էրդողանը Մոսկվայի համար նման «խիստ կարեւոր մարդու» ֆունկցիա ստանձնեց այն պահին, երբ նրա «փոքր եղբայրը» քիչ է մնում այդ նույն Մոսկվայի հետ պատերազմ սարքի: Իհարկե, կա փոքր հավանականություն, որ Ալիեւն այդ սրացումներին գնաց սեփական նախաձեռնությամբ կամ այլ ուժային կետրոնների դրդմամբ: Բայց անկախ ամեն ինչից, Հերդարովիչի հույսն եղել եւ մնում է Էրդողանը, հակառակ դեպքում Բաքուն կհայտնվեր միանգամայն մահացու վիճակում:
Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ Արցախում ռուսների գործողությունները թեեւ մնում են քիչ տեսանելի, սակայն փաստն այն է, որ Մոսկվան բավականին անհանգստացած է այդ իրավիճակով: Բայց այնպես չէ, որ լուծում չկա կամ ունի վճռականության պակաս: Համենայնդեպս, այն բանից հետո, երբ դեպի Բաքու մի քանի ցուցադրական մեսիջներ գնացին, սակայն Ալիեւն ի պատասխան, անհրաժեշտ չափով հետ չքաշվեց, տարածվեցին նաեւ լուրեր, որ ադրբեջանական ուղղությամբ Պուտինը հետ է քաշել Լավրովին եւ իրավիճակի կարգավորման պահանջ դրել Շոյգուի վրա: Ամեն դեպքում, արցախյան այս իրավիճակի մասին Պեսկովի հայտարարությունը հենց դա էր ակնարկում. «Լեռնային Ղարաբաղում այժմ կարեւոր է ապահովել, որպեսզի բոլոր կողմերը շարունակեն կատարել ընդունված համաձայնագրերի պայմանները, եւ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորախմբի ուղարկման հնարավորության հարցը պետք է ուղղվի ՌԴ պաշտպանության նախարարությանը»: Կարճ ասած, պետք եղավ, խաղաղապահների կոնտինգենտին օգնության շատ ավելի խոշոր խմբավորումներ կգան: Դրան հաջորդեցին սադրանքի գոտում ռուսական ուժերի ավելացում, գումարած, ցուցադրաբար օդ բարձրացավ ռուսական ավիացիան, իսկ կասպյան նավատորմը սկսեց ինչ-որ «ուսումնական վարժանքով» զբաղվել:
Սրանք արդեն այն վերջնական ազդակներն են, որ Բաքուն շատ մոտ է ռուսական «կարմիր գծերը» հատելուն, ու հենց այդ իրավիճակում էլ Էրդողանը ստացավ իր «երազանքների գործառույթը»՝ ռուս-ուկրաինական բանակցությունների միջնորդի դեր: Իսկ միջնորդը, ինչպես հայտնի է, պետք է հանդես գա չեզոքության դիրքերից: Իսկ կոնկրետ դեպքում՝ կա°մ «փոքր եղբոր» «գյամերը քաշի», առավել եւս, եթե ինքն է նրա «սանձերը թողել»: Կա°մ, եթե «փոքր եղբայրը» սեփական հայեցողությամբ է կռիվ սարքել, ապա չեզոք միջնորդը պարտավոր է չմիջամտել, երբ նման «սանձարձակի» «գլուխը կջարդեն»:
Այսպիսով, Էրդողա՞նը արցախյան ուղղությամբ այս աղմուկը սարքեց, որ օգտվի դրանից եւ Մոսկվայից պոկի միջնորդի դերը, թե՞ այլ սարքող կար, եւ Մոսկվան այդ ֆունկցիան Էրդողանին տալով՝ նրան չեզոքացրեց: Իհարկե, սա շատ կարեւոր հարց է, որի պատասխանը դեռ գտնել է պետք: Սակայն անկախ պատասխանից, վերջնարդյունքը նույնն է. Ալիեւին այլ ելք չի մնում, քան այս անգամ եւս ռուսական «կարմիր գծերից» հետ քաշվելը:

ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Բայց ահա այս իրավիճակում, ինչպես միշտ, էլի Նիկոլը մնաց «ամենատարօրինակ» վիճակում: Նրանով, ինչով զբաղվում էին Նիկոլի մերձավորներն այս օրերին, իհարկե, ապագայում առանձին քննության թեմա է: Սկսած նրանից, որ Ալիեւի օրինակով ամեն ինչ անում էին Արցախի միակ պաշտպան դարձած ռուսական բանակի ոտքերի տակ «սապոն դնելու» ուղղությամբ, վերջացրած, որ արդեն բացահայտ անցան թուրքի հետ «եղբայրության» քարոզներին, ընդ որում, Նիկոլի ամենամերձավորներից՝ Խաչատուր Սուքիասյանի մակարդակով:
Եվ սրա գագաթնակետը դարձավ նիկոլյան Անվտանգության խորհրդի՝ նախօրեի նիստը, որի արդյունքում տարածվեց նման հաղորդագրություն. «… Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»:
Սկսենք վերջից. եթե ՀՀ ԱԽ-ն բախումները հնարավոր է համարում, դա նշանակում է, որ պաշտոնապես կասկածի տակ է առնում, որ ռուս խաղաղապահներն ի զորու են իրավիճակը վերահսկողության տակ առնել: Առավել եւս, որ դրանից հետո օգնության են կանչում ինչ-որ «միջազգային զսպման մեխանիզմներ»: Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ այստեղ բառ անգամ չկա այն մասին, թե այս իրավիճակում ո՞րն է Հայոց բանակի ֆունկցիան: Այսինքն, որ հասել ենք մի վիճակի, երբ արդեն անգամ ԱԽ մակարդակով սեփական բանակին որեւէ դեր չեն տալիս՝ մեր իսկ սահմանները պահելու համար: Բայց  դրանով հանդերձ, ո՞ւմ են օգնության կանչում, այդ ո՞ր «միջազգային զսպման մեխանիզմներին»: Այն նույն «միջազգային զսպման մեխանիզմների՞ն», որոնք 44-օրյա պատերազմի օրերին այդքան «փայլուն օգնություն» ցույց տվեցին: Վերջապես, կարո՞ղ  են գոնե մեկ հոդաբաշխ օրինակ բերել, թե «միջազգային զսպման մեխանիզմների» տակ հասկանում ենք կոնկրետ սա: Չնայած, նախօրեին Արո Միրզոյանը բանակցում էր Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների հետ, երեւի կասեն, թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի դեսպանն է «միջազգային զսպման մեխանիզմների» մասնիկներից:
Բայց ամենաէականը. եթե օգնության հրավիրում են «միջազգային զսպման մեխանիզմներին», ապա դա եռակողմ համաձայնագրից հրաժարվե՞լ է նշանակում: Այս դեպքում մեկ պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ Նիկոլն առանց մեկ կրակոցի Քելբաջարն ու Լաչինը հանձնեց:
Ինչ վերաբերում է ԱԽ նշված հայտարարության հաջորդ դրույթին, ապա այն հետեւյալ տեսքն է ստանում. «Ալիեւ, արի արագ ստորագրենք-վերջացնենք»: Թե որն է դրա իմաստը, դեռ կհասնենք: Մինչ այդ, այս պարզ հարցն է՝ իսկ այդ ի՞նչ պայմաններով է մեր ԱԽ-ն առաջարկում «համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ» բանակցել: Օրինակ, այդ բանակցություններում ինչպե՞ս են պատկերացնում Արցախի թեման: Նիկոլյան որեւէ չինովնիկ կարո՞ղ է ասել, որ այդ բանակցություններում կլինի Արցախի անկախ կարգավիճակի հարցը. եթե կարող է, թող  ասի: Մինչ այդ, նկատենք, որ Արցախի որեւէ այլ կարգավիճակի մասին, քան այն անվերապահորեն իրեն հանձնելն է, Ալիեւը չի բանակցի. սա հասկանում են բոլորը: Եվ այս դեպքում, երբ մեր ԱԽ-ն առաջարկում է «անհապաղ բանակցություններ», դա  մեկ իմաստ ունի՝ Ալիեւի պահանջի ընդունում:

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԷՍ ՎԻՃԱԿՈՒՄ

Ստանում ենք նման պատկեր. ՀՀ ԱԽ-ն, ըստ էության, ելնելով Ալիեւի հրահրած, ընդգծում ենք, անհեռանկար եւ միանգամայն արհեստական սրացումից, «անհապաղ բանակցություններ» է պահանջում, որի ամենահավանական ելքն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է: Այն դեպքում, երբ գործնականում բացառվում է, որ Ալիեւը կգնա մասշտաբային պատերազմի: Ընդ որում, դեռ այս սրացումների առաջին օրերից վարկած ենք ներկայացրել, որ հիմնական նպատակն է՝ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, նրա թիկունքում արագորեն լուծել-վերջացնել Արցախի խնդիրը՝ նման «խաղաղության պայմանագրով»: Բայց եթե այդ սկզբնական փուլում դեռ կար փոքր հավանականություն, որ Ալիեւը կարող է սխալ ընկալել ուկրաինական իրավիճակը եւ փորձել գնալ պատերազմի, ապա այն բանից հետո, երբ Էրդողանը դարձավ միջնորդ, այդ թույլ հավանականությունն էլ ավելի նվազեց: Ու այս իրավիճակում պարզ հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ օգտին են խաղում մեր իշխանություն կոչվածները: Առավել եւս, երբ հենց խաղաղապահների առկայությունն է մեզ արդեն որերորդ անգամ պաշտպանում թուրքական ներխուժումից, Հայաստանի ԱԳՆ-ն  պաշտոնապես նման պահանջ է դնում, թե՝ «Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»:
Չնայած, սա անտեղի հարց է: Թե ինչու են թուրքի հետ «եղբայրություն» խաղում, վաղուց է հայտնի. այլ տարբերակ չունեն: Թե ինչու չեն կարողանում այդ «եղբայրությունը» կյանքի կոչել, դա էլ դժվար չէ կռահել. տարբերակ չունեն: Կարճ ասած, քանի դեռ գերված են այս հակադիր շահերի միջակայքում, մեր վիճակն էլ սա պետք է լինի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ