• 30/03/2022

Էրդողանը փորձում է «ռսի պոչը բռնել»

Էրդողանը փորձում է «ռսի պոչը բռնել»

Իհարկե այն, որ Էրդողանը համառորեն ստացավ ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդի ֆունկցիան (տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=229186&l=am), բացի արցախյան ուղղությամբ հստակեցումներից, նաեւ կարեւոր հարցեր է առաջ քաշում: Այդ թվում՝ իսկ նրա ինչի՞ն է պետք նման ֆունկցիան:
Այն, որ Վաշինգտոնում էրդողանին ծայրահեղորեն չեն սիրում եւ հնարավորության դեպքում ուրախությամբ նրանից կազատվեն, հին փաստ է: Մինչդեռ, երբ Էրդողանը դառնում է ռուս-ուկրաինական թեմայով միջնորդ, կարելի է ենթադրել, որ նրա հանդեպ վաշինգտոնյան այդ ատելությունը կկրկնապատկվի: Եվ երբ այդ իրավիճակում Էրդողանը ոչ թե համաձայնվում է, այլ՝ «վիզ դրած» հասնում է այդ միջնորդի դերին, դա մեկ բան է հուշում՝ ուկրաինական պատերազմի եւ դրան հաջորդելիք համաշխարհային նոր իրողությունների պարագայում նա նախապատվելի է համարում Մոսկվայի հետ հարաբերությունները:
Ասենք, այդ հարցում Էրդողանը միակը չէ: Չնայած այն աննախադեպ աժիոտաժին, որը ներկայումս կա համաշխարհային էներգետիկ շուկաներում, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ նավթի երկու խոշորագույն արտադրողները, այդպես էլ ընդառաջ չգնացին Վաշինգտոնի եւ Լոնդոնի կոշտ ճնշումներին՝ նավթի արդյունահանումն ավելացնելու եւ համաշխարհային գները նվազեցնելու հարցում: Իհարկե, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը անձնական խնդիրներ ունի Վաշինգտոնի եւ անձամբ Բայդենի հետ: Սակայն ներկա իրավիճակն այն չէ, որտեղ առաջնորդվում են անձնական խնդիրներով: Առավել եւս, երբ Սալմանը Վաշինգտոնի պարտադրածի միանգամայն հակառակ կուրս է վերցրել՝ գնում է նավթը չինական յուանի հետ կապելու ճանապարհով, որը մահացու հարված կդառնա «նավթադոլար» հասկացությանը: Գումարենք գազի շուկան, եւ ՌԴ-ին ներկայացրած կոշտ պահանջները՝ Եվրոպան կա°մ գազի համար ռուբլիով կվճարի, կա°մ գազը կանջատվի: Եվրոպան, ճիշտ է, համառում է, սակայն փաստը, որ ռուսական ռուբլին արդեն իսկ սկսել է դիրքերն արագորեն ամրապնդել, գալիս է հուշելու, որ համաշխարհային գործարար հանրությունը հակված է, որ այս պայքարում հաղթողը ապրանքի տերը՝ ՌԴ-ն է լինելու: Կարճ ասած, որ էներգետիկ այլընտրանք չունեցող Եվրոպան, եթե չի ուզում իր ողջ տնտեսությունն աննախադեպ կոլապսի հասցնել, պետք է ընդունի այդ պահանջը: Ամեն դեպքում այն, որ Լեհաստանում  Բայդենի ունեցած հայտնի կոշտ հակապուտինյան ելույթը, ինչպես նկատում է «Bloomberg»-ը, Եվրոպան փորձում է օգտագործել որպես առիթ՝ Վաշինգտոնից գոնե մի փոքր հետ քաշվելու համար, նորից այդ մասին է ակնարկում: Ասենք, բուն ԱՄՆ-ում եւս Բայդենի գործերը վատ են: Վարկանիշի շարունակվող անկմանը եկավ գումարվելու արդեն պաշտոնական տեսք ստացող մեղադրանքները՝ ուղղված նրա որդուն: Այսպես, Հանթեր Բայդենի դեմ սկսվում է հետաքննություն՝ կապված Ուկրաինայում նրա գործունեության հետ, եւ հիմնական ակնարկն ուղղված է բիոլաբորատորիաների ֆինանսավորմանը:
Սակայն սրանք արդեն դետալներն են: Ամենաէականը. հարցականի տակ է հայտնվել նավթա-գազադոլար հասկացությունը, որը սպառնում է ոչ միայն դոլարին զրկել համաշխարհային հեգեմոնիայից, այլ առհասարակ հիմքից պայթեցնել այն: Բնականաբար, ի հաշիվ տպագրված դոլարային լեռների, որոնք ոչնչով ապահովագրված չեն: Իհարկե, կա նաեւ վարկած, որ Վաշինգտոնը դիտավորյալ է գնում դրան՝ արդեն բոլոր սահմաններն անցած պետական պարտքի խնդիր լուծելու համար: Սակայն դրան հասնելու համար պետք է պետական դեֆոլտ հայտարարել, ու դա ոչ միայն դոլարը, այլ ԱՄՆ-ն կպայթեցնի: Ու այս առումով, թերեւս, պետք է հիշել այն բոլոր խոսակցությունները, թե տարաբնույթ ռոտշիլդները վաղուց էին ծրագրում՝ պայթեցնել ԱՄՆ-ն եւ կենտրոնակայանը տեղափոխել այլ երկիր: Չնայած, այս դեպքում կա հարց՝ բա ԱՄՆ-ի միջուկային զենքի հսկայական պաշարնե՞րը:
Կարճ ասած, սցենարները տարբեր են: Եվ, երեւում է, Էրդողանի հաշվարկներում հնարավոր բոլոր տարբերակները ԱՄՆ-ի օգտին չեն: Կարճ ասած, պետք է «ռսի պոչը բռնել», եւ հենց դա է նկատվում նրա վերջին գործողություններում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ