- 08/04/2022
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա. Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին ս.թ. փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի դրույթների իրականացումը: Դրական է նշվել Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված տարբեր միջոցառումների անցկացումը:
Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձեւավորումը: