- 13/04/2022
Այսօր միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի կարգավիճակի համար ձեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ․ Նիկոլ Փաշինյան
Մեղավոր եմ, որ 2018-19 թթ-ին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել բոլոր, հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեղավոր եմ, որ մեր ժողովորդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է,որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը պարտավոր էի ներկայացնել մեր ժողովրդին։ Սա չանելն է իմ մեղքը»,–ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեր, նախ ինքն իրեն պետք է համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է․«Խոստովանեմ՝ չկարողացա համոզել։ Ինչո՞ւ չկարողացա, այն պտաճառով, ինչ պատճառով մինչև հիմա ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ և այդ պատճառը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական»։
Փաշինայնը նշեց, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները նույն ուղղությամբ են մտածել Արցախի հարցում։
«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ, հակառակ դեպքում խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե որ չենք ուզում ձեզ օգնել, այլ որ չենք կարող»,- ասաց Փաշինյանը։