• 14/04/2022

Էս ի՞նչ եք անում՝ մենք հո էժան մեռել չենք ձեր համար. Արթուր Վարդանյան

Էս ի՞նչ եք անում՝ մենք հո էժան մեռել չենք ձեր համար. Արթուր Վարդանյան

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ իր կամավորական ջոկատով ապրիլի սկզբից գտնվում էր սահմանապահ դիրքերում, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ հափճեպ նրանց իջեցրել են: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքի» հետ զրույցում Ա. Վարդանյանը ապշեցնող փակագծեր բացեց:

– Կմանրամասնե՞ք, թե ինչով էր պայմանավորված, որ Ձեր կամավորական ջոկատը կրկին միացել էր դիրքերի պաշտպանությանը եւ ինչո՞ւ որոշեցին հրատապ Ձեզ իջեցնել այնտեղից:

Պաշտպանության նախարարությունն էր մեզ դիմել, որպեսզի համալրենք, այսպես ասած, մոբիլիզացված զորքերով եւ ի կատար ածենք այն խնդիրները, որոնք դրված են այսօր մեր բանակի առջեւ: Մեր ջոկատում կային մարտական ոգով տոգորված բավականին պատրաստված տղաներ՝ թե՛ ռազմական գործում մասնագիտացած, թե՛ պատերազմի մասնակից: Այս մասով չեմ ցանկանում փակագծեր բացել, բայց ասեմ, որ մի քանի օրվա ընթացքում կատարել ենք մեծ աշխատանք: Մեր ուժերի չափով արել ենք հնարավորինս, որպեսզի օգտակար լինենք մեր բանակին, բայց այս տեսակի վերաբերմունքը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Եռամսյա զորահավաքի հետ համատեղ՝ մեզ տարան, որպեսզի ստանանք համապատասխան հանդերձանք, զենք-զինամթերք, որից հետո պետք է բարձրանայինք համապատասխան դիրքեր եւ իրականացնեինք ՀՀ սուվերեն պետական տարածքների պաշտպանությունը: Բայց մեզ տվեցին զրահաբաճկոններ ու սաղավարտներ, որոնք, մեղմ ասած, չէին համապատասխանում կանոնակարգով ընդունված պահանջներին: Այդ մասին տեղեկացրել եմ այնտեղի շտաբի պետին եւ մի քանի օր հետո՝ գրեթե ամբողջ Հայաստանի մասշտաբով մոբիլիզացված զորքից հետ վերցրեցինք դրանք՝ խոստանալով փոխել: Իսկ դրանից հետո տեղի ունեցավ այն, որ դիրքեր բարձրանալուց վեց օր հետո՝ մեզնից շնորհակալություն հայտնեցին, որ այն խնդիրները, որոնք ցանկացել են, կատարել ենք, բայց Սուրեն Պապիկյանի անմիջական հրամանով՝ միանգամից պետք է դիրքերից իջնենք: Մեկ ժամվա ընթացքում մեր զենքերը վերցրեցին՝ այն պատրվակով, թե մեզ իջեցնում են, որպեսզի ի կատար ածենք մեկ այլ կարեւորագույն առաջադրանք:  Բայց մինչեւ այսօր ոչ մի առաջադրանք մեզ չեն առաջադրել: Իսկ երբ շտաբի պետն ու կորպուսի հրամանատարը բողոքարկել են եւ ասել, որ մեր վաշտն այսօրվա դրությամբ՝ ամենալուրջ պատրաստվածն է մոբիլիզացիոն կամավորական ջոկատների մեջ ու ամենակարգապահը եւ մի քանի օրից բարձրանալու է դիրքեր, Սուրեն Պապիկյանն ասել է. «Հրամանը կատարել եւ վերջ»:

Այդ դեպքում՝ ո՞րն էր իրական պատճառը՝ նման հրատապությամբ Ձեր կամավորական ջոկատից ազատվելու:

– Մեր իջնելուց հենց հաջորդ օրվանից վաշտի բոլոր տղաներին անհատական զանգում եւ կանչում են զինկոմիսարիատ ու ասում, որ իրենք կարող են բարձրանալ դիրքեր, այլ վաշտի հետ՝ առանց ինձ:  Փաստացի ստացվում է, որ խնդիրն այստեղ ավելի շատ ինձ հետ է կապված: Տարբեր լուրեր են պտտվում, որ, ըստ երեւույթի, անհանգստացել են հենց կոնկրետ իմ ներկայությունից, քանի որ շատ բան կարող էի տեսնել: Ավելին՝ կասկածներ ունեին,  որ հաշվի առնելով այն օդից կախված լուրերը, թե կան տարածքներ, որոնք Հայաստանը պատրաստվում է զիջել՝ կարող է էլի տրվեն նահանջի հրամաններ, իսկ մենք կհրաժարվեինք նահանջել: Հիմա ապշած սպասում ենք, չենք կարողանում հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում: Մինչեւ այսօր ուզում ենք պատասխան ստանալ, դիմում ենք գրել հենց Սուրեն Պապիկյանի անունով, որ ցանկանում ենք իրազեկվել, թե ինչն է պատճառը, որ մեզ իջեցրեցին դիրքերից: Հանրապետական զինկոմիսարիատից բացատրություն ենք պահանջում, ասում են՝ դիմեք պաշտպանության նախարարությանը: Դիմում ենք ՊՆ-ին, մեզ միայն գեներալ Բաղդասարյանն է ցանկություն հայտնում տեսնել, որին մենք ցանկություն չունենք տեսնելու, որովհետեւ բառիս բուն իմաստով 14 հոգուս դիմաց նստած մեկ այլ բան էր ասել, իսկ երբ հասանք կորպուս եւ հեռախոսազրույց ունեցա իր հետ, ասաց, թե այդպիսի բան չի ասել: Տղերքը զարմացած են ու ասում են՝ ախր մեր դիմաց նստած է ասել: Ինչեւէ, այսօր ամբողջ կորպուսի սպայակազմն է ապշած:  Հրամանատարությանը հարցնում եմ՝ մենք որեւէ սխալ արե՞լ ենք, ասում են՝ «Վարդանյան ջան, ընդհակառակը՝ շատ ուրախ ենք, որ այստեղ եք, մենք էլ չենք հասկանում, թե ինչ է կատարվում»: Մի քանի օրվա ընթացքում մեզ տվել էին բավականին մեծ պատասխանատվություն՝ գումարտակի մակարդակով: Մեր վաշտի մասին բոլոր այն զեկուցագրերը, որոնք ներկայացվել են պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբին, եղել են դրական, որովհետեւ ցուցաբերել ենք բարձր մակարդակի կարգապահություն եւ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

– Իսկ գուցե պատճառն ա՞յն է եղել, որ պահանջել եք փոխել սաղավարտներն ու զրահաբաճկոնները, որոնք տրամադրել են Ձեզ:

– Հրամկազմից կար մի փոխգնդապետ, ում կարծիքով եւս խնդիրն այն է եղել, որ  պահանջել եմ համապատասխան սաղավարտներ ու զրահաբաճկոններ, այսինքն՝ այն ինչ պարտավոր էին տալ՝ ըստ բանակի ներքին կանոնակարգի: Իրականում այն, ինչ տրամադրել էին՝ մարտական գործողությունների մասնակցելու համար, ուղղակի, անպետք էին: Փամփուշտից ծակված ու արյունոտ սաղավարտներ եւ բեկորներից ջարդված զրահաբաճկոններ տալ մոբիլիզացված կամավոր ջոկատներին եւ ասել՝ «էս ա մեր ունեցածը», չեմ կարող ընկալել: Ակնհայտ էր, որ այդ սաղավարտներն ու զրահաբաճկոնները եղել էին արցախյան 44 օրյա պատերազմում մեր զոհված տղաներինը: Տղաներից մեկն արյունոտ սաղավարտը ձեռքին ասել էր. «էս ի՞նչ անեմ, չորացած արյուն ա վրեն»: Պատասխանել էին, թե «տար, լվա»: Կորպուսի հրամանատարը զանգում է ռազմամթերքի պահեստի պատասխանատունին, հարցնում է ՝ ինչո՞ւ այս մարդկանց նորմալ սաղավարտ ու զրահաբաճկոն չեք տվել, նա էլ, թե՝ չեն ուզել: Ասում եմ՝ ես չպետք է ձեզնից ուզեմ, այլ դուք պարտավոր եք տալ: Ձե՞ռք եք առնում, մենք հո էժան մեռել չենք, այսինքն՝ դուրս է գալիս, որ մեզ բերել են, որ հանկարծ զոհ տալուց իրենց վրա էժան նստե՞նք, էս ի՞նչ եք անում, ի՞նչ է կատարվում մեր բանակում: Ինքներս մեր միջոցներով տարել էինք մասխալաթներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ, այսինքն՝ պետությունը մեզ պետք է տար կոնկրետ զենք-զինամթերք, սաղավարտ ու զրահաբաճկոն: Բայց ծակ սաղավարտների ու բեկորից ջարդջրդված զրահաբաճկոնների հետ՝ մեզ տվեցին 1960-ական թվականների ավտոմատներ եւ երկու գնդացիր: Փաստորեն, իրենք գոռում էին, թե 80-ականների զենքով են կռվում մեր զինվորները, բայց հիմա 60-ականների ավտոմատ են տալիս: Նույնիսկ ժանգոտած ավտոմատներ կային, որոնք թույլ չեմ տվել, որ մեր տղաներին տային եւ, որպես վաշտի հրամանատար, հրաժարվել եմ ստորագրել: Երեւանից, երբ գնում էինք, մեզ ասում էին, թե այսինչ տեսակի աշխատավարձ եք ստանալու, հասանք կորպուս, ասացին՝ ձեր աշխատավարձը երկու անգամ ավելի պակաս է: Դրան էլ ենք հարմարվել՝ մտածելով, որ մեր պետությունը փող չունի: Մեզ ասում էին 14 օր պետք է դիրքերում լինեք, 14 օր՝ ներքեւում, հասանք այնտեղ, ասացին՝ 28 օր պետք է մնաք դիրքերում: Էլի հարմարվել ենք, ասել ենք՝ հերն էլ անիծած, 30-40 օր էլ կմնանք, խնդիր չկա: Ունեցել ենք 11 դիպուկահար, որից միայն 7-ին են տրամադրել դիպուկահարի զենք, նռնականետ օգտագործող մասնագետ ենք ունեցել, որի համար ասացին՝ նռնականետ չկա: Ասում էին՝ պահեստներում գնդացիր չկա, ինչպե՞ս կարող է չլինել:

– Այդուհանդերձ, գրեթե մեկ շաբաթ լինելով սահմանին՝ ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

– Սահմանում միշտ լարվածություն կա: Բոլորը սպասում են, որ ամեն օր կարող են մարտական գործողություններ սկսվել: Փաստացի մենք պատասխանատվություն էինք վերցնելու մի քանի տասնյակ դիրքերի համար եւ ատամներով պահելու էինք դրանք, որովհետեւ պատրաստ էինք յուրաքանչյուր մեր առջեւ դրված մարտական խնդիր պատվով կատարելու: Սպայակազմն էլ էր դրանում վստահ, ամեն առավոտյան ու երեկոյան մեզ շնորհակալություն էին հայտնում, որ կանք: Հիմա էլ զանգում ենք պաշտպանության նախարարություն, ասում են՝ սպասեք, կպատասխանենք: Բայց ինչքա՞ն սպասենք, ինչի՞ն սպասենք՝ մինչեւ թուրքը հասնի Երեւա՞ն, թե՞ ֆեյսբուքյան ֆիդայիններին ենք սպասում: Երբ մեզ խնդրեցին եւ գնացինք հանրապետական զինկոմիսարիտատ, հարցրել էին, թե որ կողմ եք ուզում գնալ, կարող ենք ձեզ ուղարկել տարբեր ուղղություններով: Բոլորիս պատասխանը եղել է հետեւյալը. «Մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ ամենադժվարն է ու ամենաանհրաժեշտը»: Մենք պետք է հերթափոխ իրականացնեինք շուրջ երեք տասնյակից ավելի դիրքերում, որոնց վրա Ադրբեջանն այսօր աչք է դրել: Երեւի տեսան, որ պատրաստ ենք իսկապես ատամներով կառչել մեր լեռներից  ու ոչ մի քայլ նահանջ չանել, դրա համար էլ մտածեցին, որ մեր փոխարեն՝ շատ ներողություն բառի համար, բայց ավելի լավ է տանել խմող, թմրանյութ օգտագործող մարդկանց, որպեսզի վաղը եթե Ադրբեջանը նորից հարձակվի, զոհեր ունենանք, զոհերի գնով հողեր տանք, հետո ասեն՝ ժողովուրդը պարտվեց:  Չեմ կարողանում հասկանալ՝ էժան զոհե՞ր են իրենց պետք, որ երկու կոպեկի համար դիրք բարձրացնեն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն պաշտպանություն իրականացնելու: Դրա համար էլ ունենում ենք, ըստ ներկայիս իշխանության, «իզուր զոհեր», մարդիկ, ովքեր հանձվում են, գերի են ընկնում, որովհետեւ չգիտեն ինչ պետք է անեն, պատրաստված չեն:

– Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչները քննադատում են իշխանությանը, միանգամից հայտնվում են մեկնաբանություններ, թե խոսելու փոխարեն՝ գնացե՛ք սահման պահեք: Փաստորեն, արձանագրենք, որ Դուք էլ գնացել եք սահման պահելու, բայց դիրքերի՞ց են իջեցնում:

– Ասացին՝ հայոց պետականությունը սկսվում է սահմաններից, տղա եք, գնացեք, դիրքերը պաշտպանեք, մենք էլ լսեցինք իրենց, թողեցինք տուն ու ընտանիք եւ գնացինք, բայց դիրքերն էլ  չեն թողնում պաշտպանենք: Դուրս է գալիս ո՛չ կարող ենք բողոքել, ո՛չ քննադատել, ո՛չ սահման ու երկիր պահել, մեզ էլ ի՞նչ է մնում: Ինչքա՞ն կարող ենք այսպես շարունակել գոյատեւել: Սա ուղղակի անկառավարելի վիճակ է: Վերջը սրանց ուզածն ի՞նչ է՝ Արցախը հայկական չի՞, Հայաստանը հայկական չի՞, կարո՞ղ է մենք էլ հայ չենք: Թո՛ղ կողմնորոշվեն: Եթե իրենց համար Հայաստանն ու Արցախը հայկական չեն, մեր համար հայկական են, որովհետեւ հա՛յ ենք ու մեր երկրի տերն ենք: Ինքս քաղաքական ուժի ղեկավար եմ եւ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում: Հասարակ հարց ենք տալիս կառավարությանը՝ մե՞նք ենք մեր երկրի տերը, թե՝ ո՞վ: Եթե մեր երկիրն արդեն վաճառված է, մեր պետականությունն այլեւս գոյություն չունի, բայց մեզնից թաքցնում են, թող ասեն, որ մեր անելիքն իմանանք, որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի ու հայ՝ հրաժարվում ենք այդ մտքից՝ ով ուզում է լինի իշխանություն: Չեմ կարողանում հասկանալ հատկապես մեր սպայակազմին: Չէի պատկերացնում, որ մեր բանակում կարող է լինեն բարձրաստիճան սպաներ, որ բառիս բուն իմաստով իրենց անձնական շահից բացի՝ ուրիշ բան չհետապնդեն: Չէ՞ որ գոնե իրենք պետք է մտածեն բանակի մասին, որը մեր պետության, անկախության միակ երաշխավորն է: Մինչդեռ նրանք կարող են մի մատի ճտոցով դիրքեր բարձրացող տղաներին փորձել կոտրել, անտեսել, օգտագործել այդ տղաներին՝ զուտ թիվ լրացնելու եւ հերթական աստղը ստանալու համար՝ դրանով իրենց գործը համարելով ավարտված: Ես սա համարում եմ դավաճանություն հայ զինվորին: Իսկ ո՞րն է մեր մեղքը, մեր երկիրը սիրե՞լը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ