- 15/04/2022
Հայաստանը դարձել է խաղալիք Արեւմուտքի ձեռքին. Սերգեյ Միխեեւ
Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ գնահատմամբ` պաշտոնական Երեւանի գործողությունների հետ կապված պարբերաբար տարակուսանք է առաջանում Մոսկվայում։ Նա ուղիղ ակնարկեց, որ այդ առումով իրավիճակի վրա ազդում է Արեւմուտքը:
– Մենք, ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պահից Հայաստանի դիրքորոշման հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք: Արեւմուտքի նպատակն է Հայաստանը Ռուսաստանից կտրելը, եւ այս իրավիճակում` Հայաստանը դարձել է խաղալիք Արեւմուտքի ձեռքին: Պետք է մի պարզ բան հասկանալ` Թուրքիան ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցն է այս տարածաշրջանում եւ ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ Արեւմուտքը հույս ունի որոշ ժամանակ անց Հարավային Կովկասը, Կասպյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան դարձնել թուրքական ազդեցության գոտի: Հայաստանն այս սխեմայում կորում է եւ կհայտնվի ոչ նախանձելի վիճակում: Երեւանի երկմտանքը, ինչպես նաեւ Հայաստանում արեւմտամետ լուրջ խմբերի առկայությունը, մեզ մոտ մտավախություններ եւ կասկածներ են առաջացնում:
– Պարոն Միխեեւ, որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի մաս կազմելը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը:
– Մեր հարաբերությունները դուրս են գալիս անվերջ հաշվարկների շրջանակից: Եթե Հայաստանը հետաքրքիր համարի միութենական ինտեգրումը, ապա այն հնարավոր է: Ռուսաստանի եւ Հայաստանի համար փոխադարձ ինտեգրումն օգտակար է: Հայաստանի համար օգտակար է գոնե նրա համար, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններին պակասում են ընդհանուր սահմանները, ցամաքային կապերը, բայց մեր հարաբերություններում կարող է լինել ավելի շատ տնտեսական բաղադրիչ, ավելի շատ վստահություն եւ աջակցություն` անվտանգության հարցերում:
– Ի՞նչ կասեք Ռուսաստանի դերի մասին արցախյան հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական, այսպես ասած, հարաբերությունների կարգավորման առումով:
– Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից: Ռուս խաղաղապահներն առանցքային դեր են խաղալու տեղում: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծմանն` այն առաջին հերթին կախված է Երեւանից եւ Բաքվից։ Որքանով գիտեմ` Փաշինյանը բանակցություններ է վարում: Կարծում եմ` առանց Ռուսաստանի պայմանավորվածության հասնելը ծայրահեղ բարդ կլինի` չնայած ոչ վաղ անցյալում Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցություններին: Ես որեւէ խոսք չեմ լսել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելն ինչ-որ նոր ու կարեւոր բան է առաջարկել: Հետեւաբար, ըստ իս, Ռուսաստանը կմնա այս գործընթացում:
– Վտանգ տեսնո՞ւմ եք` Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում պանթուրքիստական միավորումներ ստեղծելու փորձի հետ կապված, այդ թվում` ՌԴ տարածք ներխուժելու առումով:
– Ռուսաստանում այդ նախագծերի վտանգը հասկանում են: Մենք չենք պատրաստվում անտեսել այն: Թուրքիայի հետ կապված պատրանքներ չունենք եւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում պանթուրքիստական նախագծի զարգացումը մեզ ձեռնտու չէ: Կասկածներ կան Ղազախստանի վերջին իրադարձությունների կազմակերպմանը Թուրքիայի մասնակցության, Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման փորձերի վերաբերյալ, սակայն ներկա սցենարով Ռուսաստանը կփորձի պահպանել առկա հավասարակշռությունն Անկարայի հետ հարաբերություններում։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները միշտ էլ շատ բարդ են եղել, բայց մյուս կողմից կա որոշակի ձեւաչափ` չենք կարող այն վերցնել ու մի կողմ նետել: Անգամ ուկրաինական ճգնաժամի հարցում թուրքերը բավական խորամանկ են` մի խաղ է գնում, որը ցանկացած պահի կարող է այլ ուղղությամբ շրջվել: Բայց թուրքերը փաստացի ամբողջ ծավալով չեն միացել այն պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը պարտադրում է բոլորին: Բացի այդ, Թուրքիայով գազատար է անցնում, որն այժմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։ Գուցե մի օր Թուրքիան նենգորեն օգտվի դրանից, չեմ բացառում: Հիմա մի իրավիճակ է, որը պատմականորեն այնքան էլ բնորոշ չէ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, քանի որ բազմիցս պատերազմել են ենք նրանց հետ եւ չէինք ցանկանա, որ այն կրկնվեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ