- 15/04/2022
Հայոց հարցը կլուծվի, երբ առաջանա հստակ հակաթուրքական էլիտա. Էլբակյան
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանում հնչեցված փաշինյանական հայտարարությունների մասին «ԻրավունքTV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:
– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Ո՞վ է այսօր այդ միջազգային հանրությունը` Ադրբեջանն ու Թուրքիա՞ն, քանի որ հենց ինքն է նշում, որ «Ղարաբաղի հարցը 2016-ին դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթից»:
– Ըստ էության, կարելի է նաեւ այդպես ասել, բայց նախ եկեք ֆիքսենք, թե սրա գաղափարական «պապան» ինչ էր ասում իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» (Լեւոն Տեր-Պետրոսյան, 1997 թվականի նոյեմբերի 1) հոդվածում: Նա էլ էր նույնն ասում, թե մենք ոչ թե Ադրբեջանի դեմ ենք դուրս եկել, այլ միջազգային հանրության, որը չի ների սա: Բայց տեսանք, որ երբ «շառը քաշեց» գնաց, եկան ուրիշ մարդիկ, որոնց քաղաքականության արդյունքում վերջում «միջազգային հանրություն» կոչվածը Ադրբեջանին էր, այսպես ասած, անկյուն գցել: Կա Իլհամ Ալիեւի ինքնախոստովանանքը, որ ինձ փակ դռների հետեւում այդ «միջազգային հանրություն» կոչվածը ճնշում է եւ ստիպում ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Հիմա այդ մարդկանց հեռացրին եւ Թուրքիայի ու Արեւմուտքի աջակցությամբ եկան նորից իրենք` ավելի երիտասարդացած տեսքով, ու էլի ստացվում է այնպես, որ միջազգային հանրությունը մեզ է ճնշում: Սա նման է նրան, որ դու մեքենա վարել չիմանաս, լինես ղեկին ու ասես` այս մեքենան վաղ, թե ուշ գնալու է մի ծառի բախվի, բայց երբ քեզ հանեն ու շպրտեն այդ մեքենայի ղեկից, նորմալ վարորդ նստի, մեքենան ծառին չի բախվում: Սրանց համար այսօր միջազգային հանրությունը միայն ԱՄՆ-ն է, որն այստեղ չունի ռազմական ներկայություն, բայց ունի ռազմական շահեր: Իսկ դրանք ենթադրում են Ռուսաստանի եւ Իրանի այս տարածաշրջանում թուլություն: ԱՄՆ-ն, այստեղ չունենալով ռազմական ներկայություն, ունի ռազմական ագենտուրա` հանձին Թուրքիայի, որի հետ բանակցելով` պետք է փորձի ապահովել այն: Ըստ էության, սա պրոթուրքական իշխանություն է: Եվ ինչո՞ւ նրանք այդ նույն զրույցը չեն ունենում այսօր Ռուսաստանի, Իրանի հետ, որովհետեւ կա Մինսկի խմբի նախագահությո՞ւն… Այդ համանախագությունն իրենք վերացրին, ինչի մասին Ալիեւն իրենց ճակատին ասաց, հետո մի հատ էլ Լավրովն ասաց:
«ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ. ԴԱՍԱԿԱՆ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻԶՄ»
– Իր ելույթում Փաշինյանն ընդգծեց, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Սա նշանակում է, որ հենց իրե՞նք են հրահրել պատերազմ ու ընտրել զոհերով հանձնելու տարբերակը:
– Ամեն ինչ շատ պարզ է: Այսօր գրեթե չի խոսվում այդ մասին, մի քիչ նաեւ ընդդիմության թերացումն էլ է, բայց հիշեք, որ պատերազմի ժամանակ հենց ինքն էր ֆեյսբուքյան գրառում կատարել ու գրել, թե բանակցային սեղանի շուրջ կորցրել ենք մեր սակարկման առարկան, դրա համար Ադրբեջանը մեզ էլ բանի տեղ չի դնում: Ուստի` պետք է նորից պատերազմի դաշտում վերականգնենք մեր սակարկման առարկան, որ էլի մեզ հետ հաշվի նստեն: Այդ ժամանակ կորցրել էինք Արցախի գրեթե ամբողջ հարավը, այսինքն` ինքն ասում էր, որ պետք է նորից այդ տարածքները ազատագրենք, որպեսզի հետո Ադրբեջանի հետ բանակցենք եւ հանձնենք` կարգավիճակի դիմաց: Բաց տեքստով սա գրված է եղել պատերազմի ժամանակ: Ստացվում է, որ ինքը մեղադրում է նախկիններին, որ բանակցում էին մի տարբերակի շուրջ, որտեղ կար տարածքային ինչ-որ փոխզիջում, բայց նույն բանն ինքն է գրել պատերազմի ժամանակ: Ավելին` նա նաեւ գրել էր, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղ, նշանակում է հայաթափում այդ երկրամասի, այսինքն` ցեղասպանություն, ինչը հիմա տեղի է ունենում: Այսքանից հետո` պետք է հստակ ֆիքսել, որ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում: Եվ անհիմն են մամուլում տեղ գտած այն քննարկումները` հոգեկան առողջության ենթադրյալ խնդիրների վերաբերյալ: Մարդը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ իր քայլերն ուր են տանում: Ընդ որում` ի սկզբանե է այդպես եղել, մենք չպետք է խաբվենք 2018-19-ի իբր «հայրենասիրական» ու «ազգանպաստ» տպավորություններով: Խնդիրն այն է, որ իրենք երբեք չեն ունեցել եւ չունեն ազգային օրակարգ: Ուղղակի, երբ եկան իշխանության, կար այդ դոմինանտ օրակարգը, ու երկիրը դեռ քանդված չէր, առաջնագիծը` կար: Երբ ԱՄՆ-ից Բոլթոն ազգանունով այդ տհաճ կերպարը եկել էր, իրենք բոլթոնյան սիրախաղի ամիսներին մի պահ փորձեցին քանդել այս օրակարգը, բայց զգացին, որ դիմադրությունը շատ է: Արդյունքում որոշեցին` ոչ թե քանդել, այլ սրա հաշվին «աչոկ» հավաքել` այն, ինչն իրենց բուն նպատակն է: Ու տեղի ունեցան տավուշյան դեպքերը, որն իրականում մի չպահվող, դատարկ դիրք վերցնել էր: Սա փիառի տեսանկյունց խայտառակություն էր եւ վեց հոգու կյանք արժեցավ: Բայց այդ ժամանակ իրենք չէին ասում` էդ ո՞ւմ 18-20 տարեկան երեխու կյանքի հաշին էինք կիսադատարկ մի դիրք վերահսկողության տակ առնում: Իսկ հիմա այդ օրակարգի հաշվին արդեն «աչոկ» չեն կարող հավաքել, որովհետեւ երկիրը գրավվել է իրենց իսկ մեղքով, եւ արդեն ամեն կողմից ճնշում կա` Ադրբեջանից, Թուրքիայից, Արեւմուտքից: Իրենք էլ հեշտ ձեւ են գտել, ասում են` գործարքի գնանք, եթե Թուրքիան եւ Արեւմուտքը մեր երկրի ներսում տալիս են մեզ վարչական անսահմանափակ իշխանություն, մենք էլ երկիրը տանք իրենց: Դասական կոլաբորացիոնիզմ:
– Ամեն դեպքում, Փաշինյանի ելույթից հետո` ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը եկել է այն եզրահանգման, որ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի գաղափարն այսօր կարելի է ասել` ճիշտ չի եղել»: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ոչինչ չեմ ասի, քանի որ ասածս հարցազրույցային բառապաշարից դուրս կլինի:
– Այսքանով հանդերձ` ի՞նչ է սպասվում Արցախին ապագայում, երբ փաստացի Հայաստանը «ձեռքերը լվացել է», ու արցախահայությունն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչ անել:
– Իրականում այդ թեզն էլ է սխալ, թե Հայաստանը «ձեռքերը լվացել է»: Չի լվացել, ավելին` դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները շարունակում են իրենց դավաճանական գործելակերպը: Իրենց չեն էլ թողնի, որ «ձեռքերը լվանան»: Օրինակ, եթե ասեն մենք այստեղ կապ չունենք, ռուսներն են, մտնելու են Սյունիք ու Տավուշ: Ի վերջո, թշնամու համար բոլորս էլ հայ ենք, եւ մեր ամբողջ տարածքը Հայաստան է: Սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս է: Մինչդեռ տարիներ շարունակ քարոզչություն է տարվել, թե Արցախը մերը չէ, պետք է հանգիստ տալ ու «պրծնել»: Տվեցին, «պրծան», բա ինչո՞ւ չեն հանգստանում:
«ԻՐԵՆՑ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ԱՅԼ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼԸ»
– Գուցե չեն հանգստանում, որովհետեւ կարծում են, թե մինչեւ վերջին «խազը» երկիրը պետք է հանձնել, որ խոստացված «խաղաղության դարաշրջանը» բացվի՞:
– Իրականում կապ չունի իրենց հավատացած լինել-չլինելը, որովհետեւ միգուցե հոգու խորքում իրենք էլ են հասկանում, որ ոչինչ չի լինելու, բայց իրենց այսպես ձեռնտու է: Իրենք առաջին հերթին մտածում են, ոչ թե երկրի մասին, այլ` իրենց իշխանության: Եվ այդ տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում իրենց երաշխավորված են զգում: Ու հատկապես հիմա են շտապում, որովհետեւ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, եւ իրենց արեւմտյան տերերի թելադրանքով ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ՌԴ-ին այստեղից հեռացնեն: Իսկ հետո թուրքի խոսքի երաշխիքի հիման վրա ինչքան կձգվի, շարունակեն այստեղ իրենց կոլաբորացիոնիստական վարչակարգի իշխանությունը: Իրենց մոտ այդ հարցը դրված էլ չէ, թե` լավ, բա երկրի համար ի՞նչ կլինի: Այնպես չէ, որ իրենց շարքերում բոլորն ավարտված հիմարներ են, կան մարդիկ, որոնց ուղեղի «շարիկները» քիչ թե շատ աշխատում են: Եվ եթե իրենք հոբբիի համար նստեն եւ այս ուղղությամբ մտածեն, կհասկանան, որ երկիրը վարի է գնում: Բայց սա կարձանագրեն, կթողնեն ու կգնան իրենց տները, որովհետեւ իրենց օրակարգը, էլի եմ ասում, երկիրը չէ՛, այլ իշխանությունը պահելն է:
– Որեւէ տարբերակ դեռ կա՞ այս վտանգավոր ընթացքը կասեցնելու համար, որովհետեւ հիմա նաեւ մեղադրանքներ են հնչում խորհրդարանական ընդդիմության հասցեին, թե Ազգային ժողովում Ձեր խրամատները թողած` զբաղված եք հրապարակներում Արցախի դրոշներ դնելով:
– Ընդդիմությունն այսպես թե այնպես, ինչ էլ անի, քննադատություն լինելու է, որովհետեւ իրավիճակից է բխում: Կա հասարակության մի զգալի շերտ, որը հասկանում է, թե ինչ է կատարվում եւ որոշակի ակնկալիքներ ունի ընդդիմությունից, քանի որ քվե է տվել: Եվ վիճակն ինչքան օրհասական է դառնում, պարզ է` այդ ակնկալիքները մեծանում են: Շատ բնական է, ուստի` եթե ընդդիմությունը դրոշներ չդներ, այլ խորհրդարանում բոլորով նստած «աբառոնա» պահեին, այդ ժամանակ էլ կասեին` ինչու եք խորհրդարանում, փողոց դուրս եկեք: Փողոց դուրս գային, պետք է ասեին` ինչու եք մարդկանց տուն ուղարկում: Իրավիճակն է այսպիսին, մեղավորներ ֆիքսելու հարց չէ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք` այս ընթացքը կասեցնելու համար, նախ պետք է արձանգրենք, որ կա թուրքական էլիտա Հայաստանում, որը տնտեսական, գաղափարախոսական ու քաղաքական շահերով` կապված է Թուրքիայի հետ: Ընդամենը հիշենք, որ 2021-ի փետրվարին Հայաստանում իշխանափոխության ռազմական հեղաշրջումը խափանվեց հենց Թուրքիայի միջամտության արդյունքում: Նաեւ չմոռանանք, որ այսօրվա իշխանության մեջ կան տնտեսական էլիտայի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի շահագրգռված են, որ թուրքերը գան, այստեղ լցվեն, ու իրենց անշարժ գույքը շուկայական բարձր արժեք ունենա: Այնպես որ, այսօր Հայոց հարցն ամբողջությամբ ներքին կոնտեքստ ունի: Մինչեւ ներքինը չլուծվի` արտաքինին լուծում չկա: Դրա համար Հայաստանի թշնամիներն ամեն ինչ անում են, որ այս իշխանությանը պահեն: Հետեւաբար, Հայոց հարցը կլուծվի, երբ առաջանա հստակ հակաթուրքական էլիտա, որը ոչ թե ուղղակի կիմանա, որ թուրքը մեր թշնամին է, ինչը թե՛ պատմությունն է փաստում, թե՛ այսօրը, այլ հանրությանն այդ վեկտորով կտանի` դիրքավորվելով պոտենցիալ միջազգային գործընկերների եւ դաշնակիցների կողքին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.