- 15/04/2022
Ապրիլի 18-ից հուլիսի 31-ը Հայաստանում կհայտարարվի ամառային զորակոչ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:
2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։