- 18/04/2022
ԱՄՆ-ը պատրաստվում է կրկին միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում
ԱՄՆ-ը պատրաստվում է իր միջուկային զենքը տեղակայել Մեծ Բրիտանիայում: Բայդենի վարչակազմի 2023 թվականի պաշտպանական բյուջեի հարցումով Բրիտանիան ավելացվել է այն երկրների ցանկին, որտեղ Վաշինգտոնը ներդրումներ է կատարում ենթակառուցվածքներում` «հատուկ զենքի» պահեստավորման վայրերում:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով 2023 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի փաստաթղթերը։
Բայդենի վարչակազմի խնդրանքում Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան ներառված են այն երկրների ցանկում, որոնց տարածքում ԱՄՆ-ը միջուկային զենք է պահում:
Հանս Քրիստենսենը՝ Ամերիկայի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրենը, առաջինն էր, ով հայտարարեց բյուջեի այս կետը։ Նրա խոսքով՝ բրիտանական օբյեկտը, որը արդիականացվում է ամերիկյան սպառազինության համար, ԱՄՆ Լեյքենհիթ ավիաբազան է՝ Լոնդոնից 100 կմ հյուսիս-արեւելք։
ԱՄՆ-ն իր B61 զինամթերքը դուրս բերեց Լեյքենհիթից 2008 թվականին՝ նշանավորելով Մեծ Բրիտանիայում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելի քան կես դարի առկայության ավարտը: Դուրս գալու պահին տվյալ ռումբերը համարվում էին հնացած, ինչպես նաև մեծ հույսեր կային միջուկային տերությունների զինաթափման հետ կապված:
Այժմ, որպես ԱՄՆ սպառազինությունների կուտակման ծրագրի մի մաս, B61 ջրածնային ռումբը ստացել է նոր կյանք և թիրախավորման նոր համակարգ՝ դառնալով B61-12 տարբերակը, որը զանգվածային արտադրության է պատրաստվում մայիսին:
2023 թվականի բյուջեի հայտում ասվում է, որ ՆԱՏՕ-ն «ավարտում է 13-ամյա՝ 384 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ներդրումային ծրագիրը Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում՝ անվտանգության միջոցները, կապի համակարգերը և սարքավորումները արդիականացնելու նպատակով»:
1990-ականներին Լեյքենհիթի բազան ուներ 33 ստորգետնյա պահեստարան, որտեղ պահվում էր 110 B61 ռումբ: Դրանց դուրսբերումից ի վեր պահոցները հնացել են: Քրիստենսենը կարծում է, որ պահեստային տարածքները կթարմացվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ պահվեն նոր B61-12 ռումբեր։
Բայդենի վարչակազմը զգույշ է եղել, որպեսզի չձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է դիտվել որպես միջուկային էսկալացիա՝ ի պատասխան Պուտինի այն հայտարարության, որ նա Ռուսաստանի միջուկային ուժերը բարձր պատրաստության վիճակում կդնի Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո: Այսպիսով, Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարեց իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրված փորձարկումները։
Այդ պատճառով Քրիստենսենը կասկածում է, որ Բայդենը ծրագրում է մեծացնել ԱՄՆ միջուկային զինանոցը Եվրոպայում։ Երբ նոր B61-12 ռումբերը մատակարարվեն, դրանք կփոխարինեն արդեն իսկ առկա հին մոդելներին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել արդիականացումը, որը քննարկվում է ԱՄՆ բյուջեում։ Բրիտանացի պաշտոնյաներից մեկն ասել է. «Մենք այս մասին ոչինչ չենք հաղորդելու, քանի որ խոսքը վերաբերում է միջուկային զենքի պահպանմանը»: