- 20/04/2022
Ոչ ոք չի սիրում ջրիկ, չկողմնորոշված առիթավորվողներին, մեր դիրքորոշումը պետք է հստակ լինի. Զաքարյան
«Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության ղեկավար ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ գնահատմամբ` այսօր երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, ուղղակի, շատերը չեն ուզում դա ընդունել: Եվ Հայաստանը նույն վիճակում է հայտնվել, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: «Իրավունքի» հետ զրույցում նա անդրադարձավ ներքաղաքական ստեղծված իրավիճակին:
– Երեկ կայացավ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ կամ արդյունքներ այն կարող է ունենալ:
– Դժվար է ասել, թե ինչ կարելի է սպասել, քանի որ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Հայաստանում չի կարողանում կարեւոր որոշումներ կայացնել, ուր մնաց` համաշխարհային ասպարեզում: Միգուցե էլի ինչ-որ բան է խոսք տվել, բայց գալով Երեւան` հակառակը կխոսի: Հիշո՞ւմ եք, որ վերջերս նա հակառուսական արտահայտություններ էր անում, ռուս խաղաղապահին, որ նույն ռուսական բանակն է եւ պաշտպանում է այսօր Արցախը, իշխանությունը քննադատում էր: Այսօր ռուսական բանակը պատերազմի մեջ է, եւ նման հայտարարությունները մեզ կարող են միայն վնաս տալ: Վլադիմիր Պուտինը գիտի` ովքեր են թուրքերը եւ գիտի նաեւ իր անելիքը նրանց հետ, մնում է, որ արանքում նորից մենք չտուժենք: Հետեւապես մեր դիրքորոշումը պետք է հստակ լինի: Ոչ ոք չի սիրում ջրիկ, չկողմնորոշված առիթավորվողներին, այլ սիրում են հստակություն եւ տղամարդկություն: Իսկ իշխող ռեժիմը չունի այդ ամենը:
– Հիմա ունենք այն, ինչ ունենք: Այս դեպքում` ո՞րն է ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը:
– Դրա համար արագ պետք է ձերբազատվել այս թրքահպատակներից, ձեւավորել խորհուրդ, որը ժամանակավոր կղեկավարի երկիրը: Մինչդեռ բոլորն ասում են, թե չենք ուզում էսինչը լինի, չենք ուզում` էնինչը լինի: Այդ անձապաշտությունը, կռապաշտությունը մեզ երբեք օգուտ չի տվել: Նույնիսկ չեմ կարծում, թե այս հայատյաց ռեժիմին հեռացնելուց հետո ինչ-որ մեկը, այսպես ասած, թագավոր է դառնալու, որից մարդիկ վախենում են, թե` վայ, էսինչը չգա, էնինչը` չգա: Պետք է երկիրը կայունացնել, ճգնաժամից հանել, որից հետո գնալ համապետական ընտրությունների: Այդ ժամանակ թող որոշեն, թե ում են ուզում ընտրել երկրի ղեկավար: Կարծում եմ` այդ ընթացքում պետք է տեղի ունենան նաեւ սահմանադրական փոփոխություններ: Խորհրդարանական համակարգը պետք է նույնպես փոխվի, որպեսզի երկիրը ղեկավարի պատասխանատու անձ, եւ այս ապաշնորհ ուժի նման ամեն ինչ չգցեն ժողովրդի վրա, թե դուք եք ընտրել, ձեր ասածն ենք անում: Պետք է հայկական ավանդական ընտանիքի մոդելի վրա հիմնված լինի մեր պետությունը: Իսկ հայկական ընտանիքում կա պատասխանատու անձ, որն ապահովում է ընտանիքի անվտանգությունը, բարօրությունը: Մեր հայրենիքն էլ հայերիս մեծ ընտանիքն է, եւ այն պետք է ունենա իր արժանի ղեկավարը, որը կապահովի այդ ամենը` իհարկե, հայերի օգնությամբ:
– Ասում եք, որ պետք է ժամանակավոր ղեկավարող խորհուրդ ձեւավորվի, բայց չե՞ք կարծում, որ այդ սցենարն արդեն իսկ տապալված է: Չէ՞ որ պատերազմից հետո էլ քաղաքական ուժերը միավորվեցին, որոշեցին ժամանակավոր կառավարություն ձեւավորել, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց:
– Ճիշտ է, այն ժամանակ ասում էին` ժամանակավոր կառավարություն է լինելու, բայց նորից կոնկրետ անձի էին առաջ մղում: Հասարակ մարդիկ, ոչ թե քաղաքական գործիչները, ասում էին, որ Վազգեն Մանուկյանին չենք ուզում, ինչը նշանակություն ունեցավ: Իսկ հիմա, եթե հստակ իմանան, որ լինելու է այսքան հոգանոց խորհուրդ, բոլորովին այլ կլինի: Ընդ որում` այդ խորհրդում պետք է ներկայացված լինեն նաեւ ռազմական գործիչներ, որովհետեւ իրականում հիմա ռազմական դրության մեջ ենք: Այս դեպքում մարդիկ կվստահեն, գոնե կիմանան, որ իրենց անվտանգությունն ապահովված է: Հազարավոր մարդիկ ուղղակի վստահությունն են կորցրել, որ այստեղ ոչ թե աթոռակռիվ ու պաշտոնակռիվ է, այլ կոնկրետ երկիրը փրկելու խնդիր, որին բոլորս պետք է մասնակցենք: Ովքեր մասնակից չեղան, նրանք խոսելու իրավունքից պետք է զրկվեն:
– Բայց հիմա էլ տեսնում ենք, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն չէ, ի՞նչն է պակասում, որ մարդիկ իսկապես միանան պայքարին:
– Պատկերացրեք, որ 1988 թվականին էլ շատ-շատ մարդիկ չէին մասնակցում, հետո արտագաղթեցին կամ որոշները նույնիսկ առիթից օգտվեցին: Բայց այն ժամանակ ավելի շատ հավատ կար, որովհետեւ պայքարն առաջնորդողը Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ մյուսը չէր: Կար «Ղարաբաղ կոմիտեն» եւ մարդիկ իրենց վստահությունը տվեցին նրանց, թե ինչ արեցին հետո` արդեն ուրիշ պատմություն է: Իրականում հիմա քաղաքական ուժերը հստակ հայտարարությամբ պետք է հանդես գան, որ ոչ թե իրենց կուսակցության լիդերի համար են պայքարում, այլ` հայրենիքի, եւ ձեւավորեն այնպիսի ներկայացուցչական խումբ, որին մարդիկ կվստահեն: Այդ դեպքում, եթե, օրինակ, յոթհոգանոց խմբում լինի մեկը, որին չեմ վստահում, բայց վեցին վստահում եմ, ապա, միեւնույնն է, մասնակից կլինեմ այս պայքարին: Կարծում եմ` քաղաքական ուժերն էլ են սա հասկացել, որ միակ կուսակցությունը հայն է: Այսօր բոլորս պետք է լինենք այդ հայ կուսակցությունից: Ոչ մի կուսակցության անդամ ինքս չեմ եղել եւ ինձ նման հազարավոր մարդիկ կան, որոնք ոչ թե կուսակցական, այլ ազգային շահն են կարեւորում: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ազատության հրապարակում, յուրովի հայահավաք է: Հիմա հայրենիքը պետք է փրկել, ու էլի եմ ասում` չեմ կարծում, թե այստեղ ինչ-որ մեկի հետեւից գնալու հարց կա: Պետք է ամենակարեւորը` անտարբեր չլինել, որովհետեւ ամենավտանգավորը անտարբեր զանգվածն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ