• 20/04/2022

ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է ՀՀ Ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը:

Տիկին Լեյլոյան, այսօր որքանո՞վ է հայկական ժողովրդական գործիքը` քանոնը, մեր նոր սերնդի կողմից ընդունված:

– Բարեբախտաբար, քանոնը միշտ էլ ընդունված է եղել` սկսած Սովետական Միության ժամանակաշրջանից: Քանոնի արվեստը, իհարկե, մի փոքր նահանջեց 1990-ականների սկզբներին, բայց հետո նորից վերականգնվեց: Հիմա ուրախ եմ, որ ժողովրդի կողմից հետաքրքրություն կա դեպի ազգային երաժշտությունը, ազգային գործիքները:

Քանոնի ասպարեզում մրցակցությանն ինչպե՞ս եք հաղթահարում:

– Մրցակցությունը լավ է, որ լինի, բայց պետք է մաքուր մրցակցություն լինի: Հատկապես արվեստում արվեստագետը պետք է լինի մաքուր մտածելակերպով եւ հոգով, որպեսզի իր արվեստը մաքուր կարողանա արտահայտել: Եթե իր մեջ եղավ նախանձ, սուտ եւ անհարգալից վերաբերմունք իր կոլեգաների հանդեպ, այդտեղ չի կարող ճիշտ արվեստ լինել:

Դասավանդում եք նաեւ Արաբական Էմիրաթներում, այդտեղ ավելի շատ ո՞ր ժանրի պահանջարկը կա:

– Իրենց շատ հետաքրքիր է դասական ստեղծագործությունները, որ կատարում եմ ես քանոնով: Իմիջիայլոց, արաբական բոլոր երկրներում քանոնը տարածված է: Ինչպես մեզ մոտ է քանոնը կոչվում ազգային գործիք, նույնն էլ իրենց մոտ է: Եվ ոչ միայն Էմիրաթներում` Սիրիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Պարսկաստանում բոլոր տեղերում կա այդ գործիքը, բայց հայկական քանոնը մյուս ազգերի քանոններից տարբերվում է իր կատարման ձեւով եւ լադային հնչեղությամբ: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք միշտ պահենք մեր գործիքը հայկական, ոչ մի ձեւով չխառնենք իրենց կատարման ձեւերը մերի հետ: Որովհետեւ, եթե մինչեւ հիմա ինձ հրավիրում են, իրենց հետաքրքիր է մեր կատարման ձեւը, բայց իրենք չեն խառնում ձեւը եւ իրենցն են նվագում: Դա շատ գովելի է: Ես կուզեի, որ մեզ մոտ էլ այդպես լինի: Մեզ մոտ էլ մարդիկ կան, վերցնում են իրենց կատարման ձեւերն ու Հայաստանում ուզում են ցույց տալ, որպես նորություն իրենց կողմից, բայց դա հայտնագործություն չի, վաղուց արդեն գոյություն ունի այդ ազգերի համար: Պետք է անպայման պահպանել, որպեսզի մեր ազգային գործիքն իր դեմքը չկորցնի:

Արաբական Էմիրաթներում մասնակցել եք նաեւ համերգի, կպատմե՞ք:

– Ինձ հրավիրել էին Էմիրաթ պալատում մասնակցելու միջազգային փառատոնի: Սկզբից հրավիրել էին Եգիպտոսից իրենց շատ ճանաչված եւ սիրված երգչի` Վադիմ Էլսաֆիի համերգին` որպես հյուր մասնակցելու: Եվ երբ որ իրեն ներկայացնում են արդեն տպած ամբողջ ծրագիրը, ինձ զանգահարում են ու ասում, որ Վադիմ Էլսաֆին լսել է իմ կատարումը ու շատ հավանել է եւ ուզում է իր օրը նվիրի ինձ: Այսինքն` ապրիլի 3-ի համերգը ամբողջովին, որ ես նվագեմ: Մենք պայմանավորվեցինք, ծրագիրը ներկայացրի, եւ համերգը   շատ մեծ հաջողությամբ կայացավ: Համերգին ներկա էր Սիրիայի մշակույթի նախարարը, որը այդ համերգից հետո ինձ հրավիրեց մասնակցելու Սիրիայում “Մետաքսի ճանապարհ” միջազգային փառատոնին:

Դասավանդում եք Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Քանոնի բաժնում ուսանողների քանակն այսօր բավարա՞ր է: Շա՞տ են դիմում:

– Այո, դիմում են: Այսօր պահանջներն ավելի շատ են: Երբ որ մարդ ընտրում է մասնագիտություն, պետք է շատ լուրջ զբաղվի դրանով, որովհետեւ միջակությունը տեղ չի գտնում, եւ պետք է լինես շատ լավ մասնագետ, որպեսզի կարողանաս կայանաս քո մասնագիտության մեջ: ժամանակը արագ է զարգանում, շատ փոփոխություններ են լինում: Պետք է այնպես անես, որ կարողանաս քո մասնագիտությունն արդի պահես: Դրա համար պետք է տվյալ մասնագիտության մեջ ժամանակին զգալ ժամանակի եւ ապագայի պահանջները եւ մասնագիտությունը զարգացնել ըստ դրա: Եվ ես խորհուրդ կտամ, որ բոլորն էլ իրենց մասնագիտությանը լուրջ մոտենան ու շատ աշխատեն, որպեսզի կարողանան ապագայում իրենց տեղը գտնեն:

Ըստ Ձեզ` այսօր Հայաստանում մշակութային կյանքն ի՞նչ վիճակում է գտնվում:

– Շատ դաժան հարց է: Կոտրված եւ հատուկ կոտրած….

Պատերազմի ժամանակ շատ մշակութային գործիչներ համոզված էին, որ հաղթելու ենք: Դու՞ք էլ էիք համոզված, որ հաղթելու ենք: Եվ երբ իմացաք կապիտուլյացիայի լուրը, ի՞նչ ապրում ունեցաք:

– Շատ ծանր ապրումներ ունեցա, եւ այդ ամեն ինչը չեմ ուզում նորից վերապրեմ: Իսկ որ այդ ամեն ինչը ճիշտ չէր ասվում, նկատում էինք: Պետք է չարվեր այդպես: Դա շատ ծանր եւ արդարություն ու ճշմարտություն պահանջող թեմա է: Այն մարդիկ, որ ստախոսությամբ են զբաղվում, պետք է պատասխան տան: Կար ժամանակ, որ ճշմարտությունը մեծ առաքինություն էր: Հիմա ինչ-որ շատ է խառնվել: Մարդիկ չեն ամաչում սուտ խոսելուց: Բայց հիմա կուզենայի վերադառնալ մշակույթին եւ կցանկանամ, որ արվեստում սուտն ու անարդարությունը տեղ չգտնեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ