- 20/04/2022
Եվ մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին եւ լռությանը… կամ՝ լսելով Հակոբ Մովսեսին. Գալստյան
«Լրատվական հոսքում աչքիս է զարնում «ԱԺ ընդդիմությունը մեկ մարդու «ախրանա» է. նոր հոկտեմբերի 27-ի վտանգ կա» վերտառությամբ տեսանյութը։
Եթե Հակոբ Մովսեսի պատկերը չնկատեի, իբրև հերթական լրատվական աղբ՝ բաց կթողնեի։ Բաց կթողնեի նաև այն պարագայում, եթե Հակոբ Հակոբյանը սոսկ բանաստեղծ-թարգմանիչ Հակոբ Մովսեսը լիներ /իր քաղաքական հայացքներն հայտնի են/։ Բայց Հակոբ Մովսեսն /Հակոբ Հակոբյանը/ արդեն երեք ամիս է, ինչ անկախ /սահմանադրական/ պետական մարմին հանդիսացող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։
Հանձնաժողով, որի անդամները ՀՀ Սահմանադրության 197-րդ hոդվածի 5-րդ, ինչպես նաև «Տեսալսողաական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետերի համաձայն «Իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ»:
Հունվարի 20-ին, Աժ լիագումար նիստի ժամանակ, մտահոգ մտավորականի առաքելությամբ, Հ․ Մովսեսը պնդում էր, որ ինքը 200 երգ գիտի՝ 200-ն էլ պետականության մասին։ Ասում էր, որ մեդիախուլիգանությունն անընդունելի է։ Մեր պառակտված հանրությունն ու դառը իրականությունը դատապարտող Հ․Մովսեսը հույս էր հայտնում, որ «քափը կնստի և կունենանք կարգին հասարակություն»։ Անաչառ մտավորականի հանգույն՝ նա ուրիշ մեծ-մեծ բաներից էլ խոսեց․ պետության կայացում, քաղաքացու կրթում, եթերը ատելության և հակազգային աղբից մաքրելու անհրաժեշտություն, անգամ դատապարտեց և արգահատելի համարեց եթերից հնչող ատելության խոսքը։
Պիտի խոստովանեմ․ գրչընկերային ու մշակութային ակնածանքով, հանձնաժողովի նիստում անգամ քվեարկությանը չմասնակցեցի․․․Ու, ահա այսօր, ՀՌՀ անդամ Հ․ Մովսեսը՝ միանալով խորհրդարանում ծավալվող ազգային ուրացման և ատելության խոսքի հրավառությանը, այսպիսի պայծառացումներ է ունեցել․ «Հայաստանը էսօրվա ընդդիմություն հորջորջվող ընդդիմության համար եղել է մսուր, որտեղից իրանք կուշտ-կուշտ կերել են։
Հայաստանի էսօրվա ընդդիմությունը ապահովում է իր նախկին գործունեությունը՝ դրա տակ դնելով Ղարաբաղը, Շուշին, Հադրութը ազատագրելու դիմակները։ ԱԺ ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան մի հոգու ախռանա։ Իբրև մտավորական և քաղաքա,ի, ես պահանջում եմ, որ ԱԺ մտնելուց առաջ իրենց շատ լավ ստուգեն՝ զենքերը, գրպանները, ատրճանակները, ավտոմատները։
Էդ խավը իր սոցիալական և օլիգարխիկ գործունեությունը պաշտպանելու համար ընդունակ է ամեն ինչի։ Ինչպես որ մի անգամ/հոկտեմբերի 27-ին/ արել է։ Ինչու ոչ՝ տասնապատիկ ավելին․․․»։
Եթե սովորական, շարքային իշխանամերձ մեկը լիներ, կարելի էր արհամարհել և անցնել, բայց ատելության, սոցիալական խավերի նշավակման, ի վերջո՝ սուտ մատնության խոսք է ասում իրեն մտավորական համարողը, ով պետք է, որ իմանա խոսքի արժեքը, ով ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով պարտավոր է քաղաքական զսպվածություն դրսևորել, գիտակցել սեփական բառի գինը։
Հակոբ Մովսե՜ս, բա՞ երեք ամիս առաջ ԱԺ-ում էիր, և ԱԺ հավաքական ընդդիմությունն էլ էր դահլիճում, ինչո՞ւ քեզ զսպեցիր․․․
Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա գիտելիքի, կրոնի, հոգու լուսավորության մասին բարձրաձայնող մտավորականի վարքագիծ է։ Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա ՀՌՀ անդամի վարքագիծ է։
Հակոբ Մովսե՜ս, անգամ ՔՊ-ից առաջադրված լինելը ամենախոսություն, զրպարտություն և վիրավորանք չի ենթադրում։ Եվ մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․
Հ․Գ․ Ի դեպ, ՀՌՀ անդամի երդման տեքստում նաև այսպիսի տողեր կան «․․․պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից», – գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: