- 04/05/2022
«Տաս տիրոջ ծառայի» կարգավիճակի հետեւանքները
Այս օրերին պետք է որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլուխը շատ խառը լիներ. ուկրաինական պատերազմն ու ռուսների հետ այս աստիճանի սրված հակամարտությունը հազիվ թե նրան քիթ սրբելու ժամանակ թողներ: Բայց չէ, այս խառը օրերին Բլինքենը լավ էլ հասցնում է գերհաճախակի պարբերականությամբ Հայաստանով եւս հետաքրքրվել: Զանգեր Նիկոլին, ու դա հերիք չէ, հիմա էլ Միրզոյան Արարատին են կանչել Վաշինգտոն:
ԹՈՒՂԹ ԷՐ, ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Իր հերթին, ենթադրաբար, պետք է որ քիթ սրբելու ժամանակ չունենար նաեւ Միրզոյան Արոն: Մի կողմից՝ թուրքերի հետ է հաշտվում, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ է «խաղաղության համաձայնագիր» կնքում: Գումարած Արցախը, Հայաստանի ներքին այս քաոսային վիճակը: Ու չնայած այս ամենին, երկարաշունչ՝ հնգօրյա այցով մեկնել է Վաշինգտոն: Եվ քանի որ այդ այցը ՀՀ շարքային քաղաքացիների գրպանի վրա մի կլորիկ գումար է նստելու, գոնե իրավունք ունեն իմանալ՝ ինչո՞ւ, ո՞րն է այս այցի այն նպատակը, որի համար արժեր այդ ծախսերը կատարել:
Բլինքենի հետ հանդիպումն այդ հարցի պատասխանը չտվեց: Այսպես, Միրզոյանն այցի եւ պետքարտուղարի իմաստը նկարագրեց այսպես. «Շատ արդյունավետ հանդիպում: Ուրախ եմ վերադառնալ Վաշինգտոն եւ վերահաստատել ԱՄՆ-ի հետ մեր ամուր գործընկերությունը: Վերջին 3 տասնամյակի ընթացքում Հայաստանը եւ ԱՄՆ-ն զարգացրել են արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ժողովրդավարության, Մարդու իրավունքների հարգման եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»: Բնականաբար, երեւանյան փողոցներում հենց նույն պահին տիրող ոստիկանական աննախադեպ «բեսպրեդելի» մասին «տեղյակ չէր» Միրզոյանը՝ խոսելով «3 տասնամյակի ընթացքում» Հայաստանին՝ ԱՄՆ-ի պարգեւած ժողովրդավարության մասին: Ասենք, երեւի Բլինկենին եւս այդ մասին «չէին զեկուցել», թե չէ նա գոնե մեկ-երկու քաղցր խոսք երեւի Արարատին կասեր: Հա, երեւի «մոռացել» էին նաեւ 44-օրյա պատերազմի օրերին ԱՄՆ-ի «բուռն աջակցության» մասին: Ու երբ այսքանը հանում ենք, հանդիպման մասին երկուստեք ջերմ խոսքերը արդեն սկսում են մի փոքր ավելի «խելքին մոտ» թվալ: Բայց մեկ է, էլի իմաստը պարզ չէր. ինչո՞ւ հանդիպեցին:
Հարցի պատասխանը չտվեց նաեւ ստորագրված համատեղ հուշագիրը, քանի որ բուն այդ հուշագրի թեման իր հերթին միայն անորոշությունները սրեց: Անվանումը սա է՝ «Ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր»: Դե գնա ու գլուխ հանիր, թե այդ ի՞նչ համագործակցություն է եղել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, կամ կարող է լինել ատոմային էներգետիկայի ոլորտում: Հայաստանի միակ ատոմակայանը ռուսական տեխնոլոգիա է, եւ հիմա էլ արդիականացվում է ռուսական տեխնոլոգիայով: Ու այդ ինչպե՞ս է այստեղ ԱՄՆ-ն «ռազմավարական համագործակցություն» ծավալելու: Կամ միգուցե աչքի առաջ ունենալով, որ Պուտինի եւ Նիկոլի վերջին հայտնի հայտարարության մեջ խոսվում էր Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու հեռանկարի մասին, ԱՄՆ-ն «խանդել» եւ իր հերթի՞ն է որոշել մի էներգաբլոկ էլ ինքը կառուցի. չէ, այս մեկը հաստատ չի կարող լինել:
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ինչ-որ անպետք թուղթ են ստորագրել՝ ընդամենը ցույց տալու համար, որ ստորագրեցին: Եվ եթե սրա համար էր Միրզոյանը Վաշինգտոն հասել, ապա կարող ենք ֆիքսել, որ հերթական անգամ հարկատուների փողերը քամուն տվեցին:
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԿԱՆՉԵՑԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ
Բայց չէ, հազիվ թե Բլինկենն իր այս գերզբաղված օրերին Միրզոյանին ընդամենը «չանա թուլացնելու» ու ձեռքի հետ մի ձեւական թուղթ ստորագրելու համար Վաշինգտոն կանչեր: Առավել եւս, որ նա նման մտքեր հնչեցրեց. «Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք, եւ այս հանդիպման հիմնական նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով (այ, հիմա հասկացանք, թե ԱՄՆ-ի ձայնն ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ դուրս չէր գալիս. կորոնավիրուս էր, երկխոսությունը դադարեցրել էին- Հեղ.)… Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գնահատել Հայաստանի վարչապետի ղեկավարությունը եւ նրա կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, շարունակվող առաջընթացը: Ինչպես նաեւ՝ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ բարձր գնահատել այն հեռատեսությունը, համարձակությունն ու ճկունությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով այն ուղղությամբ, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ երկարաժամկետ խաղաղության»:
Այնքան պարզ է ասված, որ անգամ մեկնաբանության կարիք չի զգում: Նախ, չնայած աչքի առաջ տեղի ունեցող ոստիկանական ջարդարարություններին, Բլինկենի համար Նիկոլը մնում է «դեմոկրատական բարեփոխիչ»: Ու այն պարզ պատճառով, որ «ճկունորեն եւ «դուխով՚» հայ-ադրբեջանական հարաբերությունները տանում է «մեր բոլորիս ցանկալի ուղղությամբ»: Միայն թե այստեղ պարզ հարց կա. ո՞ւմ նկատի ունի Բլինկենը՝ «մենք բոլորս» ասելով: Հայ ժողովրդի՞ն: Բայց չէ, դատելով ներհայաստանյան ներկա վիճակից, մեր երկրի բնակչության գերակշիռ մասի համար նիկոլյան ուղղությունն ամենեւին էլ ցանկալի չէ: Բուն ամերիկահայության համար եւս: Համոզվելու համար ընդգծենք Միրզոյանի այցի կապակցությամբ նրան ամերիկահայության կողմից թուրքական դրոշ ու սեւ փշոտ վարդեր մատուցելու փաստը: «Մենք բոլորս» ասելով՝ Բլինկենը հազիվ թե նաեւ ռուսներին նկատի ունենա:
Մնաց Ալիեւը, Էրդողանը, Նիկոլն ու ինքը՝ Բլինկենը: Ուզում է ասել, որ հենց այս «մենք բոլորս»-ի համա՞ր է Նիկոլի «ցանկալի ուղղությունը»: Սա արդեն խելքին մոտ է, համենայնդեպս, այդ դեպքում արժե չտեսնել այն «դեմոկրատական բեսպրեդելը», որն այս պահին ծավալել են նիկոլյան «մենթերը» Երեւանում:
Իսկ թե որն է այդ «ցանկալի ուղղությունը», էլի դժվար չէ կռահել. ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ աջակցություն է հայտնել Շառլ Միշելի ձեռքով առաջ տարվող «Բրյուսելի ձեւաչափին»:
«ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ» ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ
Ամեն դեպքում այն, որ հենց հայ-ադրբեջանական թեմայով են Միրզոյանին կանչել Վաշինգտոն, շատ ավելի պարզ ցույց տվեց նրա եւ ուլտրալիբերալիզմի «ծանր հրետանիներից» մեկի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումից: Ինչքան էլ որ այս մասին եւս պաշտոնական տեղեկատվությունը, մեղմ ասած, խղճուկ էր, սակայն տողատակերում կարելի է շատ բան կարդալ: Այսպես, ըստ հաղորդագրության՝ «Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում եւ Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու գործընթացին: Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարեւորությունը…»:
Այն, որ հայաստանյան պատկան չինովնիկները համառորեն շարունակում են խոսել ՄԽ «համանախագահության աշխատանքների վերսկսման կարեւորությունից», դա մեկ բան է նշանակում՝ այդ ՄԽ կոչվածը մնացել է միայն թղթի վրա: Եվ եթե չկա ՄԽ, սակայն կա հայ-ադրբեջանական բանակցություններ, էլի նույն հարցն է՝ իսկ ո՞ւմ միջնորդությամբ: ՀՀ ԱԳՆ-ի այս հաղորդագրությունը պարզապես հերթական անգամ փաստում է, որ օրակարգում են Սոչիի եւ Բրյուսելի պայմանավորվածությունները: Միայն թե այստեղ մեկ նրբերանգ կա. բրյուսելյան պայմանավորվածություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Այն պարզ պատճառով, որ Բրյուսելում ֆիքսվեց, որ շարունակելու են աշխատել Սոչիի պայմանավորվածությունների ուղղությամբ, գումարած, մեկ-երկու տեխնիկական հստակեցում: Բայց երբ դրանք ներկայացնում են, որպես առանձին գործընթացներ, ապա այստեղ ողջ հարցը հասնում է նրան, թե ի՞նչ վերահսկողությամբ կշարունակվի հետագա գործընթացը՝ «Բրյուսելի ձեւաչափի՞», թե՝ «Եռակողմ ձեւաչափի»: Այն է, Արեւմուտքի՞, թե՝ Մոսկվայի հիմնական միջնորդությամբ:
Չնայած, Բրյուսելի այդ հանդիպման հիշատակված, ավելացված դետալները պատահական չեն: Դրանք սահմանում են բանակցային որոշակի գրաֆիկ, նաեւ՝ «խաղաղության պայմանագիր» առավելագույնս արագ կնքելու պայման, բայց նաեւ առանց Արցախի մասին որեւէ բառի: Կարճ ասած, կկնքվի «խաղաղության համաձայնագիր», եւ ամեն ինչ կհամարվի կարգավորված: Ու այդ դեպքում, ամենակարեւորը, այլեւս չի զգացվի ռուսական խաղաղապահների կարիքը:
Փոխարենը, «Եռակողմ ձեւաչափը» ի սկզբանե նախատեսում էր, որ Արցախի կարգավիճակի թեման կա, որին, սակայն, կանդրադառնան ապագայում, երբ մյուս հարցերը լուծված կլինեն: Ընդ որում, այդ տեսլականը ՌԴ-ն վերահաստատեց նաեւ Նիկոլի վերջին մոսկովյան այցի շրջանակներում: Այսինքն, ռուս խաղաղապահներն անորոշ ժամկետով պետք է մնան Արցախում:
Հասկանալի է, երկուսն էլ Հայաստանի «երազանքների գագաթնակետը» չեն: Միայն թե առաջին տարբերակի դեպքում, եթե խաղաղապահների հեռանալու պահանջ ի հայտ գա, գրեթե անմիջապես կհայաթափվի Արցախը: Երկրորդ տարբերակի դեպքում հայերը կմնան այնտեղ:
Եվ ահա, Բրյուսելի հանդիպումից հետո Մոսկվան հերթական անգամ կարողացավ վերահսկողությունն իր ձեռքին պահել՝ գործընթացները թողնելով երկրորդ տարբերակի՝ «Եռակողմ ձեւաչափի» շրջանակներում: Իսկ ահա Վաշինգտոնում, դժվար չէ նկատել, որ համառորեն փորձում են օրակարգում թողնել «Բրյուսելի ձեւաչափ» տեսլականը, որը հատկապես Նիկոլի մոսկովյան վերջին այցի արդյունքներով կորցրել է իր իմաստը: Թե ինչու, դժվար չէ հասկանալ. ԱՄՆ-ի համար գերխնդիրը նախ՝ խաղաղապահներին Արցախից հանելն է: Իսկ այդ դեպքում հայերը մեխանիկորեն դուրս կգան, Ղարաբաղում կհայտնվեն ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմաբազաները, եւ վերջ, ռուսները կկրեն ծանր պարտություն:
Միայն թե Միրզոյան Արարատը եւ անգամ նրա շեֆ Նիկոլն ինչպե՞ս են այդ հարցը լուծելու, թե՝ վերադառնում ենք «Բրյուսելի ձեւաչափին»: Չնայած, եւս մեկ անգամ կրկնենք. ամեն բան կախված է Ուկրաինայում ռուսների գործողությունների ընթացքից եւ վերջնարդյունքից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ