• 05/05/2022

ԱՄՆ-ՌԴ բախումը դարձել է միանգամայն հավանական

ԱՄՆ-ՌԴ բախումը դարձել է միանգամայն հավանական

«The New York Times»-ը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Վաշինգտոնը Կիևին տրամադրել է հետախուզական տեղեկատվություն, որը հանգեցրել է ռուս սպաների մահվան, որոնց թիվը չի նշվում: Մինչդեռ Միացյալ Նահանգները, իբր, դեմ է «բարձրաստիճան զինվորականների» վերաբերյալ տվյալների փոխանցմանը։ «

Առանց աղբյուրների հրապարակման՝ հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային գաղտնի տեղեկատվություն է փոխանցում մարտադաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին «իրական ժամանակում»։ Այս տեղեկությունը, ի թիվս այլ բաների, ներառում էր ռուսական զորքերի տեղաշարժերի մանրամասներ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության երկրորդ փուլի մասին հայտարարությունից հետո, հայտնում է New York Times-ը։

«ԱՄՆ-ը կենտրոնացրել է ջանքերը տեղանքի տվյալների և այլ մանրամասների փոխանցման վրա՝ կապված հաճախակի տեղաշարժվող ռուսական բանակի շարժական շտաբի հետ։ Ուկրաինացի պաշտոնյաները համատեղել են այս տվյալները սեփական հետախուզական տեղեկատվության հետ, այդ թվում՝ գաղտնալսված հաղորդագրությունների հետ, որպեսզի իրականացնեն հրետանային ռմբակոծություններ և այլ հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել են ռուս սպաներ»,- գրում է թերթը։

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ ուկրաինական բանակի գրեթե բոլոր հարձակումները Ռուսաստանի Դաշնության դիրքերի վրա են իրականացվել ԱՄՆ-ի աջակցությամբ։

Այսպիսով, ամերիկյան հիմնական լրատվամիջոցներից մեկը` «The New York Times» փաստացի պնդում է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է ՌԴ-ի դեմ ռազմական գործողություններում, հաշվի առնելով, որ զորքերի տեխաղաշժի մասին տվյալների փոխանցումը հենց դա է նշանակում: Եվ այն, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հերթական անգամ հիշեցրեց, որ Ուկրաինա զենք տեղափոխող ինքնաթիռները կդիտարկվեն որպես օրինական թիրախ, իր հերթին է ակնարկում, որ ՌԴ-ն նախազգուշացնում է` կընդունի ամերիկյան այդ մարտահրավերը: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի, այդ մասին ավելի լավ է չմտածել: