- 13/05/2022
Վաշինգտոնին այս անգամ էլ չհաջողվեց արցախյան գործընթացը խլել Մոսկվայից
Շարունակվում է «անբացատրելի» մնալ այն հարցը, թե ինչու Նիկոլն այս խառը օրերին հանկարծ վազեց Նիդերլանդներ, այն էլ` երկօրյա այցով: Մի կողմից, Հայաստանի ներքին վիճակն է ամեն պահ վերջնականապես պայթելու շեմին: Մյուս կողմից, չեն դադարում թուրք-ազերիական ճնշումները, ավելի ճիշտ` հենց այս օրերին նորից սկսում են թեժանալ: Եվ երբ այս ամենը թողած, երկրի ղեկավարի աթոռին նստած անձը գնում է օտարերկրյա այցերի, պետք է մեկ բացատրություն ունենա:
ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ Ի՞ՆՉ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Ընդ որում, բացատրությունը բուն այդ այցի պաշտոնական թեմաները չէր: Ամեն դեպքում, Նիկոլն այնտեղ ունեցավ ինչ-որ հանդիպումներ, ելույթներ, որտեղ նույն ստանդարտ հայտարարություններն էին: Ընդունողները եւս իրենց հերթին հրապարակային ելույթներում նույն ստանդարտ մտքերն էին հնչեցնում, որոնք այս փուլում լսել ենք տարբեր այլ երկրներից: Այսինքն, առնվազն միամտություն կլիներ մտածել, որ «ստանդարտությունն» էր այցի նպատակը: Առավել եւս, երբ Հոլանդիայի հայությունը, ինչպես սպասվում էր, «հարամեց» այցը` Նիկոլին դիմավորելով հայտնի կարգախոսներով պաստառներով` «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» եւ այլն, որոնց էլ գումարվեց «Նիկոլ դավաճանի» կարգի վանկարկումները: Հենց միայն այս կանխատեսելի դիմավորումն աչքի առաջ ունենալով, Նիկոլը պետք է որ ձեռնպահ մնար ոչ միայն Նիդերլանդներ, այլ ցանկացած արտաքին այցից: Բայց երբ անգամ այս հավելյալ խայտառակությունը ենթադրելով, նա գնում է նման այցի, իր հերթին է ակնարկում, որ դրա տակ իրականում այլ եւ խիստ կարեւոր իմաստ կա:
Չնայած, դեռ մինչ այցը, դա հասկանալի էր նաեւ, թե ինչու էր ընտրվել հենց Նիդերլանդները` ուլտրալիբերալիզմի եւ, մասնավորապես, բրիտանական ազդեցության առանցքային հենակետերից մեկը: Այսինքն, այս դեպքում եւս «ստանդարտ իրավիճակի» հետ գործ ունենք: Այն է` իրեն լիովին սպառած Նիկոլն այս պահին աշխարհում հետաքրքրություն է ներկայացնում մեկ հարցում` ինչ ուղղությամբ կտանի Ադրբեջանի հետ հայտնի գործընթացը, Արեւմուտքի՞, թե Ռուսաստանի վեկտորին համահունչ: Եվ վերջ, դրանից հետո «մավրին կմնա միայն հեռանալ»: Ավելին, քանի դեռ նա իր այդ վերջին «գործը չի արել», անգամ հեռանալու իրավունք չունի:
Արդեն կարելի է նույնպիսի «ստանդարտ» համարել, թե ինչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն հայ-ադրբեջանական ուղղությամբ: Գրեթե ամեն ինչ նույնն է` սահմանազատում, կոմունիկացիաներ եւ հանրագումարում` «խաղաղության պայմանագիր»: Միայն մեկ «փոքրիկ» տարբերությամբ. ռուսական ծրագիրը նախատեսում է պայմանագրում ֆիքսել, որ այն Արցախին չի վերաբերում: Այսինքն, որ արցախյան հակամարտությունն ապագայում դեռ պետք է հանգուցալուծել, իսկ դա ենթադրում է Արցախում ռուսական զորքերի անորոշ ժամանակով առկայություն` դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ամերիկյան տեսլականը, որը հնչեց Բրյուսելում Նիկոլի եւ Ալիեւի հանդիպման շրջանակներում, եւ որը հետեւողականորեն փորձում է առաջ տանել պետքարտուղար Բլինկեն, ենթադրում է ընդամենը «խաղաղության համաձայնագրի» կնքում, որտեղ Արցախին որեւէ անդրադարձ չի լինի: Իսկ եթե չհոլովվի Արցախը, ապա դա կենթադրի, որ հակամարտություն չկա: Այսինքն, չկա նաեւ Արցախում ռուսական զորքերի կարիքը…
Ի դեպ, մի շարք աղբյուրներ հավաստիացնում են, որ արդեն իսկ փաստացի, փաստաթղթային տեսքով գոյություն ունի «խաղաղության պայմանագրի» այդ երկու տարբերակները, եւ ներկայիս թիվ 1 հարցն այն է, թե կողմերը ո՞րը կստորագրեն: Եվ այն, որ Նիդերլանդների այցի առանցքը Նիկոլին ամերիկյան տարբերակի օգտին վերակողմնորոշելն է, այդ այցի նպատակի մասին հիմնական վարկածն է:
«ԱՌԱՋԻԿԱ ԻՆՉ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐԻՑ» ԽՈՍԵՑ ԲԼԻՆԿԵՆԸ
Այն, որ իրոք բրյուսելյան սխեման առաջ տանելու ուղղությամբ ներկայումս գերակտիվ աշխատանքներ են ընթանում, հիմնավորեց նաեւ նախօրեին կայացած Բլինկեն-Ալիեւ հեռախոսազրույցը: Փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարն ինչ-որ թեմայով թվիթերյան գրառում է կատարում, արդեն իսկ հստակ ազդակ է, որ խնդիրը Վաշինգտոնի առաջնային ուշադրության կենտրոնում է: Ինչեւէ, Բլինկենը գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»: Պետքարտուղարությունն էլ զուգահեռաբար ներկայացրեց մանրամասներ, թե` կողմերը քննարկել են նաեւ «առաջիկա հստակ քայլերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը…»:
Թե այդ երբ են քննարկել, կոնկրետ ովքեր, ինչ «դրական դինամիկա» նկատի ունի պետքարտուղարը, չի բացատրվում: Սակայն այդ միտքը պարզ հուշում է, որ այս պահին ստվերային ակտիվ բանակցություններ կան: Ավելին, որ հասել են մի փուլի, երբ պետք է սպասել «առաջիկա հստակ քայլերի»:
Իսկ ահա Նիկոլը Նիդերլանդներում հայտարարեց. «Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, եւ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»: Այսինքն, արդեն ունենք սահմանազատման հարցով ներկայացուցիչ, որը պատրաստվում է հանդիպել ադրբեջանական ներկայացուցչի հետ: Իսկ դա նշանակում է, որ արտգործնախարարները սահմանազատման հետ գործ չունեն, զբաղվելու են «խաղաղության համաձայնագրով»: Կարճ ասած, սա հաստատում է «առաջիկա հստակ քայլերի» մասին ԱՄՆ-ի ասածը:
Բայց երկու տարբերակներից ո՞ր փաստաթուղթն է առաջնային: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նաեւ նման միտք կա. «Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել` փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում` օգնելու երկրներին գտնել տեւական համապարփակ խաղաղություն»: Եթե պետքարտուղարությունը խոսում է բանակցային տարբեր ձեւաչափերից, ապա դա միգուցե ակնարկ է, որ Վաշինգտոնը դեռ չի տեսնում այն միակ ձեւաչափը, որը կցանկանար: Ասենք, «Բրյուսելյան ձեւաչափը»: Բայց նաեւ, պետքարտուղարությունը բառ անգամ չի ասում «Եռակողմ ձեւաչափի», այդ թվում, դրա շրջանակներում ձեռքբերված նոյեմբերի 9-ի եւ Սոչիի պայմանավորվածությունների մասին, որոնք, ի դեպ, ներկա բոլոր գործընթացների հիմքն են: Նման է սրան` թող «Եռակողմ ձեւաչափը» չլինի, ինչ ուզում է` լինի: Ինչ է, այդպես էլ չե՞ն կարողացել Նիկոլին վերջնականապես համոզել` ստորագրել «Բրյուսելյան ձեւաչափի» հիմքով «խաղաղության պայմանագիրը»:
ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԱՅԻՆ Է
Ասում ենք` Նիկոլին, քանի որ Բրյուսելում առաջարկված «խաղաղության պայմանագիրը» իրոք Ալիեւի երազանքների գագաթնակետն է: Այն միանգամից փակում է ինչպես արցախյան թեման, այնպես էլ Ալիեւի «կոկորդին մնացած փուշ» դարձած խաղաղապահների հարցը: Եվ այն, որ Ալիեւ-Բլինկեն հեռախոսազրույցին զուգահեռ Ադրբեջանում հերթական անգամ սկսեցին խոսել, թե` Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը ժամանակավոր է, դա նույնպես պարզ ակնարկ է, թե որ սցենարն է Ալիեւի համար հոգեհարազատ, եւ հիմա որ ուղղությամբ են աշխատում:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա թեեւ մի կողմից չի կարող վերջնականապես մերժել Բլինկենի խնդրանքը, բայց նաեւ ունի այնպիսի անհաղթահարելի խնդիրներ, որ չի էլ կարող ընդունել: Այն պարզ պատճառով, որը նրան ի ցույց դրվեց Բրյուսելի հանդիպման օրերին. Արցախը մերժում է ցանկացած փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր կլինի հայտարարել, թե հակամարտությունը կարգավորված է, այսինքն` «Բրյուսելի ձեւաչափը»: Նաեւ, որ չեն ընդունելու Նիկոլի ցանկացած ստորագրություն` Արցախի կարգավիճակի մասին: Կարճ ասած, եթե անգամ ծայրահեղ տարբերակով Նիկոլը որոշի ստորագրել եւ «թռնել», դա Բրյուսելի օրակարգն առաջ տանելուն հազիվ թե որեւէ բանով օգնի. Արցախը չի ճանաչի` հենվելով ռուսական բանակի վրա: Իսկ Նիկոլի` ստորագրել եւ իր ստորագրությանը «տեր կանգնելու» համար մնալու տարբերակը քիչ հավանական է, քանի որ դեռ «հանդարտ ընթացքի ռեժիմի» տակ գտնվող ներհայաստանյան պայքարն այդ դեպքում միանգամից «կպայթի»:
Քերոբ Սարգսյան