• 08/06/2022

Հունիսի 9-ի ակցիաներ իրականցնել «Z» պաստառներով. փոխգնդապետի առաջարկը

Հունիսի 9-ի ակցիաներ իրականցնել «Z» պաստառներով. փոխգնդապետի առաջարկը

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին հանդիպում կունենա ՀՀ նախագահի աթոռին գտնվող Վահագն Խաչատուրյանի եւ ՀՀ վարչապետ դեռ իրեն համարող Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ առաջարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման առաջնորդներին այդ օրը երեք ուղղություններով`  նախագահականի, կառավարության եւ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել ակցիաներ` «Z» («За Россию!») եւ նմանատիպ այլ պաստառներով`  ի աջակցություն Ռուսաստանի:

– Դրանով ընդդիմությունը միանգամից երկու մեսիջ կհղի` մեկը ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, մյուսը` Արեւմուտքին: Առաջինն այն, որ վաղն իշխանության գալով` ի տարբերություն այսօրվա դավաճան, սորոսական, թրքասեր, արեւմտամետ եւ հակառուսական իշխանությունների, իրենք հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով ու ջանքերով վերականգնելու, ամրապնդելու եւ ամենաբարձր մակարդակին են հասցնելու հայ-ռուսական բարեկամական, եղբայրական եւ ռազմավարական հարաբերությունները: Երկրորդ` դրանով նաեւ ի ցույց կդնեն ԵՄ եւ ԱՄՆ խուլ ու համր, սորոսական, պառվադեսպաններին, որ ՀՀ ապագա իշխանությունները բացառապես սատարում են Ռուսաստանի Դաշնությանն` Արեւմուտքի դեմ պատերազմում: Չմոռանանք, որ 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի 75 տոկոս օկուպացված տարածքների կապակցությամբ` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձներ էր հղում Ադրբեջանի նախագահին եւ ժողովրդին` իբր իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ավելին` պատերազմի ընթացքում Ադրբեջանին է տրամադրել ֆոսֆորային զենք, որն օգտագործվել է մեր զինվորների դեմ: Եվ այսօր էլ Ուկրաինան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին: Հետեւապես, եթե որեւէ մի պետություն մեր թշնամի պետությանն է սատարում եւ շնորհավորում է մեր հայրենիքը օկուպացնելու համար, պարտավոր ենք հայտնել մեր դիրքորոշումը եւ բացառապես աջակցել ՌԴ-ին: Չուրանանք նաեւ այն, որ 44 օրյա պատերազմի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի կանգնեցնի պատերազմը: Նա երկու անգամ առաջարկել է կապիտուլյանտ Նիկոլին եւ այսօրվա թրքասեր իշխանություններին կանգնեցնել պատերազմը, ինչի հնարավորությունը եղել է: Մինչդեռ կապիտուլյանտը հրաժարվել է այդ առաջարկից: Էլ չասեմ, որ այսօր Արցախի հանրապետության տարածքները եւ մեր արցախահայության անվտանգությունը բացառապես ապահովում է ՌԴ խաղաղապահ զորախումբը: Ուստի` այսօրվա ընդդիմությունը պարտավոր է Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ հղել իր մեսիջը եւ հայտնել իր աջակցությունը ՌԴ-ին` ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված: Ապագա իշխանությունները պետք է ընդգծեն, որ մեզ համար առանջահերթ է մեր դաշնակից պետության հետ հարաբերությունները, որոնք նիկոլական իշխանությունները հասցրել են «պլենտուսի» մակարդակի: Այսօր հակառուսական քարոզ է իրականացվում, փաստացի լրիվ արեւմտամետ քաղաքականություն է վարվում իշխանության կողմից: Այնպես որ, ՌԴ ԱԳ նախարարի այցը շատ լավ հնարավորություն է, որպեսզի ՀՀ գալիք իշխանությունները հստակ դիրքորոշում հայտնեն, թե ինչպիսին է լինելու իրենց իշխանության օրոք Ռուսաստանի հետ հարաբերություները: Սա նաեւ հնարավորություն կտա Ռուսաստանին` հստակ պատկերացում կազմել «Դիմադրություն» շարժման մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ