- 22/06/2022
Ի՞նչ կարող ենք ակնկալել, եթե Թուրքիան իրոք ՆԱՏՕ-ից դուրս գա
Եվ այսպես, Թուրքիան կանգնել է դեպի ԱՄՆ կամ դեպի ՌԴ–Չինաստան խաչմերուկում (տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/25260/): Ո՞ր տարբերակը կնախընտրի, կախված է մեկ պարզ հանգամանքից` որ թեւին Անկարան կհամարի ապագա հաղթող:
Որ կնախընտրի ռուսական ուղղությունը, հուշում են նաեւ ներկա իրողությունները եւ այդ թվում` ուկրաինական պատերազմը, որը թեեւ ձգձգվում է, սակայն դժվար է ենթադրել, որ Մոսկվան այն տանուլ կտա:
Սակայն նման իրավիճակում Հայաստանի համար կա մեկ շատ կարեւոր հարց. իսկ ի՞նչ պետք է սպասել, եթե Թուրքիան իրոք ՆԱՏՕ–ն լքի: Եթե չլքի, ապա մտածելու բան առանձնապես չկա. կունենանք նույն իրավիճակը, որն այս պահին առկա է: Բայց եթե լքի, դա արդեն նոր իրավիճակ կդառնա, աննախադեպ: Ընդ որում, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ` տարածաշրջանային մակարդակով:
Ունի Հայաստանը նման իրավիճակի համար ռազմավարական հաշվարկ. Անկեղծորեն կզարմանայինք, եթե հանկարծ պարզվեր, որ հայաստանյան գործող իշխանական համակարգում ոչ թե անգամ նման հաշվարկներ, այլ առհասարակ այդ մասին մտածող կա: Բայց հեռանկարը կա, ռեալության մեծ մասնաբաժին ունի, ընդ որում` խոսքը ոչ թե սարերի հետեւում գտնվող, այլ` աչքներիս առաջ զարգացող գործընթացի մասին է:
Այսպիսով, ի՞նչ պատկեր կստանանք: Առաջին քայլը, որին Թուրքիան կդիմի` ՆԱՏՕ–ից դուրս գալու դեպքում, ինչ խոսք, ՌԴ–Իրան ուղղությամբ նոր որակի համագործակցության նախաձեռնությունը կլինի: Նման փորձ, ի դեպ, կա՝ Սիրիայի հետ կապված ՌԴ–Իրան–Թուրքիա ձեւաչափը, որին, ի դեպ, ժամանակին Թուրքիան գնաց՝ էլի ամերիկյան կոալիցիայից հետ քաշվելով: Ընդ որում, ինչպես այդ նույն փորձը հուշում է, նման գործակցությանը Մոսկվան եւ Թեհրանն ամենեւին էլ դեմ չեն, հաշվի առնելով նաեւ, որ դա ամրացնում է նրանց դիրքերը ԱՄՆ–ի հետ պայքարում:
Թե ինչ խորության համագործակցության մասին կարող է խոսք գնալ, իհարկե, հիմա որեւէ բան ասելը կլինի գուշակություն: Սակայն ենթադրելի է, որ Թուրքիան կգնա այն ուղղությամբ, որով հիմա շարժվում է Իրանը: Այն է` խորը համագործակցություն ՌԴ–ի ձեւավորած եվրասիական կառույցների հետ, բայց նաեւ հիմնական ուշադրության կենտրոնում պահելով նաեւ Չինաստան–Հնդկաստան ուղղությունը` ելնելով տնտեսական սպասելիքներից: Խոսքը՝ մասնավորապես հայտնի կոմունիկացիոն մեգածրագրերի մասին է, որոնցից «Մետաքսի ուղու>> գործնական մեկնարկի մասին չհայտարարեց նաեւ Չինաստանը` Սանկտ Պետերբուրգի վերջին տնտեսական ֆորումի նախագահ Սիի հղած տեսաուղերձով: Ընդ որում, այս հեռանկարները եւս Թուրքիայի համար հավելյալ շարժառիթ են, որ հետ քաշվի ԱՄՆ–ից, որը սեփական դաշնակցի հետ իսկական տնտեսական պատերազմի մեջ է մտել՝ փորձելով ոչնչացնել թուրքական լիրան:
Եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ, Թուրքիայի համար, իհարկե, առաջնային կդառնա ՌԴ–ին ամենահավատարիմ դաշնակցի կերպարով ներկայանալը: Բայց դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը «նստած տեղը» իր բոլոր խնդիրների լուծումը կստանա:
Նախ չմոռանանք, որ նման կարճատեւ իրավիճակ Հայաստանն էլի տեսել է: 1920թ.–ին, երբ Բոլշեւիկյան Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է դաշինք, եւ այդ հարցով ընթանում էին բանակցություններ, այնուամենայնիվ, մեր այն ժամանակվա իշխանությունները որոշեցին գնալ արեւմտյան ուղղությամբ: Իսկ ահա Թուրքիան, որն Արեւմուտքի հետ այդ պահին խորը հակասությունների մեջ էր, խաղաց ՌԴ–ի ուղղությամբ , եւ արդյունքում Հայաստանն ունեցավ լրջագույն կորուստներ: Ասել, թե 1920թ.–ի համեմատ տարբերությունը շատ մեծ է, սխալ կլիներ: Նման իրավիճակում ինչպե՞ս կվարվի հայաստանյան ներկա իշխանությունը… Չնայած, սա ավելորդ հարց էր, երբ հայտնի չէ անգամ, որ նման հեռանկարների ուղղությամբ մեր իշխանական համակարգում ինչ–որ կերպ մտածում են:
Այնուամենայնիվ, անկախ Հայաստանի դիրքորոշումից, ներկայումս, ի տարբերություն 1920թ.–ի, Հայաստանի արեւմտյան սահմաններին կանգնած է ռուսական բանակը: Իսկ դա հուշում է, որ եթե անգամ մեր ներկա իշխանավորները որոշեն Երեւանն էլ «թուրք եղբայրներին» նվիրել, արաջին հերթին Անկարան կմտածի՝ բացահայտորեն վերցնի՞ նման նվեր, որի դեպքում նաեւ ռուսական ուղղության մասին պետք է մոռանալ: Գումարած նաեւ Իրանին, որը քանիցս կտրուկ դեմ է արտահայտվել տարածաշրջանային սահմանների փոփոխությանը: Չէ, թուրքական քաղաքականությունը, իհարկե, շատ ավելի նուրբ է, որ նման կոպիտ սխալների գնա: Բայց մյուս կողմից էլ, սխալ կլինի մտածել, թե հանուն ռուսների հետ դաշինքի, Անկարան մտքից կհանի պանթյուրքիզմը:
Ըստ ամենայնի, կփորձեն շատ ավելի գրագետ գործել: Ինչ կա որ, պետք եղավ, նաեւ Հայաստանին «եղբայրության» ձոներ կհղեն, թե վերջ, այն սրիկա անգլոսաքսերից պրծանք, հիմա ռուսների հետ ընդհանուր բարեկամությունն է, ուրեմն ապրելու ենք, որպես իրար սիրող եւ հարգող հարեւաններ: Բայց այն, որ այդ ձոների ներքո կփորձեն խցկվել հայաստանյան բոլոր հնարավոր ծակուծուկերը, առավելագույն դիրքեր գրավել, դա էլ է կասկածից դուրս:
Կանխելու համար շատ պարզ բան է պետք, որ Հայաստանը գոնե մի փոքր պետություն դառնա՝ սեփական լավ ու վատի հստակ գիտակցությամբ: Բայց դրան, անկեղծ ասած, կասկածում ենք, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ միայն Նիկոլն ու իր խունտան չեն:
Երկրորդը, որ նման նուրբ թուրքական արշավանքը եւս կանխի Ռուսաստանը, գոնե իր դիրքերը չվտանգելու մտավախությունից ելնելով: Բայց նաեւ ասել, թե ռուսական դիվանագիտությունն իր նրբությամբ փայլում է եւ թուրքական նման ինտերվենցիայի դեպքում հաջողությամբ կկիրառի «գրկելով՝ խեղդել» ռազմավարությունը, էլի դժվար է ասել: Իրողությունն այն է, որ ինչպես նաեւ այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, ռուսական էլիտայում էլ դավաճանների պակաս չկա: Մի մասը որոշեց «թռնել», մի մասը, անշուշտ, դեռ գործում է՝ բոլորից բարձր գոռալով պատրիոտիզմի մասին: Ու քանի դեռ չի ավարտվել ռուսական էլիտայի ու պետական համակարգի մաքրումը, քանի դեռ հստակ չեն մատնանշվել պետական շահերը, այդ թվում՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների համար, եւ հստակ չեն դարձել դրանց հասնելու ռազմավարական ուղիները, դժվար է ասել, որ թուրքական էքսպանսիային հաջող հակագրոհ կլինի:
Կարճ ասած, մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի լավ տարբերակ: Որ Թուրքիան մնա իր ստանդարտ դիրքո՞ւմ՝ ՆԱՏՕ–ո՞ւմ, որը գոնե ռուսներին ստիպում է վտանգ զգալ: Թե՞ ավելի վատ կլինի, երբ Թուրքիան սկսի ռուսների հետ եղբայրություն խաղալ՝ վերածվելով գառան մորթի հագած գայլի:
Քերոբ Սարգսյան